Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդական Եվրատեսիլը, արտագաղթն ու Գյումրվա անօթեւանները

Մայիս 16,2013 19:55

Այսօր Գյումրի այցելած Շվեդիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսենը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեցին հենց այս թեմաներից:

Տիկինը թեեւ առաջին անգամ էր այցելում Գյումրի, սակայն այնքան իրազեկ էր քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներից, որ զարմացրեց անգամ տեղի լրագրողներին: Դեսպանը նշեց, որ որոշել է գալ ու ծանոթանալ Գյումրիին` որպես սահմանային քաղաքի: Սամվել Բալասանյանն էլ իր հերթին հավելեց. «Եթե Հայաստան եք գալիս ու Գյումրին չգիտեք, ուրեմն ինչ-որ բան պակաս է մնացել»: Այնուհետ քաղաքապետը ներկայացրեց Գյումրին, ներողություն խնդրեց սարքվող ու դժվարանցանելի փողոցների համար: «Մեր քաղաքը 3000 տարվա պատմություն ունի, նույնիսկ 5000 տարվա, սահմանակից է երկու պետություններին: Ներողություն էսպիսի ճանապարհների համար, եթե հաջորդ անգամ գաք, իսկ ես վստահ եմ, որ կգաք, կտեսնեք, որ մեր քաղաքը իրոք շատ գեղեցիկ է: Այս գեղեցիկ քաղաքը ավերեց երկրաշարժը, այն տեւեց 41 վայրկյան, բայց երեւի թե 41 տարի է պետք վերականգնելու համար: Երկարաշարժն ավերեց Գյումրու բնակֆոնդի 60 տոկոսը, արտադրական պոտենցիալի 50 տոկոսը, ԽՍՀՄ-ի փլուզումն էլ ազդեց արտադրական պոտենցիալի վրա: Փորձում ենք նոր աշխատատեղեր ստեղծել, բայց գործազրկության խնդիր կա քաղաքում, մարդիկ արտագաղթում են հիմնականում դեպի Ռուսաստան եւ Եվրոպա: Շվեդիան 6000-անոց հայկական համայնք ունի, նրանց մեջ կան նաեւ գյումրեցիներ: Շվեդների հետ մեր հարաբերությունները սկսվել են միջնադարից»,-այսպես խոսեց Սամվել Բալասանյանը:

Նա նաեւ ասաց, որ փորձում են Գյումրիում զարկ տալ մանր ու միջին բիզնեսի, սպորտի ու տուրիզմի զարգացմանը, եւ առաջարկներ ունեն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Հոլանդիայից: «Ինչո՞ւ ենք ուզում ուշադրություն դարձնել սպորտին, այս փոքր քաղաքը տվել է աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ»,- հպարտացավ քաղաքապետը:

Դեսպանը, որի նստավայը Թբիլիսում է, հետաքրքվեց, թե Սամվել Բալասանյանը կապեր ունի՞ Վրաստանում գտնվող հայերի հետ: Գյումրու գործարար քաղաքապետը անմիջապես ասաց, որ ինքը գարեջրի գործարան է հիմնել Ջավախքում, 150 աշխատատեղեր է ստեղծել, եւ խոստացավ մի օր տիկին դեսպանին անպայման հրավիրել Ջավախք` իր գարեջրի գործարան: Այսպիսի նախաբանից հետո Դիանա Յանեսը անցավ Գյումրու սոցիալ-տնտեսական խնդիրներին: Դեսպանը քաղաքապետից հետաքրքրվեց, թե ունե՞ն տվյալներ` քանի՞ հոգի է լքել Գյումրին: «Եթե լավ ուսումնասիրություն կատարեն, լուրջ արտագաղթ է նկատվում: Եթե մարդը բնակվում է այստեղ, նա հարկատու է, բայց եթե տեսնում ենք, դռները փակ են, ուրեմն արտագաղթել է: Արտագաղթն էլ, բնականաբար, վատ է անդրադառնում պետության զարգացման, ապրանքաշրջանառության վրա, ու պիտի փորձենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ չգնան»,- մտահոգվեց Սամվել Բալասանյանը:

