Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կերենի հոգսերը

Սեպտեմբեր 13,2013 13:28

0670Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի Կերեն գյուղը 2013թ. հունիսի 27-ից ԼՂՀ կառավարության որոշմամբ ստացել է առանձին համայնքի կարգավիճակ: 2012 թվականին վերջնականապես ավարտվեց դպրոցի շենքի  կառուցումը: Այս տարի առաջին դասարան հաճախում է 2 աշակերտ, ավարտական դասարաններում աշակերտներ չկան: Սեպտեմբերի 8-ին այցելեցի Կերեն, որտեղ կան հնադարյան դամբարաններ եւ արդեն 10 տարի է, ինչ պեղվում են հնագետ Արտակ Գնունու կողմից: Զրուցեցի դպրոցի տնօրեն Վալերի Թումասյանի հետ, եղա դպրոցում: Տեղեկացրեց, որ կրթօջախը հիմնականում ապահովված է ուսուցիչներով, միայն կա պատմության ուսուցչի պահանջ: Մանկավարժներից Աշխեն Ամիրխանյանն ընտանիքով եկել է Դիլիջանից, ունի 3 դպրոցահասակ երեխա. ամուսինը վերջերս զոհվեց ավտովթարից: Ամուսիններ Ա. Ավագյանն ու Ն. Մարտիրոսյանը նույնպես դասավանդում են դպրոցում,  ունեն 3 երեխա, երկուսը՝ դպրոցական: Դոլորես Ղազարյանը Կերենի բնակիչ է, ժամանակավոր դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն: Տնօրենը գյուղի հիմնադիրներից է. այստեղ են բնակվում 2 որդիներն իրենց ընտանիքներով:  Աշակերտների մի մասը գալիս են հարեւան Գրհամ գյուղից: Համայնքի Սպիտակաշեն գյուղում կան 4-5 դպրոցականներ, սակայն  մեքենայի բացակայության պատճառով հաճախում են Կապանի դպրոցներ: Կա գույքի եւ դասագրքերի  պակաս: Ճիշտ է, շենքը նոր է կառուցվել, սակայն դասարանները չեն հերիքում. չկա ՆԶՊ կաբինետ:  Աշակերտների ուսման վրա բացասական  ազդեցություն է թողնում էլեկտրական հոսանքի բացակայությունը: Միջանցքի պատերին ստեղծագործ աշակերտների գործերն են փակցված: Առավելապես հետաքրքրեց 10-րդ դասարանի աշակերտուհի Ալիսա Ամիրխանյանի ստեղծագործությունները՝ գունանկարներ ջրաներկով եւ գծանկարներ: Ուսուցչուհի Աշխեն Ամիրխանյանի դուստրը՝ Ալիսան,  3 տարի հաճախել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ: Այժմ էլ՝ որպես ազատ ունկնդիր, հաճախում է Կապանի գեղարվեստի պետական քոլեջ: Սիրում է նկարել, սակայն որոշել է իրավաբան դառնալ: Տնօրենն ու ուսուցիչներն ասացին, որ բոլոր առարկաները լավ է սովորում, օգնում է կրտսերներին: Իմ հարցին, թե ինչո՞ւ է որոշել իրավագետ դառնալ, ասաց՝ շատ է սիրում կարգ ու կանոն: Ավելացրեց նաեւ, որ դժվարությամբ է նկարելու համար նյութեր ձեռք բերում, հատկապես բատիկայի համար: Չնայած առկա պայմաններին՝ սիրում է Կերեն գյուղը:

«Ազգանվեր գործ եմ համարում, որ բնակվում ենք ազատագրված մեր հայրենիքում, շենացնում ենք», – ասաց Ալիսան՝ ավելացնելով, որ հավատում է՝ կունենան էլեկտրական հոսանք եւ բարեկեցիկ բնակարան:

Նույն ցանկությունն է հայտնում նաեւ 3-րդ դասարանցի Լիլիան: Գյուղում վերջերս բացի դպրոցից, կառուցվեց եւս 3 բնակելի տուն, սակայն դա դեռ քիչ է, որ գյուղը կայանա: Անհրաժեշտ է կարգավորել նաեւ խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30