Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի երեխաները հայերեն մուլտերի կարիք ունեն

Ապրիլ 04,2014 14:16

Իսկ դրանք եւ քիչ են նկարվում, եւ քիչ ցուցադրվում

«Առավոտի» ընթերցողներից մեկը մտահոգություն էր հայտնել, որ սփյուռքում ապրող հայ երեխաների համար գեղեցիկ, գրագետ հայերենով մուլտֆիլմերը մայրենի լեզուն չմոռանալու միջոց են, սակայն այժմ իրենք ավելի քիչ են դիտում մուլտֆիլմեր, քանի որ հայկական հեռուստաալիքներով դրանք հաճախ չեն ցուցադրվում:
«Առավոտը» այս թեմայով զրուցեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ: Նա նշեց, որ կինոկենտրոնն էլ շահագրգիռ է ոչ միայն հայկական մուլտֆիլմերի, այլեւ ընդհանրապես ֆիլմերի ցուցադրությամբ: Հավելեց, թե պատրաստվում են այս տարի «Կինոաշունը» անցկացնել Ռուսաստանի հայկական համայնքներում, աջակցելու խնդրանքով էլ նամակ են ուղարկել Ռուսաստանի հայերի միությանը: «Մենք կարող ենք ֆիլմերը տրամադրել, բայց չենք կարող ապահովել տեղում ցուցադրություն: Պատրաստ ենք Ռուսաստանի տարբեր քաղաքներում, օրինակ՝ Կրասնոդար, Մոսկվա, Ռոստով, հայկական ֆիլմերի, ներառյալ մուլտերի ծրագրեր անել: Սպասում ենք մեր նամակի պատասխանին»,- ասաց մեր զրուցակիցը:

gevorgyan1

Հետաքրքրվեցինք՝ տարեկան քանի՞ մուլտֆիլմ է նկարվում կինոկենտրոնի աջակցությամբ: Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ դրանց թիվն ամեն տարի 4-5-ն է. «Այս պահին նկարահանվում է Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքները» սերիալը, Անդրանիկ Թորոսյանն է նկարում տարբեր անվանումներով հայկական մուլտֆիլմեր՝ «Սայաթ-Նովա», «Զարմանադարան», Դավիթ Սահակյանցն է «Անահիտը» նկարում… Այն մուլտերը, որ նկարահանվում են կինոկենտրոնի աջակցությամբ, հայերեն են, տեքստերը պարտադիր խմբագրվում են: Իսկ այն ֆիլմերը, որոնք աղավաղված հայերենով ցուցադրվում են կինոթատրոններում, հիմնականում այն ֆիլմերն են, որոնցում մասնակցություն չունենք: Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ մուլտեր եւ ֆիլմեր ցուցադրելուն, դա առանձին խոսակցություն է: Հեռուստատեսությունները չեն ուզում վճարել ֆիլմերի համար, պրոդյուսերներն ուզում են, որ իրենց վճարվի: Ինչ-որ տեղ Հանրային հեռուստատեսությունը ինչ-որ չափով հայկական մուլտեր ցուցադրում է: Բայց եթե տարեկան չորս ֆիլմ ենք նկարահանում, տարվա մեջ չորս ցուցադրումը չի էլ երեւում: 364 օրից 4 օրը հայկական ֆիլմ լինելու դեպքում, գուցե 90%-ն էլ տեղյակ չլինի»:

Իսկ ինչո՞ւ «Հայֆիլմի» հին մուլտերը չեն ցուցադրվում: «Դրանց իրավունքները պատկանում են «Գաֆեսճեան» հիմնադրամին, շուտով լրանում է պայմանագրի 10 տարին, թերեւս այդ հարցն էլ կլուծվի, եթե ամբողջը վերադարձվի կինոկենտրոնին: Այդ դեպքում կարելի է մուլտերն ու ֆիլմերը անգամ անվճար տրամադրել բոլոր հեռուստաալիքներին: Մեզանում միայն մի բան է անլուծելի. աշխարհում բոլոր հեռուստաընկերությունները կա՛մ պատվիրում, կա՛մ գնում են ցուցադրման իրավունքը, մեզ մոտ կինոթատրոնն ու հեռուստաընկերությունն ասում են՝ մի բան էլ դուք վճարեք, որ ցույց տանք: Մեզ մոտ լրիվ հակառակ ճանապարհով են գնում կինոյի ասպարեզում: Շղթայական մի խնդիրը մյուսի հետ կապված է, այդ ամենը տեղը կընկնի «Կինոյի մասին օրենքի» ընդունումից հետո: Բազմաթիվ հարցեր կան, որոնք ենթահարցեր ունեն: Թեկուզ այն, որ ֆիլմերը պետք է գրանցվեն Հայաստանում, պետք է ռեգիստր լինի: Այսօր հայտնի չէ, թե Հայաստանում ով է նկարահանում, քանի ֆիլմ է նկարվում: Ֆիլմերը պետք է ցուցադրման արտոնագիր ստանան: Արդյոք ամեն ֆիլմ իրավունք ունի՞ կինոթատրոն գնալ, գուցե հակահայկական կամ պոռնոգրաֆիկ ֆիլմ է: Լիքը խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: «Կինոյի մասին օրենքը» հստակ չափորոշիչներ կսահմանի»,- ասաց Գեւորգ Գեւորգյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել նաեւ թեմայի հետ առնչվող այլ տեսակետներ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Երևանցի says:

    Ախար սա ուր… կինոն ուր….???? Այս կոմսոմոլին պետք է հեռու պահել արվեստից….Հայֆիլմում մաստիկա վաճառող եր, թէ ոնց դարձավ կինոի մասնագետ????

  2. Երևանցի says:

    Այդ կինոկենտրոնն էլ սրա համար ստեղծեցին ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930