Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ՝ որակյալ ուսուցման ակնկալիքով

Մարտ 06,2014 14:00

ՀՀ ԿԳ նախարարությունը միանգամայն ժամանակին իրականացրել է դպրոցների փորձնական վարկանիշավորման բավականին բարդ գործընթաց: Նախադեպը չունեցող այս համակարգը ներկայանում է որպես միջդպրոցական մրցակցային նոր գործիք: Դրա գործնական հետեւանքները ակնառու դարձնելու նպատակով, մեր կարծիքով, անհրաժեշտ է համակարգը հարստացնել ուսուցման որակի ընդհանրացված բնութագրումներով:

Հետեւաբար՝ դպրոցներում ուսուցման որակի բարձրացման հիմնախնդիրն այսուհետեւ դառնում է հրատապ: Կրթական համակարգի յուրահատկություններից է այն, որ կրթական գործունեության ամբողջական շղթան՝ նախակրթարանից մինչեւ ասպիրանտուրա (որակավորումների ազգային շրջանակ), շարունակական, միմյանց հաջորդող ու համալրող կրթական ծրագրերի իրագործման ամբողջություն է: Յուրաքանչյուր կրթական ծրագիր պետք է նախադրյալներ ստեղծի հաջորդ՝ ավելի բարձր, կրթական ծրագրերի իրականացման համար: Եթե կրթական ծրագրի մեկից մյուսին անցման դեպքում աստիճանաբար բարդացող գործընթացները չեն պահպանվում, ապա սովորողների մնացորդային գիտելիքների ու ծրագրով նախատեսված վերջնարդյունքի միջեւ առաջանում են անհամապատասխանություններ, իջնում է սովորողի մոտիվացվածության մակարդակը՝ հետեւաբար նաեւ փոխվում է ուսուցման որակը: Արդյունքում հաճախ ի հայտ են գալիս դասարանից դասարան «գլորվող» աշակերտներ:

Մեր կարծիքով՝ որակի ապահովման այս գլխավոր խնդիրը հրատապ լուծում է պահանջում: Նախեւառաջ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել աշակերտի գնահատման ընթացքում զանազան լիբերալ դրսեւորումները, պահպանել ելքի կամ մուտքի սովորողի մնացորդային գիտելիքների ծրագրային պահանջներին համապատասխանության մեթոդական սկզբունքը, եւ, ընդհանրապես, կատարելագործել հանրակրթության մենեջմենթը (այդ թվում՝ դպրոցական): Շարունակական կրթությունը պետք է իրականացնել միայն ծրագրային նվազագույն պահանջները բավարարող սովորողներով: Սոցիալական երաշխիքներ մշակելիս մշտապես անբավարար առաջադիմություն ունեցող աշակերտների նկատմամբ լինել առավել խստապահանջ: Այս դեպքում կբարձրանա սովորողների մոտիվացվածությունը. շատերի համար կրթությունն անիմաստ զբաղմունքից կվերածվի որակյալ ուսուցման մրցակցային դաշտի: Միայն կարելի է զարմանալ, թե ինչո՞ւ այս առումով էլ չենք հետեւում միջազգային փորձին:

