Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի նախկին ոստիկանապետի դուստրը դատարան էր ներկայացել` առնետների կրծած շորերը ձեռքին

Մայիս 23,2013 22:53

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով վկայություն տվեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի քույրը` Մելանյա Սարգսյանը:

Այսօր նրան ոստիկանները բերման էին ենթարկել, թե եւ օրիորդը նեղվեց, թե ինքը ամենեւին մտադրություն չուներ դատարան չներկայանալու, հատկապես, երբ հարցը իր եղբորն էր առնչվում: Անիի նախկին ոստիկանապետի դուստրը պատմեց, որ սպանության օրը իրեն ու մորը ոստիկանություն հրավիրելով, քննիչները ասել են, թե սպանվել է Գյումրու այդ ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստրը եւ որ բոլոր տղաներին հավաքում են, այդ թվում նա եւ Հարություն Սարգսյանին: Այնուհետ քննիչները համոզել են Մելանյային ցուցմունք տալ, որ իր եղբայրը խենթի պես սիրահարված է եղել Վարդան Ղուկասյանի դստերը, եւ քանի որ սիրահարված է եղել, ուստի եւ չէր կարող նրան սպանել:

Մելանյան Սարգսյանը հրաժարվել է նման բան գրել, որին ի պատասխան, քննիչները զարմացել են, թե «շատ անջիգյար աղջիկ ես, հեչ չես ուզում եղբորդ օգնել»: «Ես ասացի, որ իմ եղբայրը Վարդան Ղուկասյանի դստերը չի ճանաչում», -ասաց Մելանյան: Այնուհետ նա պատմեց, որ երբ հարցաքննել են իրենց, գիշերվա կեսին ոստիկանները տուն են ուղեկցել եղբորը շորեր բերելու համար: «Ես շորեր բերեցի եղբորս, երբ ներս մտա տալու, տեսա Հարությունը նստած է` կոշիկները հանած, որ բարձրացավ, տեսա, որ ոտքերը հազիվ բարձրացրեց, չկարողացավ իմ բերած կոշիկները հագնել, հագը չեղավ, հարցրեցի Հարություն քեզ ծեծե՞լ են, ձայն չհանեց, մեջքն էլ փոշոտված էր», -պատմեց քույրը: Նա ասաց, որ իր նախաքննական ցուցմունքը ոնց որ թելադրություն լիներ, քննիչն էր թելադրում ու պարտադրում գրելու: Մելանյա Սարգսյանի պատմելով, իրեն ոստիկանությունում հոգեբանական ճնշման են ենթարկել`ասելով կամ կգրես, կգնաս, կամ չես գրի ու կմնաս:

Վկայի պատմելուց հետո, սկսվեց հարց ու պատասխանը: Նշենք, որ Մելանյա Սարգսյանը աշխատում է Սանէպիդ կայանում` որպես բժիշկ-լաբորանտ: Տուժողի իրավահաջորդի` Անահիտ Իսկանդարյանի շահերի պաշտպան պարոն Մելքոնյանը նրանից հետաքրքրվեց կրծողներով, հարցրեց, թե որպես Սանէպիդի աշխատակից ի՞նչ կասի, ի՞նչ մեթոդներ կան առնետներին ոչնչանցնելու: Վկան թեեւ ասաց, որ կրծողների ոչնչացմամբ Սանէպիդը չի զբաղվում, սակայն բացատրեց, որ մի քանի մեթոդներ կան:

P1022302

Իհարկե, տուժողի իրավահաջորդի հարցը պատահական չէր, բանն այն է, որ օրեր առաջ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը իր վկայության ժամանակ նշել էր, որ իրենց տանը հարակից հացի փռից առնետներ են լցվում իրենց տուն, եւ իր կնոջ խնդրանքով որդին` Հարություն Սարգսյանը օգտագործել է իրեն պատկանող ու պաշտոնապես գրանցված զենքը ու մի անգամ առնետներին ոչնչացրել է` կրակելով:

Մելանյա Սարգսյան ասաց, որ այո, նման բան եղել է, թեեւ միշտ կրծողների դեմ պայքարի այլ մեթոդներից են օգտվել: Ըստ նրա, կրծողները անչափ խելացի են, եթե մեկը դեղից թունավորվում է, սատկելուց առաջ ճչոցով նախազգուշացնում է մյուսներին, հետեւաբար եւ պայքարի մեթոդները պետք է փոխել: Որպես ապացույց, որ իրենց տանը իրոք կրծողներ են հայտնվում, աղջիկը դատավոր Մարտին Սարոյանից ներողություն խնդրեց ու բերեց-ցույց տվեց տան կրծած շորերը: Դատախազը մի պահ վատ զգաց`հարցնելով, թե ո՞վ այդ շորերը նրանից պահանջել, ո՞վ թույլատրեց բերել: Դատավորն ասաց, որ ինքը չի թույլատրել, իսկ Մելանյա Սարգսյանը փոխանցեց, որ սա բնական բան է, եթե կրծողներ կան, ու կան ապացույցներ, ուրեմն պետք է ներկայացնել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031