Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղ ներկրողները դժգոհում են, որ դեղերի գները ԱԱՀ-ն է բարձրացնում

Ապրիլ 04,2014 14:30

Հայաստանում դեղերի գների բարձր լինելը դեղարտադրող եւ ներկրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պայմանավորում են սահմանի վրա գանձվող ավելացված արժեքի հարկով՝ ԱԱՀ-ով: Ըստ նրանց՝ «դեղը դեռ չներկրած, չսպառած՝ սահմանի վրա վճարում ենք ավելացված արժեքի հարկը», ինչն էլ, դեղոլորտի մասնագետների ներկայացմամբ, իր անմիջական արտացոլումն է ունենում դեղերի գների վրա: «Առավոտի» հետ զրույցում «Էսկուլապ» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն ասաց, որ ներկայումս դեղ ներմուծողների հիմնական խնդիրը դեռեւս մնում է ԱԱՀ-ն. «Այսօր կառավարության տարբեր ատյաններում քննարկվում է այս հարցը, որպեսզի ԱԱՀ-ն սահմանային վճարումից անցնի շրջանառության միջավայր, որը մեզ՝ որպես ներկրողների, բավականին հնարավորություն կտա մեր ֆինանսական միջոցները կառավարելու»:

Ինչ վերաբերում է այս կամ այն դեղի թանկ լինելուն, ապա պարոն Գրիգորյանը մի այսպիսի համեմատություն է անում. «Ինչպես բրենդային ապրանքները, այնպես էլ բրենդային դեղերը ավելի թանկ են, քան մնացած ապրանքները, քանի որ բրենդ ստեղծող ընկերությունը մեծ ծախսեր է ներդնում, իսկ վերարտադրվում է ըստ երկրների՝ ամեն արտադրող փորձելով տեղավորվել ըստ իր ծախսերի»: Ըստ դեղոլորտի մեկ այլ մասնագետի՝ ԱԱՀ-ի պատճառով է, որ դեռ գործում է ստվերային շրջանառությունը:
Դեղարտադրող եւ ներկրող ընկերությունների ներկայացուցիչներին հանդիպեցինք դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ «Առանց փողկապների» հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ օրերս՝ Աղվերանում:

Դեղերի արտադրությամբ զբաղվող «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերության ներկայացուցիչ Սոնա Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դեղերի մանրածախ շուկայում կան որոշակի արտադրանքներ, որոնք ստվերում են եւ այդպես էլ չեն անցնում օրինական դաշտ. «Ոլորտում գործող անօրինական ընկերությունների մասին մեծածախ բաշխման ցանցերը եւ մանրածախ ցանցը տեղյակ չեն, եւ դեղատներում առկա են դեղեր, որոնք ոչ միայն գրանցված չեն, այլեւ չեն համապատասխանում իրենց որակի հսկման ցուցանիշներին»:

Դեղագործական ոլորտի ներկայացուցիչները նաեւ մտահոգիչ են համարում դեղերի տատանվող գները:

Ի պատասխան դեղոլորտի ներկայացուցիչների դժգոհություններին՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ ԱԱՀ-ն ներկրողների համար այնքան էլ խնդիր չէ, եւ իրականում կան ներկրողներ, որոնք պարզապես լրացուցիչ շահույթ են ցանկանում ստանալ: Ըստ նախարարի՝ այդ խնդիրը պետք է կարգավորվի՝ դաշտում սահմանելով վերահսկողություն, որպեսզի դեղերի գների մեջ մեծ տատանումներ չլինեն. «Կան դեղեր մրցակցային շուկայում, եւ շուկան է կարգավորում այդ հարաբերությունները, դեղեր էլ կան, որ ինչ-ինչ պատճառով հայտնվել են որոշակի փուլում եւ կախվածության մեջ են ընկնում ներմուծողի ցանկություններից, եւ այդ փուլում դեղերի տոկոսային հարաբերությունը, առավելագույն այդ վերադիրները բավականաչափ բարձր են լինում: Քանի որ մեր երկիրը համարվում է 98%-ով դեղ ներմուծող երկիր, հավաստագրի դեպքում մեր արտադրողները կարող են իրենց արտադրանքը վաճառել եվրոպական երկրներում, իսկ ինչ վերաբերում է հիմնական դեղերի ցանկին՝ կանոնակարգվելու է, եւ սահմանվելու են առավելագույն թույլատրելի գներ. մնացած դեղերը շուկայական տնտեսության պայմաններում կկարգավորվեն: Թանկացումները լինում են նաեւ սեզոնային բնույթի՝ կապված միջազգային շուկայում թանկացման կամ արտարժույթի տարբերության հետ»,- ասաց նախարարը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ բնակչության առաջին անհրաժեշտության դեղերի գները կարգավորելու են՝ օրենքում ամրագրված հետեւյալ սկզբունքի համաձայն. սահմանել առավելագույն վերադիրներ կամ առավելագույն տոկոսներ՝ ներկրման կամ արտադրության գնից ելնելով, որը թույլ կտա մատչելի դեղերով ապահովել մեր ազգաբնակչությանը. «Եվրոպական երկրներում հաշվի է առնվում համեմատական մեթոդը, որոնք համեմատում են այլ երկրներում գործող գները, ներմուծման եւ արտահանման ծախսերը, եւ դրանից ելնելով՝ արտադրողին կամ ներմուծողին թույլատրում են որոշակի առավելագույն տոկոսներ կիրառել գնի նկատմամբ»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930