Ուսուցման որակի խնդիրը հանգում է նրան, որ դպրոցի տնօրենը, մանկավարժական խորհուրդը կամ յուրաքանչյուր մանկավարժ պետք է իսկապես շահագրգռված լինեն բարձրացնելու ուսուցման իրական որակը, մինչդեռ որակի խթանմանն ուղղված հիմնարար համակարգ դեռեւս չի գործում: Հանրակրթության համակարգում որակյալ ուսուցման ապահովման մեխանիզմները բավականին մեղմ են եւ հանգեցնում են ոչ խիստ վարչական հետեւանքների: Այսպես, դպրոցի տնօրենի՝ թեկուզ եւ վերապատրաստված, աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն չի կապվում ուսուցման պահանջվող մակարդակի ապահովման հետ: Տնօրենը դեռեւս կրթական մենեջմենթի գաղտնիքներին լիարժեք չի տիրապետում, հաճախ էլ լավ իրազեկված չէ նորարարական մեթոդներից, շարունակում է աշխատել խորհրդային փորձով: Տնօրենի համար գերխնդիր է դպրոցի՝ հնարավորինս մեծ թվով աշակերտական համակազմով համալրումը՝ մեծացնելու մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման ծավալը, ապահովելու կայուն մանկավարժական հաստիքակազմ: Չեն գործում նաեւ էական խթանող լծակներ: Դպրոցի որակական առաջադիմությունը հաճախ փորձաքննության եւ գնահատման չի ենթարկվում, չեն բացահայտվում պատճառները: Աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորումը այսօր լուրջ անհամապատասխանություն է առաջացրել նրանց միջեւ: Երեւանի կենտրոնում տեղաբաշխված եւ նախկինում բարձր վարկանիշ ունեցող դպրոցները շարունակում են ավանդաբար օգտվել իրենց բարձր վարկանիշից ու քաղաքի բոլոր ծայրամասերից ընդունել գրեթե անսահմանափակ թվով աշակերտներ, չնայած ծայրամասային եւ կենտրոնի դպրոցների միջեւ բոլոր պարամետրերով էական տարբերություններ այսօր չեն նկատվում: Այնպես որ, մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը պետք է զուգակցել որակական առաջադիմության տվյալներին, կամ կիրառել այլ մեթոդիկա: Տնօրենին պետք է հետաքրքրի դպրոցում ուսուցման որակը, համալիր աշխատանքներ տանի՝ բարելավելու դպրոցի վարկանիշը: Եթե դպրոցը տարիներ շարունակ նույն տնօրենի ղեկավարությամբ որակյալ ուսուցմամբ չի առանձնացել, ապա լիազոր մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ անհապաղ շտկելու իրավիճակը: Անհրաժեշտ ենք համարում նաեւ քննարկման առարկա դարձնել դպրոցներում աշակերտների ընդունելությունը՝ ըստ համայնքային դպրոցների, մեծացնելով թաղապետարանների եւ համայնքների ուղղակի պատասխանատվությունը: Դրա հետեւանքով զգալիորեն կփոքրանա քաղաքի կենտրոնի տրանսպորտային բեռնվածությունը եւ տեղի կունենա սովորողի ու ծնողի ժամանակի խնայողություն: Կենտրոնի եւ ծայրամասերի դպրոցները կգործեն օպտիմալ բեռնվածությամբ, որը նույնպես կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը, ռեսուրսները կօգտագործվեն առավել խնայողաբար: Այս դեպքում լիազոր մարմինները կիրականացնեն բովանդակային կառավարման գործառույթներ, հատկապես ծրագրերի եւ չափորոշիչների մշակման ու դպրոցներում ներդրման, իսկ տարածքային մարմինները եւ տնօրենները՝ վարչական: Տնօրեններն իրե՛նք պետք է ապահովեն դպրոցների բարձր մրցունակությունը:

Ուսուցման պատշաճ որակի ապահովման կարեւոր գործոն է նաեւ մանկավարժների պատրաստվածությունը, ովքեր նույնպես քիչ հետաքրքրվածություն են դրսեւորում: Հստակ պետք է գործի բոլոր մանկավարժների տարակարգերով տարբերակումը եւ համապատասխան ֆինանսավորումը: Այս գործընթացը բարեբախտաբար ներկայումս նույնպես ընթացքի մեջ է: Տարակարգերին ներկայացվող պահանջները պետք է արտահայտված լինեն ուսուցման իրական որակին միտված աստիճանական բնութագրիչներով: Տարակարգ ունեցող եւ տարակարգը տարեցտարի բարձրացնող մանկավարժը, փոխելով նաեւ իր վարձատրության սանդղակը, կարող է եւ պատասխանատու լինել ուսուցման որակի նկատմամբ: Դպրոցներում որակի նկատմամբ մշակույթ ստեղծելու նպատակով բացառիկ կարեւորություն ունի հիմնական հանրակրթական ծրագրից խելամիտ եւ նպատակային անցումը դեպի ավագ դպրոց: Միանշանակ տրամաբանական է եւ հիմնավոր, որ ավագ դպրոցը իր բարձր վարկանիշը ապահովելու եւ իր առջեւ դրված առաջադրանքները լուծելու համար անցկացնի ընդունելության քննություններ, կամ որ ավելի տրամաբանական է՝ հիմնական դպրոցի ծրագիրը ավարտելուց հետո աշակերտները ատեստավորվեն այն համակարգով, ինչպես արվում է ավագ դպրոցի պարագայում: ԳԹԿ-ն ունի գնահատման համապատասխան մեթոդիկա, բավարար ռեսուրսներ՝ անցկացնելու նաեւ իններորդ դասարանի ավարտական այն քննությունները, որոնք աշակերտներին անհրաժեշտ են ավագ դպրոցի հոսքային ծրագրում ընդգրկվելու համար: Բացի ավարտական վկայականից, որը կշնորհի դպրոցը, աշակերտը կունենա նաեւ առարկայական հավաստագրեր:

