Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Հայ հեքիաթագիրը ճանաչվեց «Եվրասիական հեքիաթ 2026-ի լավագույն հեղինակ»

Սեպտեմբեր 25,2026 13:17 Share

Լոնդոնում գործող Eurasian Creative Guild-ը շուրջ տասը տարի գրողներին, կինոգործիչներին ու նկարիչներին հավաքում է մեկ հարթակում։ Նրա ծրագրերին մասնակցում են ստեղծագործողներ աշխարհի 83 երկրից։ Գիլդիան կազմակերպում է փառատոներ, գրական մրցույթներ ու ցուցահանդեսներ, նրա կինոփառատոնը IMDb-ի հավատարմագրմամբ է, իսկ OCA ամսագիրը Բրիտանիայում Եվրասիայի մշակութային ու քաղաքական կյանքը լուսաբանող անգլալեզու հրատարակություններից է։ «Եվրասիական հեքիաթը» պարզապես հերթական մրցույթ չէ, այլ այդ մեծ ցանցի նոր գրական հանգույցը։

Երեք ամսում երկու միջազգային մրցանակ՝ սա արդեն պատահականություն չէ։ Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, նախ՝ Նիկոսիայում Էլֆիք Զոհրաբյանը կրկին դարձավ դրամատուրգիայի միջազգային մրցույթի հաղթող։ Օրերս էլ Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիան այս տարի առաջին անգամ հայտարարեց «Եվրասիական հեքիաթ 2026» մրցույթը, որին մասնակցեցին ավելի քան 15 երկրի ներկայացուցիչներ, և անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում հաղթեց հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը։

Ալմաթիից վերադառնալուց հետո արվեստագետից հետաքրքրվում ենք՝ ինչպե՞ս է հաջողվում երեք ամսում երկու անգամ հայտնվել միջազգային պատվո աստիճանին։ Նա ժպտում է և հիշեցնում, որ Նիկոսիան պարզապես նախաբան չէր, այլ շարունակություն…

Իսկ մրցանակաբաշխությունը կայացավ Ալմաթիում՝ «Աշխարհների խաչմերուկ» փառատոնի շրջանակում, և այստեղ էլ հետաքրքիր մի բան կա. անգլերեն հեքիաթների ժյուրիի անդամների մեծ մասը Լոնդոնից էր և չկարողացավ գալ, բայց երկուսը ներկա էին։ Դահլիճում էին նաև Ղազախստանի ու Բաշկորտոստանի մշակույթի նշանավոր գործիչներ, այդ թվում՝ ղազախ պոետ և կինոռեժիսոր Բախտիժան Կանապյանովը, որը Հայաստանի մասին խոսում էր հիացմունքով։ Մրցանակակիր դարձան նաև ղրղզ գրող Նարգիս Կարասարտովան՝ «Հյու սիրամարգը» հեքիաթով, ղազախ մանկագիր Կանժեգուլ Ագուդիլովան՝ «The Magic Race. Agila» հեքիաթով և այլք։

«Ուրախությամբ իմացա, որ արժանացել եմ մրցանակի», – պատմում է հեքիաթագիրը, և զգացվում է, որ այս հաղթանակն էլ նրան չի սովորեցրել «սովորական» ընդունել նման լուրերը։ Նշեց, որ ելույթում շնորհակալություն է հայտնել գիլդիային ու ժյուրիին, իսկ առանձին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, առանց որի աջակցության Ալմաթիում չէր լինի, և թիկունքն ամուր էր զգում։ Հիշատակել է Հովհաննես Թումանյանին ու ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևին, ապա դահլիճին անակնկալ մատուցել՝ Աբայ Կունանբաևից մի քառյակ արտասանել ղազախերենով։ «Ղազախական մշակույթում դա շատ բարձր են գնահատում», – ասում է մեր զրուցակիցն ու կրկնում՝ ղազախներն իսկապես շատ ջերմ ընդունեցին։

Իսկ թե ինչո՞ւ հենց Զոհրաբյանը. հարցի պատասխանը, թերևս, կարելի է ստանալ գիլդիայի կայքում զետեղված հոդվածից. ժյուրիի անդամ՝ ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան նկատել է, որ այսօր տղամարդ հեքիաթագիրները հազվադեպ են. հեքիաթ լսել շատերն են սիրում, բայց հումորով, վառ ու նրբանկատ գրել՝ քչերին է տրված։ Էլֆիքին դա լիուլի է շնորհված. «Նա ընթերցողի հետ միասին խորասուզվում է հեքիաթային աշխարհ, երբեմն կատակով կսմթում է, դրդում մտորելու, բայց միշտ՝ անսահման սիրով», – ասում է նա։

Ուզբեկ մանկագիր Ելենա Մակարովան, որին «OCA People» նախագիծը Կենտրոնական Ասիայի գրականության 40 ամենանշանավոր դեմքերից է համարել, առանձնացնում է «Յոթ օր, յոթանասուն տարի» հեքիաթի փիլիսոփայությունը. կարելի է յոթ օրն ապրել իմաստով, կարելի է՝ յոթանասուն տարի, և յուրաքանչյուրն ինքն է ընտրում։ Ասված խոսքն ու նետված քարը հետ չեն գալիս, ուստի պետք է ապրել այնպես, որ հետո չզղջաս»։ Իսկ գիլդիայի հանդիպումն Ալմաթիում Մակարովան անվանել է առաջին աստիճան դեպի «Էլֆիքի նման նոր արևի ծագումը։

Բայց Ալմաթիում Զոհրաբյանը միայն «հեղինակ» չէր։ Նա նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է, և փառատոնի օրերին էլ չմոռացավ իր ուսանողներին ու դասախոսներին։ Պաշտոնական այցով հանդիպեց Թեմիրբեկ Ժուրգենովի անվան արվեստների ակադեմիայի Պարարվեստի և Թատրոնի ֆակուլտետների դեկանների ու միջազգային կապերի բաժնի ղեկավարի հետ՝ քննարկելով համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ փոխադարձ վարպետության դասեր, մտածելով Վանաձորի ուսանողների համար նոր դռներ բացելու մասին։

Մրցանակաբաշխությունից հետո, ինչպես տեղեկացրեց Զոհրաբյանը, բազմազգ մրցանակակիրներին հրավիրեցին Եվրասիայի ամենամեծ՝ Ալ Ֆարաբիի անվան համալսարան՝ հանդիպելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ. «Այնտեղ պատմեցի Հայաստանի գրական ու մշակութային կյանքի մասին և էկրանի առջև հայտնվող ապագա լրագրողներին մի քանի մասնագիտական խորհուրդ տվեցի ձայնի մշակվածության, մատուցման արվեստի ու դերասանի վարպետության մասին»։

 

Սամվել Դանիելյան

Լուսանկարները տրամադրել է Էլֆիք Զոհրաբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930