Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկանդարյան․ «ՌԴ-ն ընդամենը 2 միջոց ունի իրապես ազդելու հետսովետական տարածաշրջանի վրա՝ էներգակիրներ եւ անվտանգություն․ սա հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության»

Ապրիլ 11,2024 15:35

«Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովի ժամանակ այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, ասաց՝ այդ պատերազմն ինչպես էլ ավարտվի կամ կանգ առնի, քաղաքական որոշ իրավիճակներ չեն փոխվելու՝ ՌԴ- դեմ պատժամիջոցները մնալու են, ՌԴ-ի մեկուսացումը մնալու է, ՌԴ տնտեսական մեկուսացումը արեւմուտքից մնալու է, հաղորդակցության բնույթի որոշ խնդիրներ չեն դադարելու ցանկացած դեպքում․ «Ես չեմ կարծում, որ առաջիկա տարիներին ինչ-որ կտրուկ փոփոխություններ կլինեն եւ չեմ կարծում, որ արեւմուտքում ՌԴ-ի իմիջի փոփոխություն կլինի»։

Իսկանդարյանի դիտարկմամբ՝ ռազմավարական իմաստով ՌԴ-ն Հարավային Կովկասից հեռանում է, եթե դեռ չի հեռացել․ «Ես նկատի չունեմ, որ Ռուսաստանը դադարելու է կապված լինել Հարավային Կովկասի հետ, որ չի լինելու հումանիտար կապ, որ չեն լինի ենթակառուցվածքային կապեր, Վերին Լարսը, էներգակիրները, դրանք երկար տարիներ աշխատելու են։ Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ի վերացման հետ կապված, դա անչեղարկելի է, համենայնդեպս, տասնամյակներով։ Լեռնային Ղարաբաղ ասելով ես նկատի չունեմ միայն հայ բնակչությունը, այլ նկատի ունեմ հանրապետությունը, սուբյեկտը»։

Ըստ քաղաքագետի՝ ԼՂ-ն ՌԴ-ի համար գործիք էր Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ազդելու անվտանգության ոլորտում, այդ հարցում ՌԴ-ն մենաշնորհ ուներ․ «Նման մի բան տեղի ունեցավ Վրաստանի հետ 2008-ին՝ վերջնականապես կորցնելով ռազմական իմաստով ազդեցությունը, նկատի ունեմ Աբխազիան, Օսիան, ՌԴ-ի հարաբերությունների կարգավորման հնարավորությունը վերացավ»։

Նրա կարծիքով՝ ռուսական զինծառայողների ներկայությունը չի կարող շատ մեծ ազդեցություն ունենալ ՌԴ-ի հետ կապվածության իմաստով․ «Հասկանալի է, որ ռուս փոքրաթիվ խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում, որ չգիտենք՝ ում ումից են պաշտպանում, գործունակ չեն։ ՀՀ-ում կան ռուս սահմանապահներ, եւ մենք տեսնում ենք այդ վեկտորը ուր է ուղղված, որովհետեւ եթե Ադրբեջանն արդեն հաղթել է պատերազմում եւ արդեն արել այն, ինչ ուզում էր՝ ստացել է Արցախն առանց հայերի, ապա իրենց ինչի՞ն են պետք ռուսները»։

Ըստ Իսկանդարյանի, ՌԴ-ն ընդամենն երկու միջոց ունի իրապես ազդելու հետխորհրդային տարածաշրջանի վրա՝ արժեքավոր էներգակիրներն են եւ անվտանգությունը եւ սա հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության։

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, Իսկանդարյանն ասաց՝ Հայաստանի համար Վրաստանը կարեւոր երկիր է՝ հաշվի առնելով ենթակառուցվածքները, Հայաստանը Վրաստանի համար գուցե տնտեսապես այնքան էլ կարեւոր չէ․«Բայց ինձ ուրախացնում է որ, վրացական Bank of Georgia-ն ձեռք է բերել «Ամերիաբանկը»»։

Ամփոփելով՝ քաղաքագետն ասաց, որ Հարավային Կովկասում նոր միտում է առաջանում՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը, եւ դա ՀՀ-ն ու Վրաստանը պետք է հաշվի առնեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930