


Հետաքրքրվեցինք՝ վերջին անգամ մշակութային ոլորտի որեւէ պաշտոնյա ե՞րբ է այցելել: Պարզվեց՝ չի եղել նման բան: Ասում է՝ ինքը ստեղծագործող է ու հաճախ չի կարողանում մատուցել իրեն, երբեմն չի ցանկանում ցուցահանդեսների մասնակցել, որովհետեւ իր ձեւակերպմամբ՝ չի սիրում «մեծամտանալ»: Մի բանում, սակայն, Շոթա Խաչատրյանը վստահ է. «Արվեստագետը, ստեղծողը իրավունք չունի իր արվեստը մատուցել, պետք է լինեն մարդիկ, որոնք կգնահատեն, կզբաղվեն դրա վաճառքով ու մատուցմամբ, եւ այդ ներկայացնողներն էլ կկիսեն նկարչի փառքն ու վաճառքի գումարը: Թե չէ՝ ես չեմ կարող այդտեղ խոսել, ես վրձնով եմ խոսում, դա՛ է իմ հրաշքը»:
Շոթա Խաչատրյանի բնակարան-արվեստանոցում տառացիորեն ասեղ գցելու տեղ չկա, ամենուր նրա աշխատանքներն են՝ լուսավոր, խորհրդավոր, հեղինակի խոսքով՝ թանգարանային գործեր, ոչ թե ուղղակի նկարչություն: Նա պատրաստ է իրեն տրամադրվող տարածքի դիմաց փոխհատուցել նկարներով: Մնում է՝ գտնվի որեւէ բարերար կամ բարի կամեցող մեկը, ով կցանկանա լուծել այդ խնդիրը: Գուցե նաեւ մշակույթի նախարարությունը վերջապես տեղաշարժվի: Ի վերջո, պետք է հարգել արվեստագետի արժանապատվությունը:
Նկարիչը չցանկացավ խոսել Նկարիչների միության՝ առաջիկայում կայանալիք համագումարից: Ընդամենն ասաց, որ խոնարհվում է իր բոլոր վրձնակիցների առաջ եւ դեմ է ամեն տեսակ աղմուկին: Նա հիշեց, թե ժամանակին ինչ հզոր կառույց էր այդ միությունը ու ինչ լայն լիազորություններ ուներ, մինչդեռ այժմ հասարակական կազմակերպության կարգավիճակում է:
Կարդացեք նաև
Շոթա Խաչատրյանն այլ արժեքներով է ապրում՝ նյութը նրա կենսակերպում շեշտադրված չէ, բայց մարդը, իսկապես, տարրական պայմանների կարիք ունի: Նա տիեզերական կատարելություն է երազում երկրի վրա, տիեզերքն էլ կնոջ տեսքով է ներկայացնում, որովհետեւ կինն էլ յուրատեսակ արարիչ է:
«Երբ մարդը կտրվում է տիեզերքից, ամեն ինչ ավերում է: Կենդանական պահանջները հաճախ խանգարում են տիեզերական ներդաշնակությանը»,- համոզված է փիլիսոփա նկարիչը, ում ժամանակին պետպատվեր էին տալիս, սակայն նրա վրձնած գեղանկարներն արվեստի գործեր էին դառնում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































