Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ եղել է, եղել է ընտանիքում, իրենց բնակարանում. 12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով պնդում է երեխայի դպրոցի տնօրենը

Հունիս 16,2026 16:07 Share

Արագածոտնի մարզի Օրգով համայնքի 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու համար մեղադրվող տղամարդուն երեխայի ծնողները չեն ճանաչում: Այս մասին Aravot.am-ին ասաց Օրգովի վարչական ղեկավար Արայիկ Մանուկյանը:

«Նոր եմ խոսել երեխայի հոր հետ, ոչ մեկս տեղյակ չենք՝ ով է, չենք ճանաչում, մեր համայնքից էլ չի: Իրենց էլ հայտնի չի՝ ով է ինչ է, իրականություն է, թե իրականություն չի… չգիտենք՝ էս ինչ էր, որովհետեւ մեր գյուղում նարկոման չունենք»,- ասաց Մանուկյանը:

Օրգովի վարչական ղեկավարն ասաց՝ հետաքրքրվել է երեխայի ծնողներից, թե ինչ է հայտնել իրավապահներին, ասել են. «Իրենք ասում են՝ ինչ-որ մեկի անուն տալ կամ նման բան չկա: Իրենք էլ մեր նման անորոշ»:

Էդգար Չաթոյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Օրգովի Արբի Թրպանճյանի անվան դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ երեխայի հետ հնարավոր դեպքը կատարվել է ընտանիքում. «Այդ դեպքի հետ առնչություն չունի ո՛չ դպրոցը, ո՛չ էքսկուրսիան: Օրը համընկել է էքսկուրսիայի հետ, մենք նորմալ ու ադեկվատ վիճակում երեխային հանձնել ենք ընտանիքին: Դպրոցի մոտից հայրն է երեխային ուղեկցել տուն: Մոտավորապես 4,5 հետո զանգահարել են դասղեկին ու ասել՝ երեխան իրեն վատ է զգում…եթե երեխան անադեկվատ էր կամ վատ էր զգում, մեզ պետք է զանգ լիներ հենց 5:30 կամ 6-ին, երբ երեխան տուն է մտել»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե երեխայի ծնողները լրատվամիջոցներին հայտնել են, որ երեխան երեկոյան 19:00-ի սահմաններում է տուն վերադարձել էքսկուրսիայից, դպրոցի տնօրենն ասաց. «Ես վիճաբանության մեջ չեմ մտնում ընտանիքի հետ, որովհետեւ այս պահին ընտանիքը ոչ թե վիճաբանության կամ երկխոսության կարիք ունի, այլ աջակցության: Գյուղը փոքր է, եթե ես սխալ ու դիտավորյալ սուտ տեղեկություն տայի, գյուղում բոլորն ինձ տեսնելով՝ ասելու էին՝ եղբայր, չես ամաչում, ախր բոլորս գիտենք՝ այս ժամին է եկել: Իմ նշած տեղեկությունը, որ երեխան 17:30 տանն է եղել, ու ծնողի զանգը դասղեկին 21:50, հանել եմ դասղեկի հեռախոսից, դրանք փաստեր են, որ կասկածի տեղիք չեն կարող տալ: Ծնողներից հարցրեք՝ խնդիրը ո՞րն է , որ 17:30-ը դարձնում եք 19:00»:

Այս դեպքով մեղադրվող տղամարդուն էլ դպրոցի տնօրենն ասաց չեն ճանաչում, որովհետեւ իրենց համայնքից չէ. «Մեր գյուղը փոքր է, եթե լիներ մեր գյուղից, բոլորս կիմանայինք… Երեխայի ծնողները ինչո՞ւ այլեւս հարցազրույց չեն տալիս, ինչո՞ւ չեն պարզաբանում: Ես պնդում եմ՝ ինչ եղել է, եղել է ընտանիքում, թող փորձեն հակառակն ապացուցել: Բայց ավելին չեմ կարող ասել, որովհետեւ քրեական վարույթ կա: Եկել եմ այդ եզրահանգման բազմաթիվ վերլուծություններ կատարելով ու դեռեւս չկա ընտանիքից արձագանք, որ դա այդպես չէ… Ստացվում է՝ ծնողի անուշադրության, անտարբերության արդյունքում պատասխան է տալիս դպրոցը, ուսուցիչը, դպրոցի տնօրենը: Ինչո՞ւ պետք է մենք պատասխան տանք: Ինչ եղել է՝ եղել է բնակարանում, ընտանիքում»:

Դպրոցի տնօրենն ասաց, որ էքսկուրսիայի շրջանակներում աշակերտների խումբը այլ անձանց չի տեսել, շփումներ չեն ունեցել, գիդը ներկայացրել է տարածքը։ Տաղավարներում բույսեր, ծառեր են եղել, տեսաֆիլմ են նայել, ինչից հետո հարց ու պատասխան է եղել, իսկ նշված աշակերտը շատ ակտիվ է եղել: Մեր զրուցակիցը բացառեց, որ տաղավարներից աշակերտը հետը բույս վերցրած լիներ, որը կարող էր թմրանյութ լինել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930