Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օր Վազգենյան դպրանոցում

Մարտ 11,2014 10:52

«Այստեղ գալու առավոտյան ծնողներս ինձ անգամ չճանապարհեցին, չէին հաշտվում որոշմանս հետ». Մխիթար Թովմասյանը Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սան է: Երկու տարի սովորելով Պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ նա զգում է, որ իրեն չի գրավում այդ ճանապարհը. «անընդհատ ավելի էր մեծանում ոչ միայն հոգևոր գիտելիք ստանալու, այլև այդ կյանքով ավելի խորն ապրելու ձգտումը: Երկրորդ կուրսի վերջում պատեհ առիթ ներկայացավ. մայրս, ով ամենաշատն էր դեմ, որ հոգևոր ասպարեզն ընտրեի, երկրում չէր: Ես արագ դիմում գրեցի և դուրս եկա համալսարանից: Ի վերջո, հայրս ընդառաջ գնաց իմ ցանկությանը»:

Վազգենյան դպրանոցն արդեն 24 տարվա պատմություն ունի: Այն հիմնվել է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (այժմ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի) նախաձեռնությամբ և Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: «Դպրանոցի նպատակը բազմակողմանի զարգացած, հավատքով, խոնարհ, ազգասեր և աստվածասեր շրջանավարտներ՝ ապագա հոգևորականներ պատրաստելն է մեր ժողովրդի համար»-ասում է փոխտեսուչ, Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը: Այստեղ ուսուցումը քառամյա է. բակալավրի աստիճան ստանալուց հետո սաները մագիստրատուրան շարունակում են Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Դպրանոցում այսօր ապրում եւ ուսանում են 71 ուսանողներ. նրանց մեծ մասը Հայաստանից է, բայց կան նաեւ սփյուռքից սաներ, որոնց համար հայոց լեզվի հատուկ դասընթացներ են անցկացվում:

«Հոգևորականների հետ շփվելիս ես զգում էի, որ նրանք, լինելով տարբեր, միաժամանակ, չեն ընթանում մարդկության կամ իմ դեմ, այլ` իմ կողքով, սակայն ոչ իմ ճանապարհով». չորրորդ լսարանի սան Հարություն Քեշիշյանը երբեք չի զղջացել հոգևոր ասպարեզն ընտրելու և դպրանոց գալու համար: «Այստեղ յուրահատուկ միջավայր կա. կարողանում ենք երկար ժամանակ հատկացնել աղոթքին, խոկմանը` քննելով մեր կյանքը Սուրբ Գրքի լույսի ներքո»: Հարցին` թե հե՞շտ է արդյոք հեռու լինել աշխարհիկ կյանքից, ուսանողը պատասխանում է, որ իրենց ուժ են տալիս աղոթքը և խոկումը:

Հետաքրքիր ու հագեցած է ուսանողների առօրյան: Երբ առավոտյան մարզանքն ավարտվում է, նրանք շտապում են ժամերգության, իսկ նախաճաշից անմիջապես հետո՝ դասի: Ապագա հոգևորականները պարբերաբար մասնակցում են գիտաժողովների, փոխադարձաբար այստեղ են հրավիրվում դասախոսներ, ճանաչված մասնագետներ (այդ թվում` արտերկրից), նաև հյուրեր՝ մտավորականներ, արվեստի գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ:

Դպրանոցը համագործակցում է Գավառի պետական համալսարանի հետ. կազմակերպվում են հանդիպումներ, համատեղ միջոցառումներ. «Այսօր շատերը լավ պատկերացում չունեն ճեմարանի, ուսանողների առօրյայի մասին. իրենց համար այս ամենը փակ աշխարհ է, և փոխադարձ ճանաչողական այցելությունները դրական արդյունք են ունենում»,-նշում է դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հարություն աբեղա Կիրակոսյանը:
Իսկ եկեղեցական տոների առիթով Սևանի երիտասարդների և Լճաշենի զորամասի հետ կազմակերպվող միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել: Ապագա հոգևորականները Սևան քաղաքում տեր Մինասի հետ մասնակցում են նաև հոգևոր զրույցների, քարոզների: Իսկ Գավառի մանկատանն անցկացվող հոգևոր դասընթացների շնորհիվ ուսանողների և երեխաների միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել. վերջիններս արդեն այցելում են եկեղեցի, մասնակցում Պատարագներին:

