Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ունենայի Ստրադիվարիուսի ջութակ»

Հունվար 29,2014 13:30

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործական երեկոն, եւ Երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) կոմպոզիտորի Ջութակի եւ նվագախմբի առաջին կոնցերտի բարձրակարգ կատարմամբ հանդես եկավ մոսկվաբնակ երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը: Նա դեռեւս 10-11 տարեկանում, լինելով Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի սան, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փայլել է հենց այս սրահում:

Ավելի քան 15 տարվա ընդմիջումից հետո 2013 թ.-ին առաջին անգամ, արդեն իբրեւ կայացած երաժիշտ, արդեն 31-ամյա ջութակահարը ներկայացավ հայրենիքում: Երաժշտի երկրորդ այցի ժամանակ «Առավոտը» հանդիպեց նրա հետ, խնդրելով ներկայացնել, թե ինչպես է հայտնվել ռուսաստանյան երաժշտական կատարողական արվեստի կենտրոնում: Նշելով, որ 1996թ. ավարտել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի Լեւոն Զորյանի դասարանը եւ նույն թվականին իրեն պատիվ է ընձեռնվել հայ անվանի երաժիշտների հետ համերգ ունենալ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը, Հայկը հիշեց. «Ելույթիցս հետո ինձ մոտեցավ մի անծանոթ, ներկայացավ՝ Լեւոն Հովհաննիսյան, եւ ասաց, որ պատրաստ է ուսումս Մոսկվայում շարունակելու համար հովանավորել: Ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, ընդունվեցի նախ Գնեսինների անվան լիցեյ՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Գրաչի դասարանը, որն ավարտելուց հետո, նույն մանկավարժի մոտ շարունակեցի ուսումս Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում»: Հիշեց նաեւ, որ ուսանելու տարիներին պրոֆեսորի մենահամերգից հետո, երբ հանդիսականը նրան համառորեն բաց չէր թողնում, Էդուարդ Գրաչը առաջին անգամ ներկայացրել է իրեն:

Այդ ելույթը կարծես դարձավ իր մեկնարկը՝ միջազգային հեղինակավոր այնպիսի մրցույթներին մասնակցելու, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Ժակ Տիբոյի եւ Մարգարիտ Լոնգի անվան (Ֆրանսիա), Էնեսկուի անվան (Ռումինիա), Իսանգ Կունի անվան (Հարավային Կորեա), Վենյավսկու (Լեհաստան): Այժմ Հայկ Կազազյանը Մոսկվայի կոնսերվատորիայում դասախոսում է հայազգի այնպիսի երաժիշտների կողքին, ինչպիսիք են Յուրի Հայրապետյանը, Արա Բոգդանյանը, Սուրեն Հախնազարյանը: Նա իբրեւ մենակատար հրավիրվել է այնպիսի կոլեկտիվների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանի ազգային, Մոսկվայի, Պրահայի, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Դուբլինի ազգային, Սանկտ Պետերբուրգի, Կազանի սիմֆոնիկ, Մյունխենի կամերային նվագախմբերը:

Հայկ Կազազյանը նշեց, որ հիացած էր երեւանյան համերգով՝ տեսնելով լեփ-լեցուն դահլիճը, այդուհանդերձ, մեր զրուցակցի խոսքերով՝ «Աշխարհում այսօր իսկապես խնդիր է դասական երեկոներին մեծաթիվ հանդիսատես ապահովելը»: Անդրադարձ եղավ դասական արվեստում նորարարություններին: Մեր զրուցակիցը հիշեց ջութակահար Դեվիդ Գարրեթին, ում հետ ծանոթացել է 2000թ. Իսրայելում. «Դեվիդը, որ ժամանակին Ամերիկայում համարվում էր հրաշամանուկ՝ դասական արվեստում, հիմա շոու-բիզնեսում է, բեմ է դուրս գալիս ոտաբոբիկ: Ես դասական երաժշտի կարիերաս թողնել չեմ պատրաստվում ու չեմ էլ վազում մեծ գումարների ետեւից: Իմ գործունեությամբ զբաղվում են Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի մենակատարն եմ, Գերմանիայի ճանաչված Blackmore Artists կազմակերպությունը, այլ ագենտներ էլ ունեմ մի քանի երկրում եւ, իհարկե, օգտագործում եմ անձնական կապերս»:

Չնայած սրան, Հայկ Կազազյանը այսօր ունի հովանավորի կարիք. «Եթե գտնվի մեծահարուստ, որը կկարողանա գնել Ստրադիվարիուսի ջութակներից մեկը, այլեւս խնդիր չեմ ունենա…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031