Լրահոս
Օրվա լրահոսը

Թերահավատություն կար 2-4 մլն ծպտյալ ու մահմեդական հայերի մասին լսելիս

Դեկտեմբեր 12,2013 14:41 Share

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի դիտարկումները

ԱԺ ԲՀԿ -ական պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Արագած Ախոյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ անպատրաստ ենք մարտահրավերներին, եւ խոսքը կոնկրետ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին չի վերաբերվում: «Եթե բացել աչքերը ու տեսնել, թե ինչ է կատարվում՝ Կարսից մինչեւ Իգդիր, Արդահանից մինչեւ Բայազետ, բոլոր սահմանամերձ մասերը բնակեցնում են ադրբեջանցի փախստականներով, որոնց տրված են լայն հնարավորություններ եւ ամեն պայման ստեղծված է, որպեսզի նրանք բնակություն հաստատեն եւ կյանք սկսեն»,- փաստեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ինքը ներգրավված չէ Ցեղասպանության միջոցառումների հանձնաժողովում, այն դեպքում, երբ բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում, տարեկան մի քանի անգամ այդ նպատակներով այցելելով Արեւմտյան Հայաստան: «Անկեղծ ասած՝ ես էլ եմ զարմացած, գուցե նպատակահարմար չեն գտել կամ բացթողում է: Կարծում եմ՝ օգտակար կարող ենք լինել այդ հանձնաժողովին եւ միջոցառումներին, որովհետեւ ինքներս մինչեւ այժմ մի շարք մշակութային միջոցառումներ ենք կազմակերպել Վանում, Դերսիմում… մեր պատմական հայրենիքում: Ինչեւէ, գուցե դեռ կհասցնենք պիտանի լինել: Ամեն դեպքում մենք ունենք մեր ծրագրերը՝ Արեւմտահայոց ազգային համագումարի շրջանակներում:

Դա մի կազմակերպություն է, որը զբաղվում է պահանջատիրական խնդիրներով, եւ բնականաբար, ուզենք-չուզենք, ընդգրկված ենք ոչ միայն հանձնաժողովում, այլեւ այդ պրոցեսների կիզակետում ենք: Ունենք բազմաթիվ բարեկամներ, Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ազգությամբ թուրք մտավորականներ, որոնք մեր ընկերներն են, մեզ նման են մտածում եւ դատապարտում: Օրինակ՝ այս տարվա ապրիլի 24-ի միջոցառումներին, երբ Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակումներ էին գնում, բոլոր թուրք եւ քուրդ հրավիրյալները հենց մեր հրավիրյալներն էին, եւ բոլոր հարցազրույցներն այդ մարդկանց կողմից էին տրվում»,- ասաց պարոն Ախոյանը: Թվարկելով իրենց իրականացրած այլ միջոցառումները, նա մասնավորապես նշեց. «Անցյալ տարի Անկարայում ներկա էինք Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցին, մեր ներկայացուցիչը լուրջ, դատապարտող ելույթ ունեցավ:

Ուզում եմ նշել նաեւ ազգությամբ քուրդ Յաշար Քեմալին ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գրիգոր Նարեկացի» մեդալով պարգեւատրման արարողությունը: Դա եւս մեր նախաձեռնությամբ էր: Շատերը գիտեն, որ ժամանակին Աղթամարի Սուրբ Խաչը փրկվեց հենց Յաշար Քեմալի ջանքերի շնորհիվ, որի համար ինքը պատասխանատվության ենթարկվեց, բայց փոխարենը եկեղեցին կանգուն մնաց»: ԱԺ պատգամավորը նշեց համագործակցությունը Դիարբեքիրի, Սուրիի քաղաքապետերի հետ: Պարոն Ախոյանը հայտնեց, որ վերջինս միշտ էլ աչքի է ընկել իր համարձակ արտահայտություններով ու գործողություններով:

Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե կարծիքով՝ պահանջատիրությամբ խոսողների քանի տոկոսը կցանկանա բնակություն հաստատել Արեւմտյան Հայաստանում, եթե հանկարծ աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվի, Արագած Ախոյանն ասաց. «Արեւմտյան Հայաստանի խնդիրը մի քիչ նուրբ է, այնտեղ բնակվելու համար պետք է պայմաններ լինեն, վստահություն այդ երկրի՝ այսօրվա սահմաններով, Թուրքիայի հանդեպ: Կարծում եմ՝ պահանջատիրության հարցը դնելուց պարտադիր չէ մտածել, որ անպայման պետք է գնալ եւ բնակեցնել այդ տարածքները, քանի որ ունենք 2-4 մլն ծպտյալ եւ մուսուլմանացած հայեր: Ի դեպ, երբ այդ թիվը հնչեցնում էինք տարիներ առաջ, շատերը թերահավատորեն էին մոտենում, մինչդեռ վերջերս ծպտյալ եւ մուսուլմանացած հայերի թեմայով համաժողովում էլ, որ Ստամբուլում է կայացել, այս թիվը հենց թուրքերի կողմից բարձրաձայնվեց: Այնպես որ, վերաբնակեցման խնդիր այսօր չեմ տեսնում: Բավական է մենք աշխատենք եւ «վերականգնենք» այդ մարդկանց ազգային ինքնությունը, ենթագիտակցությունը, կարողանանք տալ համապատասխան կրթություն, ու ամեն ինչ տեղը կընկնի: Մենք այսօրվա Թուրքիայի տարածքում ունենք մեր հայրենակիցները, որոնք հայացքները հառած 100 տարի մեզ են սպասել՝ մնալով այդ հողի ու ջրի վրա: Կուզենամ ավելացնել, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն նախ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն: Այդ երկիրը պարտավոր է դա անել՝ ամեն ինչ առանց կապելու երրորդ երկրի՝ Ադրբեջանի խնդիրների հետ: Նաեւ հարկ է, որ աշխարհաքաղաքական դիրքը եւ հարաբերությունները ծառայեցնենք մեր տնտեսության զարգացմանը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031