Տիկին դեսպանը շարունակեց հարցախեղդ անել քաղաքապետին. «Ինչո՞ւ են թողնում- հեռանում այստեղից եւ հետաքրքիր է իմանալ` ամբողջ ընտանիքո՞վ են մեկնում»: Սամվել Բալասանյանը անկեղծորեն խոստովանեց. «Սկզբում տան տղամարդն է գնում, մի 2-3 տարի հետո ընտանիքին է տանում, եթե սովետական տարիներին գնում, աշխատում, հետ էին գալիս, այն ժամանակ աշխատանքային միգրացիա էր, այժմ ուրիշ է: Միգուցե հայրենիքում թողնեն ծեր հորն ու մորը, բայց ես, լավ իմանալով հայի մենթալիտետը, վստահ եմ, եթե այստեղ պայմանները լավանան, նրանք անպայման հետ կգան: Գյումրեցիները միշտ հպարտացել են Գյումրիով, բայց հիմա այսպիսին է գյումրեցու ճակատագիրը, ի՞նչ ասեմ»:

Gjumri-2

Շվեդիայի դեսպանը հարցրեց նաեւ Գյումրու անօթեւաններից.«Ես տեղեկություններ ունեմ, որ մարդիկ դեռ ապրում են տնակներում, ճի՞շտ է»: Սամվել Բալասանյանը պատասխանեց, որ այս պահին դեռ 4000 անօթեւաններ ունեն, թեեւ նախկինում շատ են եղել, եւ որ փաստն այն է, որ քաղաքում դեռ տնակային թաղամասեր գոյություն ունեն: Շվեդիայի դեսպանը նաեւ հետաքրքրվեց` քանի՞ գործազուրկ կա Գյումրիում: Սամվել Բալասանյանը նշեց, որ գործազուրկ են քաղաքի 60 տոկոսը, Գյումրին ու առհասարակ Շիրակի մարզը համարվում է  գործազրկության ամենաբարձ ցուցանիշ ունեցող տեղանքը: Տիկին դեսպանը շարունակեց , թե այդ դեպքում ինչպե՞ս է քաղաքապետը պատրաստվում լուծել այդ հարցը: Սամվել Բալասանյանը ստիպված եղավ խոստովանել, որ գյումրեցիները ապրում են տրանսֆերտների հաշվին, մեծ մասամբ Ռուսաստանի իրենց հարազատներից են գումար ստանում, իսկ իրենք փորձում են քաղաքում զարգացնել սպորտը, տուրիզմը. մշակութային մայրաքաղաք է հռչակվել Գյումրին: Փորձում են նաեւ մանր ու միջին բիզնեսին զարկ տալ: «Դրա համար էլ կես կատակ-կես լուջ ասում են` Գյումրու քաղաքապետ լինելը աշխարհում ամենադժվար գործն է»,-կատակեց քաղաքապետը:

Շվեդիայի դեսպանն իր հերթին առաջարկեց ուսումնասիրել Գյումրիին սահմանակից հարեւան Վրաստանի տուրիզմը զարգացնելու փորձը ու ներդնել Հայաստանում: Նա ակնարկեց, որ Վրաստանը 1 միլիոն այցելու ունի: Ասաց նաեւ, որ Շվեդիան 20 միլիոն դոլարանոց ծրագիր է իրականացնում Վրաստանում` ժողովրդավարության, շրջակա միջավայրի ու առեւտրի զարգացման համար: Դեսպանը նաեւ ասաց, որ թե Հայաստանը եւ թե Վրաստանը Եվրամիության համար համարվում են հեռավոր երկրներ, սակայն քաղաքական հետաքրքրություն կա այս երկրների նկատմամբ: Նա նաեւ շեշտեց, որ Եվրամիության`վիզաների ռեժիմը թեթեւացնելը դրական քայլ է, դա կնպաստի, որ ՀՀ-ում էլ Շվեդիայի դեսպանատուն բացվի: Երբ հյուրերը հրաժեշտ էին տալիս, Գյումրու քաղաքապետը հիշեցրեց, որ այսօր Շվեդիայում կայանալու է Եվրատեսիլը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այլանդակ օլիգարխիայի կողմից ՀՈՇՈՏՎԱԾ Հայաստանյան մի խղճուկ քաղաքի տխուր-ողորմելի պատկերը: Կեցցեն օլիգարխների մուլտի-միլիոն դոլարանոց եկեղեցիները:

  2. Սվետա says:

    հետաքրքիր, արդյոք գիտի պարոն Բալասանյանը, թե քանի տարում վերստին կառուցվեց Գերմանիան պատերազմից հետո՞

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031