Այս նոր համակարգի ներդնումը հնարավորություն կտա հիմնական դպրոցների արդյունքները (վերջնարդյունքները նույնպես) դիտարկել որպես վարկանիշավորման ցուցանիշներ եւ նրանց միջեւ մեծացնել մրցակցությունը: Ծնողներն արդեն առավել բծախնդիր չափանիշներով կկատարեն դպրոցների ընտրությունը, հնարավոր կլինի այս կամ այն առարկայական խորացված ուսուցմամբ դպրոցները տարբերակել միմյանցից: Այսօր ծնողի մոտ այդպիսի ընտրության մշակույթը թույլ է դրսեւորվում, գործում է դպրոցի ընտրության «հայկական չափանիշը», եւ ավագ դպրոցում նա հարկադրաբար թակում է նաեւ կրկնուսույցի դուռը (փաստորեն տասներկուամյա ծրագիրը դեռեւս իր նպատակին լիարժեք չի ծառայում): Ծնողն ավագ դպրոցի նկատմամբ այլեւս թերահավատ չի լինի եւ գործ կունենա իր պահանջները բավարարող արդեն կայացած ավագ դպրոցի հետ: Դասարանից դասարան, հիմնական դպրոցից ավագ դպրոց, այստեղից էլ համալսարան սովորողների մի մասի հիվանդագին եւ անտարբեր սովորույթը (խորհրդային դպրոցին բնորոշ) պետք է վերանայել, այլապես համալսարանները լուրջ խնդիրներ կարող են ունենալ: Մինչդեռ կրթությունը ՀՀ տնտեսության զարգացման գերակա բնագավառներից է եւ ունի ռազմավարական նշանակություն: Եթե ընթանում է կրթական գործունեություն, անկախ այն բանից, թե կրթական ծրագիրը իրականացվում է մեկ կառույցի շրջանակներում, թե տարբեր, միեւնույն է, այն պետք է ներկայացված լինի ուսուցման պատշաճ մակարդակով, նախարարության կամ այլ լիազոր մարմնի կողմից հաստատված որակի ապահովման չափանիշներով: Շահում է այն երկրի կրթական համակարգը եւ տնտեսությունը, որտեղ կրթական վերջնարդյունքների գնահատման համակարգը արժեզրկված չէ, գործում է անկողմնակալության սկզբունքը. սա է կրթական համակարգի գլխավոր առանձնահատկությունը եւ նրան ներկայացվող պահանջը: Այսպիսով, ծրագրից ծրագիր աշակերտի մնացորդային գիտելիքին ներկայացվող պահանջը այնպիսի երաշխիքներ պետք է ստեղծի, որ ապահովի արդյունավետ շարունակական կրթական գործունեության ներդաշնակ ընթացքը՝ որակավորումների ազգային շրջանակով պայմանավորված խնդիրների իրագործումը: Այնպես որ, անհրաժեշտ է բարեփոխել նաեւ ներկայիս բարեփոխումների բովանդակությունը, դրանք իրականացնել ավելի խորքային ու նպատակային:

ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31