Լրահոս
Օրվա լրահոսը

Նոնո-2 ե՞ն վերարտադրում (Տեսանյութ)

Մարտ 15,2013 18:12

bnapahpannerԱյսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար բնապահպանության նախարարությունում մրցույթն է, որը նախապես նախարարությունից վստահեցրել էին, որ այն լինելու է բաց եւ թափանցիկ: Սակայն, նախարարությունն արգելեց լրագրողներին եւ բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչներին եւ բնապահպան-ակտիվիստներին ներկա գտնվել եւ անձամբ համոզվել մրցույթի թափանցիկությանը:

Aravot.am-ը նույնպես նախարարության լրատվական ծառայությունից նախապես հետաքրքրվել էր, հնարավո՞ր է ներկա գտնվել մրցույթին, մեզ վստահեցրել էին` այո, խնդիր չկա:

Բնապահպանների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների բարձրացրած աղմուկից հետո միայն թույլատրվեց ներկա լինել մրցույթին, այն էլ`օպերատորներին եւ ընդամենը 5 րոպեով` կադրեր անելու համար: Մրցույթին ներկա լինելու արգելքը, բնապահպանների մոտ կասկածի տեղիք է տալիս, որ այն ամենեւին էլ թափանցիկ չի լինելու եւ ըստ էության, նախարարն ուզում է այնպես անել, որ առանց որեւէ խոչընդոտի իր նախընտրած թեկնածուն հաղթող լինի:

Բնապահպանների եւ լրատվամիջոցների հետ հանդիպեց նախարարության ներկայացուցիչը, որն ասաց, որ մրցույթին կարող ենք հետեւել ուղիղ հեռարձակմամբ, նախարարության շենքի վերջնամասում գտնվող գրադարանում, սակայն նկատենք, որ ուղիղ հեռարձակման մասին նախարարությունը նախապես չէր հայտարարել, եւ գոնե ԶԼՄ-ները կարող էին գրասենյակում էլ ինտերնետի միջոցով հետեւել ընթացքին, որը սակայն այնքան անորակ էր, որ գրեթե ոչինչ չէր հասկացվում:

«Մենք էլ ինտերնետ ունենք, եւ կարող էինք տանից նայել, մենք ուզում ենք անձամբ ներկա գտնվել»,-բնապահպանության ներկայացուցչին ասաց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, իսկ նախարարության ներկայացուցիչն էլ հակադարձեց` «Հո շոու չի՞, որ ներկա գտնվեք»: «Մենք չենք ուզում վերարտադրվի Նոնո 2 սերիալը, այ դրա համար էլ ուզում ենք ներկա լինել: Պահանջում ենք ներս մտնել, եթե ոչ, ուրեմն ասեք` որ մրցույթը արդար չէ»,-ասաց Մարիամ Սուխուդյանը:

Նախարարությունից վստահեցրին, իբր թե նախորդ մրցույթին լրատվամիջոցները ներկա են եղել, քանի որ թեկնածուների թիվը մեծ չէր, իսկ այս անգամ շատ են եւ բնապահպանների ու լրատվամիջոցների ներկայությունը կկաշկանդի թեկնածուներին. «Մենք պարտավոր ենք ապահովել դիմողներին հանգիստ, որ իրենք կարողանան հարցերին պատասխանել, որովհետեւ իրենց կողմից կարող է բողոք լինել»:

Տնօրենի թեկնածուներից մեկի` Լուսինե Կարապետյանի ամուսինն էլ կարճ ժամանակով ներկա է եղել մրցույթի ընթացքին, հետո դուրս են հրավիրել: Լրատվամիջոցների հետ զրույցում նա իր վրդովմունքն արտահայտեց, կասկած հայտնելով, որ մրցույթը փակ են անցկացնում, որպեսզի հաղթող լինի արգելոցի ներկայիս տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը. «Էսօր էլի թեկնածու եք ներկայացրել, որը 8000 հեկտար անտառ ա կտրել»:

Մի ուշագրավ փաստ էլ արձանագրվեց. 11 թեկնածուներից Ալբերտ Դումիկյանին թույլ չտվեցին մասնակցել մրցույթին` պատճառաբանելով, որ նա Հայաստանի քաղաքացիություն չունի: Ըստ բնապահպանների, նա լավագույն թեկնածուն էր, քանի որ երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, ունի գիտական կոչում եւ որպես մասնագետ մեծ ճանաչում ունի. «Խոսրովի արգելոցը գիտական միավորում է եւ չի կարելի պատահական մարդ ու ոչ մասնագետ բերել, իսկ ներկայիս պաշտոնակատարը, որին ուզում են անցկացնել` մասնագետ չէ»:

Բնապահպանների հետ մեր այս խոսակցությանը միջամտեց նաեւ տնօրենի թեկնածուներից մեկի ամուսինը եւ ասաց` «Նա արդեն էդ հիմնարկի խալադելնիկն ու կամպյուտորը տարել ա: Այն, ինչ ես ասում եմ` պատասխանատու եմ: Ամբողջ Իջեւանի անտառները վերացրեց: Հերիք ա էլի, թող գնա»:

Մրցույթն այս պահին դեռ չի ավարտվել, արդյունքների մասին` առաջիկայում:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031