Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին կխուսափեմ մանրամասներ հայտնել». 250 հայկական ֆիլմերի իրավունքները Հայաստանինը չեն. Անսիի ծրագիրը չեղարկվել է

Հունիս 15,2026 13:55 Share

Կինոգետ, պրոդյուսեր և ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում ահազանգել էր, որ Անսիի միջազգային կինոփառատոնում այս տարի երկարամյա բանակցությունների արդյունքում պետք է ցուցադրվեր հայկական անիմացիոն ֆիլմերի ընտրանի, սակայն պարզվել է, որ շուրջ 200 ֆիլմի իրավունքներն օտարվել են արտասահմանյան ընկերության, և Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ իրավունք այդ ֆիլմերը ցուցադրելու, ինչի պատճառով չեղարկվել է Անսիի ծրագիրը։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանից (լուսանկարում)։ Մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ հիմնադրամն իրավական գործընթաց սկսե՞լ է ֆիլմերի իրավունքները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ուղղությամբ։ Նա ասաց, որ ավելին ասել չի կարող, քան այն, ինչ նշված է հիմնադրամի սոցցանցի էջում. «Այս պահին կխուսափեմ մանրամասներ հայտնել, քանի որ հիմքերը գտնվում են ուսումնասիրման փուլում, և որևէ ավել բան ասելը կխանգարի գործին»,- հեռախոսով փոխանցեց Բանուչյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությանը, այնտեղ նշվում է, որ ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից, հղում կատարելով դեռևս 1990-ական թվականներին կնքված պայմանագրին, ներկայացվել են պնդումներ հայկական կինոժառանգության կազմում ընդգրկված մոտ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքների առկայության վերաբերյալ։ Նշված էր նաև, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն՝ ներգրավելով համապատասխան մասնագիտական և իրավասու կառույցներին, և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930