Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հարցում Ռուսաստանի մենաշնորհը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ ԼՂՀ-ի շահերից (Տեսանյութ)

Ապրիլ 17,2014 12:09

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը չբացառեց, որ  տարածաշրջանային զարգացումների պատճառով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ազդեցություն այնքան թուլանա, որ խումբը քանդվի`տարածաշրջանային զարգացումների պատճառով: «Նման վտանգ կա»,- ասաց  քաղաքագետը:

Aravot.am-ի հարցին` եթե ստացվի այնպիսի իրավիճակ, որ Մինսկի խումբը պաշտոնապես դադարեցնի իր գործունեությունը` ի՞նչ իրավիճակ կստեղծվի, կգնա՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ Ղարաբաղին ձեռնտու է, որ Մինսկի խումբը լինի: «Ցանկացած կոնֆլիկտում, երբ կա լուծման գլխավոր ձեւաչափը` դա միշտ դրական է: Կողմերը հույսեր են կապում բանակցությունների հետ, զերծ են մնում պատերազմելուց: Այդ գլխավոր բանաձեւը միշտ էլ կողմերի համար զսպիչ մեխանիզմ է»,- ասաց բանախոսը: Բայց եթե այդ ինստիտուտի դերը թուլանա, Ստեփան Գրիգորյանն ակնհայտ է համարում այն, որ ամեն ինչ կարող է լինել եւ ոչ միայն Ադրբեջանի կողմից:

«ՌԴ-ի վերջին շրջանի քաղաքականությունը, գիտեք, շատ կոշտ է: ՌԴ-ն բաց ասում է, որ նախկին ԽՍՀՄ տարածքն իր ազդեցության գոտի է եւ եթե Մինսկի խումբը չլինի, որտեղ բացի ՌԴ-ից նաեւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են՝ պարզ է, որ ամեն ինչ կարող է լինել: ՌԴ-ն էլ կարող է կտրուկ քայլերի գնալ: Մինսկի խմբի թուլացումը կամ քանդումը կբերի նրան, որ կվերականգնվի ՌԴ-ի մենաշնորհ այս կոնֆլիկտում: Ես համոզված չեմ, որ դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂՀ-ի շահերից»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Որքան էլ կողմերի միջեւ անվստահությունը մեծ է, քաղաքագետը կարծում է, որ երկկողմ հանդիպումները պետք է լինեն: Ավելի լավ է անպտուղ հանդիպումներ, քան վտանգավոր լռություն: Նրա կազմակերպությունն էլ պաշտոնական դիմումներ է հղել  խնդրով մտահոգ միջազգային տարբեր կառույցների, որպեսզի գոնե դիպուկահարների հարցը լուծվի, ինչի մասին քանիցս հայտարարություններ են ընդունվել հենց Մինսկի խմբի կողմից: Այդ հարցի լուծումն, ըստ նրա, քայլ կլինի նաեւ ուղղված վստահության հարցի լուծմանը:

Փոխվստահության երկրորդ առիթը, ըստ բանախոսի, կարող է լինել Սարսանգի ջրամբարի համատեղ շահագործման բանակցությունները: Նախադեպը կա` Վրաստանը եւ Աբխազիան Ինգուրի գետի դեպքում նման համաձայնության եկան եւ դա քաղաքականության հետ որեւէ կապ չուներ: Նման քայլերն այսօր քաղաքագետն ավելի կարեւորում, քան հարցերը լուծելու փորձերը`հիմքի բացակայության պայմաններում: «Դուք տեսե՞լ եք լուծում, երբ պատերազմը շարունակվում է»,- տարակուսեց բանախոսը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930