Լրահոս
Օրվա լրահոսը

Համ պետության բեռն են թեթեւացնում, համ էլ` տաքսու վարորդների

Մարտ 14,2013 17:59

Այսօր «Վարորդների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել է, որ բազմաթիվ տաքսիների վարորդներ դեմ են կառավարության օրենսդրական այն նախաձեռնությանը, ըստ որի, պետք է վերացվեն տաքսիների դեղին համարանիշները. Սրանք փոխարինվելու են կպչուն կտրոններով:

Նշենք, որ փոփոխության նախաձեռնությունը կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնինն է, եւ արձագանքելով տաքսիների վարորդների դժգոհություններին, կենտրոնի գլխավոր իրավաբան Գեղամ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության, թե վարորդների եւ թե պետական հիմնարկների գործը թեթեւանում է: Պարոն Գեւորգյանի ներկայացմամբ` «Ինքնակպչուն կտրոններով դեղին համարները փոխարինելով, միանշանակ բերելու է ֆինանսական բեռի թեթեւացման, որովհետեւ դեղին համարների համար այսօր վճարում են 17 հազար դրամ պետական տուրք, իսկ կտրոնները լինելու են անվճար: Մյուս մտահոգությունը, որ հայտնում են տաքսու վարորդները` իրենց պատկանող սպիտակ համարների համար հնարավոր է գումար գանձվի: Դա եւս պետք է անվճար լինի: Անձը, երբ հանձնի դեղինը, սպիտակ համարանիշը տրվելու է անվճար»:

Բացի այս, ըստ կենտրոնի իրավաբանի, վարչարարությունն է կրճատվելու. ներկայումս քաղաքացին ստիպված է գնալ կապի եւ տրանսպորտի նախարարության լիցենզավորման բաժին, հետո գնա փաստաթուղթ վերցնի ճանապարհային ոստիկանությունից եւ այլն, այս ամբողջ գործընթացը տեւում է 7-10 օր եւ անձը շփվում է 2 պետական մարմինների հետ. «Իսկ ինքնակպչուն կտրոնների ներդրումով այդ վարչարարությունը վերանում է, այսինքն`հենց նախարարության կողմից է անմիջապես տրվելու: Դեղին համարները խոչընդոտ են Հայաստանից այլ երկիր դուրս գալու համար: Այս խնդիրն էլ կվերանա, կհեշտացվի նաեւ պետական մարմնի վրա դրված բեռը` դեղին համար տպելը եւ սպիտակ համարների` պահեստներում պահելը»: Ինչ վերաբերում է վարորդների մեկ այլ դժգոհությանը, որ դեղին համարներով ուղեւորները կողմնորոշվում էին եւ վստահություն ունենում, ապա պարոն Գեւորգյանն ասաց. «Տաքսիի անհատականացման նշանն ընդամենը մեքենայի հարկային դաշտ մտնելու նշան է, իսկ գլխին դրված ու շախմատաձեւ նշանները մնալու են»:

Arvaot.am-ի այն հարցին՝ եթե հնարավոր էր այդպես հեշտ ու քիչ ծախսերով տաքսի շահագործել, ինչո՞ւ տարիներ առաջ մարդկանց ստիպեցին ծախսեր անել` դեղին համար ստանալ, իսկ այսօր այդ ծախսերն անիմաստ են դառնում, իրավաբանն ասաց. «6 տարի առաջ ստվերը շատ էր, այդ ոլորտում էլ նույնպես տաքսիներն անօրինական դաշտում ավելի շատ են եղել; Այն ժամանակ հսկողությունը պետք է լիներ ու դեղին համարանիշներ արեցին, որպեսզի հսկողությունը հեշտ լինի, իսկ հիմա էականորեն ավելացել է օրինական դաշտում աշխատող մեքենաների թիվը: Հիմա կարելի է այս մեխանիզմով հեշտ վերահսկել, բացի այս, նաեւ նախարարության բեռն էլ է թեթեւանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031