Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիների «անհավանական արկածները» Ղարաբաղում

Մայիս 22,2014 14:55

Կամ` ապագա բանակցությունները Ուորլիքի ելույթի
եւ դրան հետեւած իրադարձությունների ծիրում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամփոփեցին տարածաշրջանային այցը: Նրանք հույս են հայտնել, թե կողմերը համաձայնության կհասնեն Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցում:

Այս անգամ համանախագահների այցն առհասարակ նշանավորվեց ուշագրավ իրադարձություններով. ԼՂ-ում համանախագահներին դիմավորեցին բողոքի ակցիայով: Սա հետաքրքրական է, որովհետեւ սովորաբար երբ համանախագահները այցելում են տարածաշրջան ու սահմանափակվում միայն Երեւան եւ Բաքու այցելությամբ` Ստեփանակերտ չգնալը Արցախում մի տեսակ վատ է ընկալվում, նույնիսկ փոքր-ինչ «նեղացվածություն» է զգացվում, թե ինչու արհամարհեցին Արցախն այս անգամ: Բայց՝ փոխվել են ժամանակները…

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, մասնավորապես, Ջեյմս Ուորլիքից լսել իրենց կարծիքները եւ հաշվի առնել դրանք: Ուորլիքը նշել է, որ իրենք հարգում են ժողովրդի իրավունքը. «Չնայած անհամաձայնություններին, պետք է ինչ-որ ելք գտնել, որովհետեւ ամենավատ տարբերակը կարող է լինել պատերազմական գործողությունների վերսկսումը»: Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե այդ վեց կետերը հենց կարող են նոր պատերազմի հանգեցնել, ամերիկացի համանախագահը հիշեցրել է, որ այդ վեց կետերը նորություն չեն. «Կարեւոր եմ համարում մի բան շեշտել. այս ամենը պարտադիր որոշում չէ: Մինսկի խումբը չի կարող պարտադրել, մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ժողովրդին, լսենք նրանց կարծիքը եւ հանդիպենք ոչ միայն դե ֆակտո իշխանությունների, այլ նաեւ ժողովրդի հետ»,- ասել է նա:

ԼՂ իշխանությունները համանախագահների հետ հանդիպման ընթացքում շեշտել են, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձ անցյալին՝ թե՛ կարգավիճակի եւ թե՛ սահմանների առումով, անհնարին է: Միջնորդները հանդիպել են ԼՂՀ նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի հետ: Իսկ համանախագահների` Ադրբեջան կատարած այցը անցել է ուշագրավ պայմաններում. Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը երկրից բացակայում էին այդ օրը, միջնորդները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, եւ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ասել է, թե հակամարտության կարգավորման՝ միջազգային հանրության ջանքերը անարդյունավետ են:

Սա, թերեւս, չարժե պաշտոնական Բաքվի կողմից դեմարշ անվանել եւ ԵԱՀԿ ՄԽ-ն արհամարհելու բացահայտ փաստ, սակայն այն, որ ադրբեջանա-ամերիկյան փոխհարաբերություններում լարումը հասել է գագաթնակետին` դա ակնհայտ է: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթին հետեւեց նաեւ Բաքվում ԱՄՆ դեսպանի սենսացիոն հարցազրույցը, ճիշտ այն օրերին, երբ տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ով առաջիկա ամիսներին ավարտում է դիվանագիտական առաքելությունը Բաքվում, ինչպես ասում են` բաց տեքստով ամրագրեց, որ ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը կապված է Ուկրաինայի իրադարձությունների հետ: «Այն բոլոր քայլերից հետո, որ ձեռնարկեց ՌԴ-ն Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ»,- նշել է Մորնինգսթարը, այնուհետեւ խստորեն քննադատել ադրբեջանական իշխանություններին ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների դեմ չդադարող հետապնդումների համար: Նրա խոսքով՝ նման գործելաոճը վատթարացնում է Արեւմուտքի եւ Բաքվի հարաբերությունները: Ամերիկացի դեսպանը նաեւ ակնարկել է, թե նման քայլերը թուլացնում եմ Ադրբեջանի դիրքերը Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ: Մորնինգսթարն անդրադարձել է Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրներին. «Մենք կարծում ենք, որ որքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ամուր կլինի կայունությունը: Դա բխում է ինչպես բուն հասարակության, այնպես էլ երկրի կառավարության շահերից: Սակայն այն երբեմն ձեռնարկում է անհասկանալի ու ոչ անհրաժեշտ քայլեր, ինչը, մասնավորապես, վերաբերում է քաղաքացիներին տառապանք պատճառելուն: Սակայն մենք մշտապես ասել եւ ասելու ենք, որ Ադրբեջանի կառավարության հետ խոսելու ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին: Եթե կառավարությունը շարունակի իրագործել իր կոշտ գիծը, քաղաքացիական հասարակությանը թույլ չտա շունչ քաշել, ապա «Մայդանի» իրադարձությունները կարող են կրկնվել Բաքվում: Եթե ոչ այսօր, ապա` 5-10 տարի անց»:

