Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված երեկո՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում

Հուլիս 31,2013 14:10

Հուլիսի 30-ին՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում հայկական երաժշտության տոն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ 

Հանդիսատեսով լեփ-լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկոն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։ Երիտասարդական նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ ՙՍպարտակ՚ և ՙԳայանե՚ բալետներից։ Հայկական երաժշտության համերգին ներկա էին Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Ռիվա դել Գարդայի քաղաքապետը։ Երկու ժամ տևած համերգը ցնծության մեջ պահեց ամբողջ Ռիվա դել Գարդան։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրված է որպես Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Մասնակցությունը երաժշտական այդ տոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, և նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:
Փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաև աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ (դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի)։ Հուլիսի 27-ին՝ նվագախումբը կատարել է Վերդիի և Վագների ստեղծագործությունները (դիրիժոր՝ Մարկո Բոեմի), մենակատարներ՝ Միշելա Սբուրլատ (սոպրանո), Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Յունգ Կվանգ Լի (բարիտոն)։
Օգոստոսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը (ջութակ), իսկ օգոստոսի 3-ին նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը», դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի, մենակատարներ՝ Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Աննա Վիկտորովա (սոպրանո), Խաչատուր Բադալյան (տենոր), Եվգենի Ստավինսկի (բաս)։
Նշենք, որ 30-ամյա պատմություն ունեցող իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնն ամեն տարի իր տանիքի ներքո է համախմբում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի նշանավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր ծայրերից։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031