Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Հոլոգրաֆիկ փորձառության ընթացքում այցելուն տեսնում է Երվանդ Քոչարին իր արվեստանոցում՝ աշխատանքի պահին, հետևում «Կիբեռնետիկայի մուսայի» ստեղծման շուրջ ձևավորված ժամանակաշրջանին

Սեպտեմբեր 25,2026 13:10 Share

«Կիբեռնետիկայի մուսան». տեխնոլոգիական Հայաստանի հիշողության հոլոգրաֆիկ վերստեղծում

2026 թվականի սեպտեմբերի 23-ին Երվանդ Քոչարի թանգարանում բացվեց ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան». տեխնոլոգիական Հայաստանի հիշողության հոլոգրաֆիկ վերստեղծում նոր տեխնոլոգիական ցուցադրությունը, որը միավորում է Երվանդ Քոչարի արվեստը, Հայաստանի տեխնոլոգիական անցյալի հիշողությունը և հոլոգրաֆիկ տեխնոլոգիան։

Նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել «Կիբեռնետիկայի մուսան» բնօրինակ քանդակի հոլոգրամը, այլև ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով վերադառնալ 1970-ականներ և ստեղծագործական միջավայրում տեսնել Քոչարին աշխատանքի պահին։

Փորձառության հիմքում «հոլոգրաֆիկ իրականության» գաղափարն է։ Այցելուն չի կտրվում իրական աշխարհից և չի տեղափոխվում ամբողջությամբ վիրտուալ միջավայր։ Նա շարունակում է տեսնել թանգարանի իրական տարածքը, ցուցանմուշներն ու իր կողքին գտնվող մարդկանց, սակայն իրական տարածության շարունակությունը բացվում է թվային աշխարհում՝ հոլոգրաֆիկ ձևով։

Թանգարանը վերածվում է յուրօրինակ պորտալի, որի մյուս կողմում բացվում է 1970-ականների Քոչարի արվեստանոցը։ Իրական և թվային տարածքները միաձուլվում են մեկ տեսողական փորձառության մեջ՝ ստեղծելով զգացողություն, ուր անցյալը գտնվում է անմիջապես այցելուի առջև։

Քոչարի արվեստանոցը թվային միջավայրում վերակառուցվել է փաստավավերագրական և արխիվային նյութերի հիման վրա՝ հնարավորինս պահպանելով արվեստանոցի միջավայրը, առարկաների դասավորությունն ու ժամանակաշրջանի մթնոլորտը։

Հոլոգրաֆիկ փորձառության ընթացքում այցելուն տեսնում է Երվանդ Քոչարին իր արվեստանոցում՝ աշխատանքի պահին, հետևում է միջավայրում զարգացող պատմությանը և «Կիբեռնետիկայի մուսայի» ստեղծման շուրջ ձևավորված ժամանակաշրջանին։ Փորձառության կարևոր բաղադրիչներից է նաև Երվանդ Քոչարի իրական ձայնը։ Այցելուն լսում է հենց Մաեստրոյին։

Հոլոգրաֆիկ պատմությունից հետո այցելությունը շարունակվում է Երվանդ Քոչարի թանգարանի սրահում, որտեղ ներկայացված է «Կիբեռնետիկայի մուսան» հոլոգրաֆիկ քանդակը։

Նախագիծն ունի նաև լրացուցիչ թվային փորձառություն, որի ընթացքում այցելուն կարող է ինքնուրույն ընտրել արվեստանոցի տարբեր դիտակետեր և ուսումնասիրել վերականգնված միջավայրը տարբեր տեսանկյուններից։

Հոլոգրաֆիկ փորձառությունը կարող է հարմարեցվել էքսպոների, արտագնա ցուցադրությունների, մշակութային և կրթական հարթակների համար՝ թվային մեծածավալ միջավայրը բացելով համեմատաբար սահմանափակ ֆիզիկական տարածքից։

Երվանդ Քոչարի թանգարանը զարգացնում է «Շարժական թվային թանգարան» նախաձեռնությունը՝ ընդլայնելով Քոչարի արվեստի ներկայացման հնարավորությունները թանգարանի ֆիզիկական սահմաններից դուրս։

Նորարար տեխնոլոգիաների միջոցով Քոչարի ստեղծագործությունը դառնում է շարժական և հասանելի՝ հնարավորություն տալով այն ներկայացնել տարբեր երկրներում ու մշակութային միջավայրերում՝ պահպանելով ստեղծագործության ինքնությունն ու թանգարանային ներկայացման որակը։

Առաջիկայում նախատեսվում է «Կիբեռնետիկայի մուսան» նոր ցուցադրական ձևաչափով ներկայացնել նաև տեղական և միջազգային տարբեր հարթակներում՝ ընդլայնելով Երվանդ Քոչարի արվեստի հասանելիությունն ու ճանաչելիությունը նոր լսարանների համար։

«Կիբեռնետիկայի մուսան. տեխնոլոգիական Հայաստանի հիշողության հոլոգրաֆիկ վերստեղծում» ծրագիրը Երվանդ Քոչարի թանգարանի հետ գործակցությամբ մշակել է «Սևունի» թիմը։

Ծրագրի մասին կարող եք ծանոթանալ Երվանդ Քոչարի թանգարանի կայքում բացված, նոր բաժնում www.kochar.am/holograph

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930