Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգսախեղդ Գյումրին ու քաղաքապետի համեստ աշխատավարձը․ որքա՞ն գումար է ստանալու Վարդգես Սամսոնյանը

Հունվար 03,2024 19:33

Գյումրու քաղաքապետի աշխատավարձն այս տարվանից կավելանա՝ դառնալով 431 հազար դրամ։

Ինչպես մեկնաբանում է Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը, ըստ օրենքի, համայնքապետի աշխատավարձը պիտի կազմի Ազգային Ժողովի պատգամավորի աշխատավարձի 85 տոկոսը, սակայն իրենք այդքան հնարավորություն չունեն, հետևաբար և Վարդգես Սամսոնյանը կբավարարվի 431 հազար դրամով։

Գյումրու քաղաքապետի աշխատավարձը 2021 թվականի փետրվարի 9-ին ամսական սահմանվել էր 340 հազար դրամ, որից միայն 22 տոկոս եկամտահարկ էր փոխանցվում, 3,5 տոկոս՝ կենսաթոշակային ֆոնդ, 5500 դրամ՝ դրոշմանիշային վճար։ Քաղաքապետը ստանում էր 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ։

Մյուս աշխատակիցների աշխատավարձի չափը, ըստ օրենքի, ուղղակիորեն կախված է քաղաքապետի աշխատավարձի չափից։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափի վերաբերյալ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշումը ուժը կորցրած ճանաչվեց ու սահմանվեց վարձատրության նոր չափը։

Գյումրու համայնքապետարանում աշխատակիցների աշխատավարձը 2020 թվականի հունվարից կավելանա 15 տոկոսով, օրինակ՝ գլխավոր մասնագետը կստանա 147 հազար դրամ այսպես ասած կեղտոտ աշխատավարձ, որից կփոխանցվեն եկամտահարկը, կենսաթոշակային ֆոնդի համար գանձվող գումարն ու այսպես ասած զինվորի հարկը։

Նշենք, որ Գյումրու համայնքապետարանում աշխատակիցները չափազանց ցածր աշխատավարձ են ստանում։

Օրինակ՝ «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն առաջարկում է աշխատավարձը բարձրացնել ոչ թե 15 տոկոսով, այլ 30։

Ըստ նրա, ոչ միայն բավարար չէ Գյումրու համայնքապետի աշխատավարձը, այլ մասնագետներինը, որոնց ստացածը բավարար չէ հագուկապի, ամենօրյա տրանսպորտի ու ընդմիջմանը սնվելու համար։ Ըստ նրա, ստացվում է, որ մարդը, հասնելով աշխատավայր, ստանում է 0 դրամ։ Իսկ նման աշխատավարձը շահագրգիռ չէ, որ լավ մասնագետները ձգտեն աշխատելու քաղաքապետարանում կամ եղած մասնագետներն էլ իրենց վրա աշխատեն ու լավ արդյունքի հասնեն։

«Գյումրեցի աշխատողն ինչո՞ւ պիտի Արթիկի, Ախուրյանի աշխատակցից էդքան ցածր ստանա», – ասում է Վարդևան Հակոբյանը։

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, սակայն, նշում է, որ առաջարկը կարող են քննարկել տարվա ընթացքում, գուցե հնարավոր լինի շատ ավելի բարձրացնել․ 15 տոկոսից բացի բարձրացնել ևս 25-30 տոկոսով։ Այդ դեպքում կստացվի 40-45 տոկոս բարձրացում։

«Որքան շատ գումար ստանան, մենք կկարողանանք իրենցից աշխատանք պահանջել։ Մենք այդ ամենը ընդունում ենք, բայց քանի որ նախնական 15 տոկոս ենք բարձրացնում, 2 ամիս հետո նորից կվերանայենք և կփորձենք էլի բարձրացնել», – ասում է քաղաքապետը։

Աշխատավարձերի բարձրացմանը կողմ են նաև ավագանու մյուս խմբակցությունները։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասել էր Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի միակողմանի դադարեցման պատճառներից մեկը սահմանված աշխատավարձերի շուրջ եղած տարաձայնությունն էր։

«Մեզ համար անընդունելի է, երբ որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը Հայաստանում վերջից երկրորդ կամ երրորդ տեղում է, եթե ոչ առաջին, բայց քաղաքապետարանում միաժամանակ աշխատում էր 270-280 մարդ՝ ստանալով ամենացածր աշխատավարձը՝ բերելով ոչ արդյունավետ կառավարման։ Մենք բազմիցս բարձրացրել ենք աշխատավարձերի բարձրացման հարցը», – ասել էր Դավիթ Առուշանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031