Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական ակտիվությո՞ւն, թե՞ հօգուտ ուսանողների նախաձեռնություն

Հուլիս 31,2013 13:24

Այս ուսումնական տարվանից ՀՀ պետական որոշ բուհեր թանկացրել են որոշ մասնագիտությունների գծով ուսման վարձավճարները: Պետական բուհերում ուսման վարձավճարներն աճել են 100-200 հազար դրամով: 
Այս որոշումն առաջացրել է երիտասարդների դժգոհությունը: Արդեն ստեղծվել է «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, որտեղ տարբեր երիտասարդներ հանդես են գալիս «Չենք վճարելու», «Մենք դեմ ենք ամեն մի վճարի բարձրացմանը», «Մի քամեք ուսանողներին, չենք հանդուրժելու» և այլ կարգախոսներով:
Ինչպիսի՞ գնահատական տալ ուսանողական դժգոհության այս ալիքին: Aravot.am-ի հետ զրույցում ուսանողների համար նաև կրթական ծրագրեր իրականացնող ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն այս հարցի կապակցությամբ կարծիք հայտնեց, որ «խնդիրը որոշակի ակտիվություն պահելն է, չասեմ քաղաքական, բայց հասարակական ակտիվություն»: Կ. Ավագյանը կանխատեսումներ անելով նշեց, թե «այս պարագայում չեմ կարծում` կստացվի»:
Մեր զրուցակցի համար անհասկանալի է, թե ովքեր են պայքարում` ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման: Այս առիթով նա մանրամասնեց. «Եթե անգամ ուսանողներն են պայքարում, ապա ունեն ինֆորմացիայի պակաս: Փոփոխությունները միայն այս տարի ընդունվողների համար են լինելու, այն էլ ոչ բոլոր բուհերում և ֆակուլտետներում: Ավելին, անգամ իմանալով, որ վարձավճարների փոփոխություն է եղել, մարդիկ դիմել են այդ ֆակուլտետներ և նաև այդտեղ բարձր մրցույթ է գրանցվել: Ուստի հասկանում ենք, որ գործ ունենք արհեստական երևույթների հետ: Երբ բարձրացնում են կրթության որակի և դասախոսների աշխատավարձի մասին խնդիրներ, հարց է ծագում, թե դասախոսի աշխատավարձն իրենք ինչպե՞ս են պատկերացնում բարձրացնել, երբ բուհերը ինքնավար մարմիններ են և հիմնական աշխատավարձային ֆոնդը արտաբյուջեով են ձևավորում, ինչը գոյանում է ուսման վարձերից: Այս հակասական կետերը ևս ցույց են տալիս, որ ակտիվությունն արհեստական է »:
Առաջ անցնելով` պարոն Ավագյանը նշեց. «Ընդհանրապես ուսման վարձերի հետ կապված նման որոշումները կայացվում են բուհերի գիտական խորհուրդների կողմից, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն է որոշում այս կամ այն բարձրացումը, ինչը ևս վրիպել է մեր ակտիվիստների ուշադրությունից»: Կ. Ավագյանը վստահեցրեց, թե ՀՀ-ում չկա մի մարդ, ով ուզում է որակյալ կրթություն ստանալ և չի ստանում: Իսկ սոցիալական ծրագրերով հատկապես վերջին 3 տարիների ընթացքում ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցման կրթաթոշակ է ստացել շուրջ 2150 ուսանող:
Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը, ով ուսանողական դժգոհության ալիքի նախաձեռնողներից է, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե «իրենց նպատակն է խելամիտ կերպով, առանց դասադուլների, հօգուտ ուսանողության հարցեր լուծել` առանց անհատների երևալու»: Հետաքրքրվեցինք` քանի՞ ուսանող կա նախաձեռնության շարքերում և ովքե՞ր են նրանք: Հ. Մարգարյանն ասաց. « Հանրային խորհրդում ներառված են տարբեր ՀԿ ներկայացուցիչներ, ընդհանուր երիտասարդությունը: Ես անձամբ դիմել եմ 5 բուհի ուսխորհուրդների նախագահներին` ԵՃՇՊՀ, ԵՊՀ, Տնտեսագիտական համալսարան, Կոնսերվատորիա, ՀՊՃՀ, որպեսզի առաջարկությունների փաթեթ մշակենք և առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայացնենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Վարձավճարի թանկացման որոշումը կայացվում է բուհերի կողմից ու սկզբում հայտարարեցին, որ վարձավճարները թանկացվելու են 20-100 հազար դրամով, բայց թանկացումը եղավ 100 հազար: Մենք հետամուտ ենք լինելու, որ խնդրին լուծում տրվի»:
ԿԳՆ-ից հետաքրքրվեցինք` վարձավճարների թանկացման հետ կապված դժգոհության առիթով ընդառաջելո՞ւ են ուսանողներին: Ստացանք հետևյալ պարզաբանումը. «Վարձավճարի սահմանումը յուրաքանչյուր բուհ ինքն է ձևավորում, և ելնելով տվյալ բուհի ռազմավարական ծրագրերից` բուհերն իրենց գիտական խորհուրդներում յուրաքանչյուր մասնագիտության գծով ուսման վարձավճարները վերանայում են: Որոշում կայացնողը տվյալ ուսումնական հաստատությունն է: Սա բխում է ՀՀ օրենսդրությունից և բուհերին տրված ակադեմիական ազատությունների շրջանակներում է: Հետևաբար ԿԳն-ն անմիջական ազդեցություն չունի վարձավճարների ձևավորման հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031