Մորնինգսթարի սենսացիոն հայտարարություններին հաջորդեցին Ադրբեջանի իշխանությունների կոշտ արձագանքները մեկը մյուսի հետեւից: Նախ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը նշեց, որ Մորնինգսթարն իր արտահայտություններով փորձում է ստվեր նետել հարեւան երկրների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների վրա: Մամեդովը Մորնինգսթարին մեղադրեց երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Անդրադառնալով Մորնինգսթարի այն հայտարարությանը, թե ուկրաինական «Մայդանը» կարող է կրկնվել նաեւ Ադրբեջանում, Մամեդովն ընդգծել է, որ համայն աշխարհում քաջ հայտնի է, թե ով է ոգեշնչել Ուկրաինայի իրադարձությունները: Մամեդովի խոսքերով՝ «Մայդանը» ԱՄՆ-ի քաղաքականության ու ֆինանսավորման արդյունք է, եւ որ Ադրբեջանում որոշակի ուժեր քանիցս ձեռնարկել են նման սցենարների փորձեր, սակայն դրանք բոլորն էլ ձախողվել են:

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը նույնպես ամերիկացի դեսպանի հարցազրույցը որակեց որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ու դրանք ուղղորդելու փորձեր` դրանք անընդունելի համարելով: Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը Մորնինգսթարի հարցազրույցի առիթով նշել է. «Կարծում եմ, որ լավ չէ, երբ ԱՄՆ-ը կամ մեկ այլ խոշոր պետություն կամ միջազգային կառույց այս կամ այն ձեւով միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին կամ նրա արտաքին քաղաքականությանը՝ ձգտելով ղեկավարել այն, սովորեցնում է ժողովրդին, թե ինչպես պետք է ապրել»: Հասանովը նույնպես Մայդանը անվանել է «որոշ միջազգային ուժերի» ծրագիր եւ նրանց է մատնանշել որպես Ուկրաինայում քաղաքացիական դիմադրության, քաոսի եւ անարխիայի պատասխանատու:

Ուորլիքն ակնհայտորեն հասավ իր նպատակին. Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում հասարակությունը հայտնվեց Ղարաբաղյան հարցի կարգավորման սկզբունքների շուրջ քննարկման թոհուբոհի մեջ, մի բան, որ վաղուց չէր կատարվել: Բանակցային գործընթացում աշխուժացումն ապահովված է: Դեռ ավելին` Վաշինգտոնը պաշտոնական Բաքվի ուղղությամբ բացահայտ ճնշումներ է գործադրում՝ հավանաբար, հասկացնել տալով, որ Բաքվի ապակառուցողական դիրքորոշումների առջեւ աչք չի փակելու: Հենց սա է հավանաբար պատճառը, որ Ադրբեջանի իշխանության վերին օղակներում արդեն անթաքույց պաշտպանություն են որոնում Մոսկվայում` դժգոհելով, թե ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում ստվերել Ռուսաստանի հետ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները:

Ինչպես կազդեն վերջին իրադարձությունները առաջիկայում հնարավոր ղարաբաղյան բանակցությունների ընթացքի վրա՝ իհարկե, դժվար է միանշանակ կանխատեսել: Բայց այն, որ բանակցող կողմերը ստիպված են լինելու Ուորլիքի ելույթի եւ դրան հետեւած իրադարձությունների ծիրում որոշակի պայմանավորվածությունների գալ հետագա խաղի կանոնների շուրջ, թերեւս, կասկած չի հարուցում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ինչքան որ հասկացա, լըսըցնում են—–«Մեզ շտապ պատերազմ է պետք, տեսեք ոնց եք անում, բայց որ անպայման պատերազմն ապահովվեք»:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031