Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը մեղադրյալի հավատքը փորձել է ծեծելով ու ատամի չոփով

Հոկտեմբեր 01,2013 17:18

Նորապատ գյուղում խոտի դեզը դիտավորյալ ոչնչացնելու մեղադրանքով ձերբակալված Ռոբերտ Փիլոյանի նկատմամբ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը սեփական ուղղիչ մեթոդներն է կիրառել:

«Կալանավորման վայրից նրան տեղափոխելու ժամանակ ուսումնասիրել էին ամբողջ մարմինը եւ պարզել, որ երկու թեւերի վերնամասը ամբողջությամբ կապտուկների մեջ կորած է, որովայնի աջ կողմի հատվածը նույնպես, գլխի հատվածը քերծված էր, ձեռքերին` վերքեր: Ինձ կանչեցին Արմավիրի մարզ, այլայլվեցի` երբ տեսա պաշտպանյալիս: Նա պատմեց, որ երբ բերել էին Երեւան հարցաքննության, քննիչը քննչական սենյակում նրա մոտ տեսել է աղոթագիրք, հարցրել է` հավատո՞ւմ ես Աստծուն, նա պատասխանել է` այո, քննիչը բերանից ատամի չոփը հանել ու պաշտպանյալիս ձեռքերի վրա է քաշել, ասել է ` տեսնեմ հավատքդ ուժե՞ղ է, կդիմանա՞ս ցավին»,- այսօր «Մեդիա» կենտրոնում պատմեց Փիլոյանի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Փիլոյանը նաեւ փաստաբանին պատմել է, որ նույն քննիչը, բերանից հանած ատամի չոփով ձեռքերը ճանկռելուց հետո, նրան ծեծի է ենթարկել, հետո ստիպել է նստել սեղանին, ապա գլուխը ձեռքերով բռնել ու խփել է սեղանին. «Դատաբժիշկ հրավիրեցինք, հաղորդում վերցրին, ուղարկեցին հատուկ քննչական ծառայություն ընթացք տալու համար, բայց մերժելու որոշում կայացվեց ` պատճառաբանելով, որ պաշտպանյալս ինքնավնասում է արել, հիմք են ընդունել հերթապահ ոստիկանների ցուցմունքները»:

Փիլոյանը փաստաբանին նաեւ խոստովանել է` ավելի վաղ դեպքի մասին չէր պատմել, որովհետեւ նույն քննիչը վախեցրել էր, եթե պատմես, քեզ կկախեմ:

Հիշեցնենք, որ խոտի դեզը ոչնչացնելու գործով, բացի Փիլոյանից մեղադրվում են նաեւ Արամ Մուղալյանը, Գագիկ Առաքելյանն ու Արթուր Քլյանը:

Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանն էլ պնդեց, որ կալանավորման ժամանակ որեւէ հիմք չի եղել, որ նշված անձինք հանցագործություն են կատարել. «Սա ես անգամ նկարագրված հանցագործություն չէի անվանի, արարքի մեջ հանցակազմ առկա չէ: Կալանավորելուց հետո, տպավորություն է ստեղծվում, որ քննիչը փորձում է ապացույցներ հավաքել, որ մեղադրանքը հիմնավոր է, բայց դա էլ իր մոտ լավ չի ստացվել, որովհետեւ ավելի շատ հակասություններ է հավաքել, ոչ թե ապացույցներ: Տուժողը սկզբում հայտարարում էր, որ ինքը գույքային վնաս չի կրել, բողոք չունի, բայց երկու ամիս հետո ցուցմունք է տալիս, որ գույքը վնասվել է: Լուրջ խնդիր ունենք նաեւ փորձաքննությունների հետ, բազմաթիվ են խախտումները»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանն էլ, անդրադառնալով մեղադրյալ Մուղալյանի հայտարարած հացադուլին եւ ջրադուլին, ասաց. «Քրեակատարողական հիմնարկներում բողոքների դրսեւորումները գնալով ավելի ծայրահեղ են դառնում: Արդեն հացադուլը չի աշխատում, մարդիկ գնում են ջրադուլի: Այս գործը անհեթեթությունների կույտ է, մարդկանց կալանավորել են առանց հիմքի, առաջադրված մեղադրանքներն ուղղակի ծիծաղելի են: Խուլիգանության մեղադրանք են ներկայացնում, երբ խուլիգանության պահին որեւէ անձ այդ տարածքում չի գտնվել: Գրել են՝ գույք է փչացվել, բայց որպես ապացույց չկա, միայն տուժածի ասածներն են հիմք ընդունել: Շատ գործեր ենք տեսել, բայց սրա նմանը չկա, հավաքված խախտումների կույտ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031