Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 100-րդ տարելիցն ազգային նոր ժամանակաշրջան է թելադրում

Հունիս 06,2014 13:45

Ցեղասպանության իրագործումից հարյուր տարի հետո, Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ժառանգները, հետապնդելով միայն ցեղասպանության ճանաչման խնդիրը՝ չեն կարողացել լուծել արեւմտահայկական հարցի հիմնադրույթներից եւ ոչ մեկը: Արեւմտահայությունը հայրենազուրկ եւ աշխարհացրիվ է, Օսմանյան կայսրության ժառանգորդ եւ շարունակող պետությունից՝ Թուրքիայից ոչ մի հատուցում չի ստացել, հետզհետե կորցնում է իր՝ արեւմտահայի ինքնությունը:

Կանխամտածված եւ համակարգված ձեւով օսմանյան հայերին կոտորելու, բռնի տեղահանելու եւ կողոպտելու հանցանքով Իթթիհատական պարագլուխներին մահվան եւ երկարամյա բանտարկության դատապարտելով, Օսմանյան կայսրությունն արդեն 1919 թվականին ճանաչել է այն, որ 1948 թվականին պետք է կոչվեր՝ ցեղասպանություն:
Այսօր էլ Թուրքիայում եւ ամբողջ աշխարհում շրջանառվում են գրքեր, փաստաթղթեր, վկայություններ, հրապարակախոսություններ, որոնք ժամանակավրեպ են դարձնում Թուրքիային ցեղասպանության փաստը ապացուցելու մեր բոլոր ջանքերը:

1915-1923թթ. Օսմանյան կայսրությունը հայության նկատմամբ իրագործել է պատերազմական ոճիր, մարդկության դեմ կանխամտածված ոճիր եւ խախտել է իր կողմից ստորագրված 1889-ի եւ 1907-ի Հաագայի կոնվենցիաներով ամրագրված պարտավորությունները: 1915-1918 թվականներին տեղի ունեցածը` 1948-ի դեկտեմբերի 9-ին ստորագրված ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» համաձայն, միանշանակ համապատասխանում է ցեղասպանության ոճիրին:

1923-ից մինչեւ այսօր Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է, արհամարհելով իր կողմից ստորագրված մարդու իրավունքների բոլոր միջազգային պարտավորությունները, չհատուցել արեւմտահայությանը հասցված վնասները եւ մինչեւ 2000-ական թվականներ շարունակել է, պետական մակարդակով ամբողջացնել արեւմտահայության ունեզրկման եւ հայրենազրկման գործընթացը: Սակայն, հակառակ այս բոլոր փաստերին, հաստատում ենք, Թուրքիան չի ճանաչելու ցեղասպանությունը՝ ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ արեւմտահայոց եւ ոչ էլ երրորդ պետությունների ճնշումների արդյունքում: Թուրքիան ունի ահատնում ռեսուրսներ՝ հավիտյանս ժխտելու եւ հրաժարվելու ցեղասպանության պատասխանատվությունից, այնքան ժամանակ, ինչքան ցեղասպանության ճանաչումը սպառնալիք կլինի պետական անվտանգության համար:

Այս իսկ տրամաբանությամբ, Արեւմտահայոց ազգային համագումարը իրատեսական չի համարում հայկական հարցը լոկ մեծ տերությունների ուժի օգտագործման միջոցով լուծելու պատեհապաշտ գործելաոճը եւ հավատում է, որ ձեւավորված է արդեն պայքարը նոր մեթոդներով իրականացնելու վերաբերյալ հայության ընդհանուր կամք: Այդ կամքի համաձայն, Ֆրանսիայում գրանցված եւ 1917-ի ու 1919-ի Արեւմտահայոց ազգային համագումարների ծրագրերը շարունակող՝ Արեւմտահայոց ազգային համագումարը վճռել է գործել եւ արդեն գործում է, վստահ լինելով, որ ընտրած ճանապարհով հայության իրավունքների պահանջատիրության գծով արդեն իսկ լուրջ առաջընթաց է իրականացրել: Այս գործընթացում, համայն արեւմտահայության կամքի դրսեւորումն է՝ պահանջատիրական պայքարը չկառուցել այլամերժության միջէթնիկական ատելության վրա եւ հետ կանգնել հուզական շփոթից բխող արկածախնդիր որոշումներից ու ամբոխավարությունից: ՀՀ եւ ամբողջ աշխարհի հայ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը, վերջին 20 տարիներին, երբեք 10 տոկոսից ավելիով չի զորակցել հայ-թուրքական ատելության ինքնանպատակ մոտեցումներին: Արդ, Արեւմտահայոց ազգային համագումարի դիրքորոշումը անմիջական հետեւանքն է Հայ դատի լուծման ավանդական ձեւերի նկատմամբ արեւմտահայության դիրքորոշման ընդհանուր պատկերին:
Միեւնույն ժամանակ, նաեւ պետք է գիտակցել, որ արեւմտահայկական հարցի լուծման մեջ անշրջանցելի կողմ է, եւ դրանում կարեւորագույն դեր պետք է ստանձնի թուրքահայությունը՝ մահմեդական, ալեւի, համշենական եւ քրիստոնյա, իր բոլոր հատվածներով: Երբեմն թերահավատները հարց են տալիս, քմծիծաղելով. «Իսկ ո՞ր հայն է գնալու այնտեղ ապրելու»: Հայերն արդեն իսկ ապրում են այնտեղ, մնում է ստեղծվեն բավարար պայմաններ, որպեսզի նրանք բաց եւ ազատ ապրեն իրենց ինքնությունը:
Արեւմտահայոց ազգային համագումարը պատրաստ է Հայ դատի հետապնդման այս նոր փուլին: Փուլ՝ որը նույնքան, եթե ոչ ավելի մեծ չափով կկարողանա ապահովել ոչ միայն Հայաստանի հայության, այլ նաեւ Միջին Ասիայում (Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում եւ Միջին ու Մերձավոր Արեւելքի, այլ) ցաքուցրիվ եղած ամբողջ հայության խիստ վտանգված գոյությունը:

Թեւակոխել ենք 1915-ի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարին: Այս փաստը համայն հայությանը պարտադրում է քաղաքականապես հասունանալ, սեփական սխալների գիտակցումով լուսավորվել եւ ամբոխավարական, պատեհապաշտական, արկածախնդրական, փանջունիական սովորույթները մերժելով՝ տեղափոխվել կայացած ու պատասխանատու ազգային փուլ:

ՍԵՎԱԿ ԱՐԾՐՈՒՆԻ

Արեւմտահայոց ազգային
համագումարի խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30