Լրահոս
Օրվա լրահոսը

«Web Ծիրան»-ը կփոխհատուցի կինոթատրոնների սակավությունը

Հունվար 14,2014 15:57

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբից մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը, որն անցկացնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը:

Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է ֆիլմեր ներկայացնելու գործընթացը: Անկեղծ ասած, այդպես էլ սպասում էի, որովհետեւ մենք սովորաբար տոներից ուշ ենք վերադառնում: Ինձ համար շատ ուրախալի է, որ ոչ միայն անհատ ռեժիսորներ են ֆիլմեր ներկայացրել, այլեւ պրոդաքշըն ընկերություններ, ֆիլմարտադրողներ: Ուրախալի է նաեւ, որ ինչպես առաջին փառատոնի օրերին, այս անգամ էլ ընդգրկվածությունը միայն Երեւանը չէ: Ֆիլմեր են ներկայացրել Գյումրիից, որը շատ կարեւոր եմ համարում: Կուզենայի, որ Արցախից էլ ֆիլմեր ներկայացվեին, այնտեղի ֆիլմարտադրողների մտքերին ու մոտեցումներին էլ ծանոթանային հազարավոր դիտողներ ամբողջ աշխարհից: Առաջիկայում ֆիլմեր կուղարկեն նաեւ Մոսկվայից եւ ԱՄՆ-ից: Կարեւոր եմ համարում ընդգրկվածությունը, որովհետեւ տարբեր մոտեցումների, տարբեր մտահղացումների ծանոթանալու հնարավորություն է ստեղծվում: Նաեւ ճանաչելի են դառնում երիտասարդ հայեր, ովքեր ստեղծագործում են, ֆիլմ են նկարահանում: Լավ, վատ. սա ուրիշ խնդիր է: Նաեւ հայտնի մարդիկ են տեղեկացրել, որ իրենց աշխատանքները ներկայացնելու են մեր փառատոնին: Սպասում ենք: Կուզենայի, որ շատ, շատ ֆիլմեր լինեին: Հետաքրքիր ֆիլմեր կարող են ներկայացվել նաեւ «Մուլտիմեդիա» ծրագրին: Որոշակի հայտեր արդեն տրվել են: Ի վերջո, «Web Ծիրանը» ստեղծարար մտքի, մտահղացումների, նորարարությունների, մտածողությունների հարթակ է»:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հայկական ծրագրերի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը ամեն անգամ փորձում է մեր երկրում կինոփառատոների սակավությունը փոխհատուցել այլ հարթակներ, այդ թվում համացանցային, նվաճելով, ինչի հավաստիքն է օնլայն հեռուստատեսության հետ համատեղ կինոփառատոն անցկացնելու նախաձեռնությունը: Դա հրաշալի առիթ է ինչպես երիտասարդ, այնպես էլ կայացած ռեժիսորների համար: Բավականին շատ հայտեր ունենք, հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ հունվարի վերջ: Փառատոնն ունի նաեւ մրցանակային տեղեր: Առաջին մրցանակը 1000 դոլարին համարժեք դրամ է, մյուս երկու մրցանակների դեպքում տասը օր նկարահանման տեխնիկա է տրամադրվելու: Կարծում եմ, դա ոգեւորիչ կլինի հատկապես երիտասարդ ռեժիսորների համար: Ամբողջ աշխարհում համացանցը դարձել է կինոյի տարածման հարթակ, բայց մենք մի տեսակ հեռու ենք այդ տարածքից: Նպատակ ունենք, որ «Web Ծիրան» փառատոնը ոչ թե սահմանափակվի հայ ռեժիսորներով, այլ թեկուզ սկզբի համար դառնա տարածաշրջանային, ապա միջազգային: Չունենք որեւէ տեսակի, ձեւաչափային, ժանրային սահմանափակում, սահմանափակումը միայն տեւողության մեջ է՝ ֆիլմերը պետք է ունենան մինչեւ 30 րոպե տեւողություն: Հեղինակային իրավունքի հետ կապված խնդիր ունենք: Ցավոք, ամբողջ աշխարհում էլ հնարավոր չէ հետեւել ֆիլմի հեղինակային իրավունքի պահպանությանը ինտերնետում: «Web Ծիրան»-ին ուղարկված ֆիլմերը Webtv-ի միջոցով տեղադրում ենք youtube կայքում, եւ այն ցուցադրվում է Webtv-ի շրջանակներում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031