Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ եղբոր՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին (Տեսանյութ)

Մարտ 05,2013 16:45

Այն, որ Վազգեն Սարգսյանի փոքր եղբայրը՝ Արմեն Սարգսյանն անցած նախագահական ընտրություններում հրապարակայնորեն սատարեց ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, միանշանակ չընկալվեց: Մանավանդ, որ Սարգսյանների մյուս եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արմատական ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, իսկ իր վերջին հարցազրույցներից մեկում էլ կարծիք էր հայտնել, որ սա ոչ թե ընտրություն է, այլ՝ տունտունիկ:

Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ինքը Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը: «Ես շատ կցանկանայի այդ հարցը տալ Վազգենին: Չգիտեմ՝ Վազգենն ինչ կպատասխաներ այդ հարցին: Շատ քիչ հարցեր կան, որոնց պատասխանը չգիտեմ, թե ինչ կասեր Վազգենը: Դժբախտաբար, մեր բարեկամները, հարազատները միշտ չեն այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում իրենց տեսնել: Ես առաջինը չեմ, վերջինը չեմ. աշխարհի պատմությունը լիքն է նման օրինակներով՝ սկսած Աստվածաշնչից: Դա էդպես է, փաստ է, որ էդպես է: Չգիտեմ,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով,- ինձ համար տխուր է, որ էդպես է, որ իմ կրտսեր եղբայրը չի կիսում իմ քաղաքական մոտեցումները»:

Հետաքրքրվեցինք՝ Արամ եւ Արմեն Սարգսյանները զրույց ունեցե՞լ են այդ առիթով: Արամ Սարգսյանն ասաց, որ եղբոր հետ այդ թեմայի շուրջ զրույց ունեցել են. «Իհարկե, իմ տեսակետները ներկայացրել եմ, բայց Արմենը դեռ այն ժամանակ՝ 2003 թվականի դեպքերից հետո էլ հարցազրույց տվեց եւ իր մոտեցումներն ասաց, 2008-ին էլ իր մոտեցումներն ասաց: Այնպես որ, այստեղ նորություն չկա: Ուղղակի, ամեն անգամ, նման տեսակետներ ասելուց հետո հասարակությունը նորից զարմանում է՝ թե ինչո՞ւ է էդպես: Ես չեմ զարմանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031