Ազատ ժամերին ուսանողներին կարելի է տեսնել դպրանոցի հարուստ գրադարանում: Ընթերցանության հետ միասին սաները թարգմանություններ են կատարում, հոդվածներ պատրաստում: «Իմ կարծիքով՝ այստեղ ավելի, քան աշխարհիկ բուհերում, կարևորվում է կրթությունը»,-նկատում է անգլերենի դասախոս Նունե Սահակյանը:

Ուսանողները նաև երգչախմբի պարապմունքներ ունեն: Հաճախ արտերկրի հյուրերը, նրանց կատարումները լսելուց հետո ցանկություն են հայտնում ձայնագրություններն ունենալու: Ի դեպ` դպրանոցի երգչախումբը մինչև այժմ հոգևոր երգերի երեք ձայնասկավառակ է լույս ընծայել (այդ թվում` Կոմիտասյան քառաձայն Պատարագը):
Բնությունը և այն փաստը, որ ճեմարանը հեռու է քաղաքից, դարձնում է այն կատարյալ գողտրիկ մի վայր՝ թե´ ուսումնական պարապմունքների, թե´ եկեղեցական արարողությունների եւ մտորումների համար: Ինչպես ասում են ուսանողները՝ այստեղ աստիճանաբար ուրիշ մտածելակերպ, հոգևոր աշխարհայացք է ձևավորվում:
Սակայն, հրաժարվելով աշխարհիկ կյանքից և ընտրելով հոգևոր ասպարեզը՝ սաները չեն դադարում լինել երիտասարդ և կյանքով լեցուն: Նրանք այցելում են համերգներ, թատրոն, ուխտագնացություններ կատարում: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո դպրանոցը գեղեցիկ ավանդույթ ունի՝ «պտույտ»-ը, այն է՝ ուխտագնացություն պատմական սրբավայրեր:

Ուսանողների խոսքով՝ Վազգենյան դպրանոցում կրթությունը սոսկ ուսուցում չէ, այլ` ինքնամաքրման հնարավորություն. Ի վերջո, «գիտակցելով ճիշտ ճանապարհը, ցանկանում ես փոխվել, ուղղվել: Դա, իհարկե, բերում է իր դժվարությունները, բայց վերջիններս լուծելը շատ հեշտ է, երբ հստակ նպատակ ունես»: Հարությունի համար դրանք տհաճ ու անհաղթահարելի դժվարություններ չեն, այլ` այն բեռը, որի մասին Քրիստոս ասում է. «Իմ բեռը քաղցր և Իմ լուծը` թեթև» (Մատթ. 11:29):

Այժմ ուսանողների համար գլխավոր խնդիրը ոչ միայն հոգևոր գիտելիք ստանալն է, այլև դրանով ապրելը: «Այստեղ անցկացրած չորս տարիներն ինձ սովորեցրին, որ էականը պարզապես հոգևորականի կոչումը չէ. այլ իմ` քրիստոնեավայել ապրելակերպը, կենցաղը: Եթե անգամ հոգևորական չդառնամ, անպայման իմ կյանքը կապված կլինի եկեղեցու, Աստծո հետ»,-ասում է Հարությունը:

Իսկ Մխիթարի ծնողները հետագայում փոխեցին իրենց դիրքորոշումը՝ գալով և ծանոթանալով հոգևոր հաստատության միջավայրին, պայմաններին և կրթությանը: Նրանց մոտ փոխվել է անգամ հոգևորականի նկատմամբ պատկերացումը: «Եվ այս ամենն առավել հաստատուն կլինի, եթե ես հավատարիմ մնամ իմ կոչմանը»,-ասում է Մխիթարը:

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31