Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայում քավոր-սանիկ կապերը դեր չեն խաղում»

Մայիս 22,2014 14:00

Կինոռեժիսոր Արթուր Բաբայանը՝ ամերիկյան կինոբարքերի
ու հայկական երազանքների մասին

«Առավոտը» քանիցս զրուցելով Ամերիկայում ստեղծագործող հայ կինոռեժիսորների հետ, նրանց տեսակետներից հանգել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ում ֆիլմի ստեղծման համար ծախսված գումարը, եթե ոչ ավելին, «վերադառնում» է կինոդահլիճներում ցուցադրությունից: Իսկ մեզանում կինոարտադրությունը, բիզնեսի փոխարեն, կարծես դարձել է հովանավորչության ոլորտ, ներդրված գումարն էլ ետ բերել հնարավոր չէ, քանի որ սակավ են դինոդահլիճները: Այս միտքը մեզ հետ «կիսեց» ամերիկաբնակ երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Բաբայանը (լուսանկարում), որի առաջին լիամետրաժ «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Մեր զրուցակցին խնդրեցինք նախ ներկայացնել, թե ո՞րն է աշխարհում ամերիկյան կինոարտադրության անմրցակից լինելու գաղտնիքը: «Իսկապես թանկ հաճույք է ֆիլմ նկարահանելը: Կոնկրետ՝ Ամերիկայում, եթե ֆիլմի սցենարը բխում է պետության շահերից, ապա պետությունը կարող է ամբողջովին ֆինանսավորել այն: Հակառակ դեպքում՝ կինոռեժիսորները դատապարտված են դռնեդուռ ընկնել՝ ներդրողներ գտնելու համար: Ամերիկացի կինոռեժիսորների սցենարները, եթե նկատել եք, հուզում են աշխարհին: Մի խոսքով՝ նրանք երբեւէ չեն նկարում ֆիլմ, որն ուղղված լինի միայն ամերիկացի լսարանին: Մյուս կողմից՝ ամերիկյան ֆիլմերում գումար ներդրողները պետք է վստահ լինեն, որ ֆիլմը եկամտաբեր է: Հաճախ ներդրողներին գտնելը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում, քան ֆիլմ նկարահանելը: Կարեւոր մի պայման էլ կա՝ գովազդի խելացի ու ճիշտ կազմակերպումը: Հենց դրանից է կախված կինոդահլիճ ապահովելը: Եթե գովազդը չի «աշխատում», ուրեմն ֆիլմը կարելի է «փակել»,- հայտնեց կինոռեժիսորը: Իսկ թե ինչպես են շահագրգռել իրենց ֆիլմի ներդրողներին, մանավանդ որ վերնագիրը հուշում է հայկական բովանդակության մասին, Արթուր Բաբայանը նշեց, որ 2 տարի է տեւել ներդրողներ գտնելը, ինչն ավելի երկար ժամանակ էր, քան ֆիլմը նկարահանելը:

1380004_589645247764375_149

Սցենարը հետեւյալն է. Հայաստանի գյուղերից մեկում բնակվող երիտասարդն ամսագրի շապիկին տեսնելով հոլիվուդյան դերասանուհու լուսանկարը, գնում է Վեգաս՝ նրա հետ ծանոթանալու: Դեպքերը այնպես են զարգանում, որ նա ծանոթանում է մեկ այլ ամերիկուհու հետ, սկսվում է սիրո պատմություն, արդյունքում՝ միասին Հայաստան են գալիս եւ ընտանիք կազմում: Արթուր Բաբայանը նաեւ հավելեց. «Ներդրողները բիզնեսմեններ են՝ Բոբ Բրանդթը եւ Սթիվ Հերմանը: Նրանք նախ ծանոթացել են սցենարին: Ֆիլմը կատակերգություն է, սցենարի հեղինակն էլ կինս է՝ Արմինե Ավետիքյանը: Բիզնեսմենները շատ լավ գիտեն, որ հայերը աշխարհասփյուռ են, հետեւաբար հայաստանյան պրեմիերայից հետո նախատեսված են ցուցադրություններ Կալիֆոռնիայում, Չիկագոյում, Նյու Յորքում, Կանադայում եւ Ռուսաստանում…»:

Երեւանյան ցուցադրությունից ակնկալո՞ւմ են շոշափելի գումար: «Ակնկալում ենք, որ շատ դիտեն՝ ինչպես Արեւմուտքում է, այլ ոչ թե շատ դատեն՝ ինչպես հայաստանյան իրականությունում է: Իհարկե, ֆիլմի պրեմիերայից հետո, մեր հետագա աշխատանքներում հաշվի կառնենք ոչ միայն մասնագետների, այլեւ հանդիսատեսի կարծիքը: Ֆիլմում նկարահանվել են ամերիկաբնակ սիրված դերասաններ Ալլա Թումանյանը, Լեւոն Շարաֆյանը, Անի Թումանյանը եւ իհարկե՝ ամերիկացի ճանաչված դերասաններ, այդ թվում՝ Շարլին Ռոզը, հոլիվուդյան մի դերասանուհի (անունը չնշեց, որ անակնկալ լինի), որը ժամանակին ներկայացված է եղել «Օսկարի», նա նաեւ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է եւ 1991թ. ամենաբարձր վարձատրվող արտիստը Ամերիկայում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե ֆիլմի սցենարի սկիզբը կարծես կինը գրել է կինոռեժիսոր ամուսնու մասին, քանի որ Արթուր Բաբայանն էլ ժամանակին տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես 13 տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց ԱՄՆ: Ստացել եմ հիմնավոր մասնագիտական կրթություն եւ, որ ամենակարեւորն է՝ 4 տարի առաջ մինչ սեփական Traveling Man Pictures-ը հիմնելը, տարբեր աշխատանքներ եմ տարել ամերիկյան ճանաչված ստուդիաներում, 1990-ականներին նկարահանել եմ կարճամետրաժ ֆիլմեր, բայց ինչպես ցանկացած կինոռեժիսոր, ես էլ եմ երազել մեծ կինոյի մասին: Իսկ դա ինձ հենց այնպես չտրվեց: Ամերիկյան իրականությունում քավոր-սանիկ կամ հարազատական կապերը դեր չեն խաղում, ոլորտի մարդիկ նկատում են քեզ եւ երաշխավորում՝ պրոֆեսիոնալիզմի առկայության դեպքում: Հաջորդ աշխատանքս, համոզված եմ, կիրագործեմ Հոլիվուդում»: Կատակեցինք, թե Արտաշատից ԱՄՆ տեղափոխված արվեստագետը նպատակ ունի գրավե՞լ Հոլիվուդը: Կինոռեժիսորը հայտնեց, թե Արտաշատում շնորհալի երիտասարդներ շատ կան, մանավանդ՝ թատերարվեստի ոլորտում: Հետո էլ հավաստիացրեց, թե մեծ գումարներ աշխատելու դեպքում ինքը պարտավորված է զգում ներդրումներ անել ծննդավայրում:

Հետաքրքրվեցինք ԱՄՆ-ում բնակվող հայաստանցի դերասաններով: «Շատերն ունեն այլ բիզնես, բայց եթե այն մեկ ամիս չաշխատեց՝ կկորցնես բառիս իսկական իմաստով՝ ամեն ինչ: Դժվար է հատկապես սկսնակ երիտասարդ արվեստագետների համար…»,- ասաց Արթուր Բաբայանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031