Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չենթարկվեցի խորհրդային ռեժիմին»

Մարտ 14,2014 14:12

Հանրահայտ ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին «փակագծեր է բացում»
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացող, 1987 թ.-ից բրիտանաբնակ ռուս ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց ջութակի համաշխարհային գրականության ընտիր էջերից Բրամսի կոնցերտը: Համերգի ավարտին երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը «Առավոտին» ասաց, թե այս կոնցերտը, որ պահանջում է բարձրակարգ տեխնիկական պատրաստվածություն ու փիլիսոփայություն, աշխարհահռչակ շատ ջութակահարների կատարմամբ է հնչել, սակայն Սիտկովեցկին սեփական մեկնաբանությանը գումարեց նաեւ եռամաս սիմֆոնիկ ցիկլի մասշտաբային մտածողություն: «Իսկապես հրաշալի կատարում էր՝ դիրիժորի ղեկավարությամբ նվագախմբի եւ մենակատարի փոխադարձ, կարծես վաղուց պայմանավորվածության արդյունք: Մինչդեռ այս բարձրակարգ կատարման համար պահանջվել է ընդամենը երկու փորձ: Կուզեի նշել նաեւ Բեթհովենի 6-րդ սիմֆոնիայի «երիտասարդական» բարձրարվեստ, ինքնատիպ կատարման մասին»:

«Առավոտը» գլխավոր փորձից առաջ հանդիպեց Դմիտրի Սիտկովեցկուն: Հարցին, թե ինչի՞ց ելնելով է արեւմտյան մամուլն իրեն համարում հաջողակ ջութակահար, դիրիժոր, կամերային երաժիշտ ու փառատոնի տնօրեն մեր զրուցակիցը նախ հայտնեց, թե այս տարին հոբելյանական է իր համար, մանրամասնելով՝ «Լրանում է երաժշտական գերդաստանիս 125-ամյակը: Ես չորրորդ սերնդի ներկայացուցիչն եմ: Մայրս՝ դաշնակահարուհի Բելլա Դավիդովիչն է, ով քանիցս բեմ է բարձրացել Երեւանում, իսկ ներկայումս ապրում ու դասավանդում է Նյու Յորքում: Նրա պապի պապը՝ Իսահակ Ռատները, ով ժամանակին Բաքվի օպերային թատրոնի կոնցերտմայստերն ու դիրիժորն էր, իր 40-ամյա ստեղծագործական գործունեության առիթով 1889թ. արժանացել է մեծանուն մանկավարժ Պրեսմանի դիրիժորական փայտիկին… Այսօր կինս՝ նախկինում օպերային երգչուհի, դասավանդում է Մեծ Բրիտանիայում, 24-ամյա դուստրս էլ ապագա օպերային երգչուհի է, սովորում է Լոնդոնում: Կարճ ասած՝ ձեր թերթի էջերը, համոզված եմ, չեն բավականացնի ներկայացնելու գերդաստանիս…»: Ինչ վերաբերում է հաջողակ լինելուն, արվեստագետը դա կապում է Բարձրյալից ստացած շնորհի հետ, ընտանիքի եւ ընդհանրապես շրջապատի հետ, որտեղ մանկուց արդեն որոշվել է նրա երաժիշտ լինելը: Հիշեց նաեւ, որ մայրը մտերիմ էր Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիեւի եւ մյուս հայազգի անվանի ստեղծագործողների հետ: «Այսօր ես բարեկամական ու ստեղծագործական սերտ համագործակցության մեջ եմ ամերիկաբնակ հայազգի անվանի կոմպոզիտոր Յակով Յակուլովի եւ մյուսների հետ»,- նշեց երաժիշտը:

Հետաքրքրությանը, թե իր որոշ գործընկերների օրինակով ինչո՞ւ է ընտրել Եվրոպան՝ ապրելու եւ ստեղծագործելու համար, երաժիշտը պատասխանեց. «Լոնդոնում ընդամենն ապրում եմ: Տարբեր տարիների Ֆինլանդիայում միջազգային երաժշտական փառատոնի արտիստական տնօրենն էի, եղել եմ նաեւ Սիեթլիի փառատոնի կազմակերպիչներից մեկը, այսօր ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն եմ, 2003-ից հանդիսանում եմ Գրինսբորոյի նվագախմբի երաժշտական տնօրենը…»: Ինչ վերաբերում է Ռուսաստանից հեռանալուն, մաեստրոն նշեց. «Ինձ արգելում էին անել այն, ինչ ցանկանում էի»: Հետո էլ մանրամասնեց. «Հասկանում էի՝ ինչ է նշանակում խորհրդային իշխանություն: Պետք էր «վերեւներին» մշտապես հաշվետվություն տալ, դառնալ նրանց սիրելին, ոչ մի կերպ չհաջողվեց ինձ ենթարկվել այդ ռեժիմին, ինչն, ի դեպ, գործում է մինչ օրս»:

Աշխարհահռչակ IMG արտիստական գործակալության անդամ մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է կարողանում հոգալ ամերիկյան իր նվագախմբի ֆինանսական հարցերը, այն դեպքում, երբ այդ երկրում մշակույթը չունի պետական հովանավորություն: «Գումարային հարցերով մեզ աջակցում են անհատ ձեռներեցներ, որոնք ընդգրկված են նվագախմբի հոգաբարձուների խորհրդում: Այլ պատկեր է Եվրոպայում՝ մշտապես անհրաժեշտ է հայթայթել գումար, բայց երբեք կախված չլինել քաղաքականությունից»:
Զրույցի ընթացքում ճանաչված երաժիշտը, որը հանդես է եկել Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, «Կոնցերտգեբաու» ֆիլհարմոնիկ եւ մյուս հռչակավոր նվագախմբերի հետ, գովեստի խոսքեր հնչեցրեց Երիտասարդականի երաժիշտների եւ մասնավորապես դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հասցեին: Ասաց, որ Սմբատյանի հետ անցյալ տարի հանդիպել է Վրաստանում. «Որքան գիտեմ՝ հայ դիրիժորի գործունեությամբ էլ է զբաղվում IMG-ն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31