Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» Ավետյանները պահանջում են բարոյական փոխհատուցման ավելի բարձր սանդղակ

Փետրվար 20,2014 18:43

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին այսօր քաղհայց ներկայացրեց տուժողների ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Եգորյանը:

Դատարանի համար էլ անսպասելի վերսկսելով դատաքննությունը, եւ հայցը ներկայացնելուց հետո դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի տասներկուսին:

Կողմերին բաժանվեց հայցը, որի հետ կապված՝ նրանք իրենց դիրքորոշումը կարտահայտեն հաջորդ նիստին:

Այսօր չլսվեց նաեւ ռեպլիկը, որով հանդես պիտի գար տուժողների ներկայացուցիչը, եւ դատարանն էլ, ըստ էության, պիտի անցներ խորհրդակցական սենյակ:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում միջին ծանրության վնասվածքներ ստացած Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի համար քաղհայց ներկայացրած ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պահանջեց յուրաքանչյուրի համար հինգ միլիոն դրամ, իսկ տուժողներ Էդգար Նիկոյանի եւ Արկադի Աղաջանյանի համար երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի գույքի եւ դրամական միջոցների վրա պահանջեց դնել արգելանք, որպես հայցի ապահովման միջոց:

Հայց ներկայացրած տուժողների ներկայացուցիչը հայցի ապահովման միջոց՝ արգելանք դնելու պահանջ ներկայացրեց նաեւ «Հարսնաքարի» սեփականատեր, վկա Ռուբեն Հայրապետյանի գույքի եւ դրամական միջոցների վրա էլ:

Տիգրան Եգորյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին, օրենսդրությանը, ՍԴ դիրքորոշմանը, մասնավորապես, նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման խնդրին:

«Նման փոխհատուցումների նշանակումը պետք է ապահովի պետության կողմից, իսկ տվյալ դեպքում, սույն դատարանի:

Այս կապակցությամբ պետք է որոշակիացվի նաեւ կյանքի իրավունքի խախտման դիմաց փոխհատուցման ենթակա բարոյական վնասի նյութական չափը»,-ասաց Տ.Եգորյանը:

Նա հղում արեց ՄԻԵԴ նախադեպային նմանօրինակ գործերով նշանակված փոխհատուցման չափերին: Այդ գործերով ՄԻԵԴ նախադեպային որոշումները ըստ նրա, փոխհատուցման չափը վերջին երկու տարիներին տատանվում է 60 հազարից մինչեւ 120 եվրո սահմաններում:

«Հայցվորները՝ Ավետյան ընտանիքը դիմելով դատարանին՝ խնդրում են սահմանել եւ ապահովել սույն քրեական գործով իրենց հարազատի իրավունքի խախտման դիմաց բարոյական փոխհատուցման ավելի բարձր սանդղակ, այն սահմանել ընդհանուր գումարով՝ երկուհարյուր հիսուն միլիոն դրամ»,-ասաց Տ.Եգորյանը:

Ըստ տուժողների ներկայացուցչի, բարոյական վնասի հատուցման խնդրին անդրադարձ է կատարել նաև Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն արձանագրել է իր որոշման մեջ. «Մի շարք երկրների իրավական վերլուծությունները վկայում են այն մասին, որ բարոյական վնասի եւ բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերում որդեգրած սահմանադրաիրավական մոտեցումներից»: ՍԴ-ն նշել էր, որ մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված  բարոյական տառապանքներից զերծ մնալը:

«Բարոյական վնասի փոխհատուցման իրավական հնարավորությունների  առկա վիճակը գնահատելով՝ ՍԴ-ն արձանագրել էր, որ սույն վիճակը չի կարող համահունչ համարվել ՍԴ երրորդ հոդվածի երրորդ մասին, համաձայն որի պետությունները սահմանափակված են մարդու իրավունքներով եւ ազատություններով: Բարոյական վնասի փոխհատուցման անհրաժեշտության հարցին անդրադառնալով, ՍԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում  բարոյական վնասի փոխհատուցման ոչ ներդաշնակ կարգավորումները  խոչընդոտում են ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»,-ասաց Տ.Եգորյանը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728