Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի՝ «մեծ եղբոր սինդրոմն» ու Հայաստանին ինտեգրացիայի համար վճարելու հարցը

Մարտ 24,2014 15:00

«Եթե մենք ուզում ենք Ռուսաստանի շուրջ կոնսոլիդացնել հետխորհրդային տարածքը, ապա իր գործընկերների նկատմամբ Ռուսաստանը պետք է առատաձեռն լինի»,- ի պատասխան քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին՝ արդյոք ինտեգրացիան չի՞ ենթադրում նաև ինչ-որ առումով վճար և արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է դրան, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Ռուսլան Գրինբերգը:

Նշենք, որ մարտի 26–ին կմեկնարկի Մոսկվայի տնտեսական համաժողովը՝ «Ժամանակակից Ռուսաստան. տնտեսական քաղաքականություն» թեմայով։ Համաժողովի առանցքային թեման ՌԴ–ի ոչ հումքային ապագան է։ Համաժողովին կմասնակցեն հեղինակավոր ռուս և օտարերկրյա գիտնականներ, արդյունաբերողներ, քաղաքական, հասարակական գործիչներ, տնտեսագետներ։
Համաժողովին ընդառաջ հրավիրված տեսակամուրջի ժամանակ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Ռուսաստանը մեր երկրի համար անվտանգության, ինչպես նաև էներգետիկ և քաղաքականության առումով երաշխավոր է: Հետևաբար, եթե Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի մասին է մտածում, ապա նշեմ, որ առանց համապատասխան վճարի դա հնարավոր չէ պատկերացնել: Ուստի որքանո՞վ է Ռուսաստանը պատրաստ հասկանալ այն, որ ինտեգրացիան վճար է պահանջում և արդյոք պատրա՞ստ է դրան գնալ»: ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Ռուսլան Գրինբերգը, անդրադառնալով Ալեքսանդր Իսկանդարյանի բարձրացրած հարցերին, ասաց. «Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին Ռուսաստանն իր գործընկերների հետ աշխատել է առավելագույն տնտեսական եկամուտ, նվազագույն քաղաքական պատասխանատվություն սկզբունքով: Մեծ եղբոր սինդրոմը դժվար է հաղթահարել: Մենք ընդունում ենք, որ դուք անկախ եք, բայց միևնույն է մեր մեջ այն գիտակցությունն է, որ գլխավորը մենք ենք: Ես կողմ եմ նրան, որ ինտեգրացիայի համար վճարել է պետք: Մյուս կողմից մեր ղեկավարությանն եմ հասկանում, քանի որ լինում է այնպես, որ դրամաշնորհները, որ պետությունը տրամադրում է, գումարները ծախսում, դա արդյունավետ ինտեգրացիայի չի բերում: Այլ ստացվում է, որ ֆինանսավորում ստացած պետությունը մի տեսակ սովորում է այդ օգնությանը»:
«Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Կոնստանտին Բաբկինը, չհամաձայնելով, նշեց. «Անիմաստ է ինտեգրացիայի համար վճարել, այդ դեպքում ինտեգրացիան երկարաժամկետ լինել չի կարող: Մեր նոր տնտեսական քաղաքականությունը հենց մի մեխանիզմ է լինելու, որի արդյունքում մեր գործընկերները միությունից ավելի շատ օգուտ են ստանալու, իսկ մյուսները երազելու են Մաքսային միության անդամակցության համար»:

Հարցին՝ ռուբլու արժեզրկման վտանգ չկա՞, Ռուսլան Գրինբերգը նշեց. «Եթե պատժամիջոցներ լինեն, ապա չի բացառվում, որ խուճապ կամ տարադրամի արժեզրկում լինի, ռուբլու դեվալվացիա: Կոնկրետ այս պահի դրությամբ ռուբլու կուրսը բարձրացել է, այսինքն՝ այն կարող է բարձրանալ-իջնել: Սակայն ռուբլու կուրսի իջեցման հիմնավոր պատճառներ չկան՝ տարադրամի պաշարներ, նավթի գների կայունություն: Այս իմաստով ռուբլու դիրքերը պահպանված են: Բայց այսօրվա դրությամբ չորս բանկեր լուրջ խնդիրներ ունեն, և եթե դոմինոյի էֆեկտ գործի, ապա այդտեղ լուրջ խնդիրներ կարող են լինել»:
Տեսակամուրջի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Ղրիմի ժողովրդին վերաբերող խնդիրներին:

Կոնստանտին Բաբկինը նշեց. «Պետք է անենք այնպես, որ Ղրիմի ժողովուրդը տեսնի, թե որն է Ռուսաստանին միանալու պլյուսը: Մարդկանց առաջին հերթին պետք է ապահովել աշխատանքով»:

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Բուզգալինն այս առիթով ասաց. «Մայդանը հասարակական- քաղաքական հարցերի լուծման ամենալավ ճանապարհը չէ: Մենք ուզում ենք խնդիրները լուծել խաղաղ ու կայուն ճանապարհով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31