Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան ընտանիքներ կան, որոնք սոված են, և զինվորներ, որոնք բուժվելու համար գումար չունեն»

Դեկտեմբեր 23,2015 22:47

«Հայաստանը հիմա կենդանի խրամատ է, և լքել Հայաստանն այսօր՝ նշանակում է խրամատը լքել, նշանակում է կռվող ընկերոջը խրամատում մենակ թողնել: Այն, որ շատ երիտասարդներ են զոհվում սահմանում, որ մեր վրա արդեն մեծ տրամաչափի զենքերից են կրակում, արդեն ապացուցում է, որ ժամանակավոր հրադադարն ընդամենը թղթի վրա գրված մի բան է… Սակայն պետք չէ վախենալ. այդ ամենը մեզ համար նոր չէ: Հայոց պատմության մեջ անգամ կես դար չի եղել, որ Հայոց աշխարհը չտնքա պատերազմի սմբակի տակ: Սա մեր իրականությունն է, բայց դա էլ կարող է նոր ձեռքբերումների սկիզբ դառնալ. բոլորս էլ գիտենք, որ տունը կառուցելու համար սկզբում փորում են: Գուցե հիմա փորելու ընթացքի մեջ ենք, որին կհաջորդի ազատագրման գործընթացը: Տա Աստված, որ այդպես լինի: Բայց այն, որ այդ մարտահրավերին պետք է պատրաստ լինենք և´ դիվանագիտական, և´ գաղափարախոսական, և´ ռազմաքաղաքական, և´ տնտեսական տեսանկյուններից, ակնհայտ է»,- ասում է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչպիսին էր անցնող տարին հայ մարդու համար:

Նրա գնահատմամբ՝ տարին լի էր Ցեղասպանությանը նվիրված «ոչինչ չտվող, ուռճացված միջոցառումներով», որոնք ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր լալկանությունը, և որոնց ոչ մի լուրջ բան չհետևեց. «Այդ միջոցառումներն ինքնանպատակ չպետք է լինեին,- ընդգծեց նա.- կներեք, բայց աշխարհը թքած ունի՝ ինչ է եղել: Եթե դրա հետևից հետևողական քայլեր չես անում, դառնում է անիմաստ զբաղմունք:

Այսօրվա Հայաստանը ռազմականորեն անխոցելի տարածք չէ, և եթե մենք ինչ-որ մի բան նախաձեռնում ենք Ցեղասպանության հետ կապված, ապա հաջորդ քայլը ռազմականորեն անխոցելի Հայաստանի կառուցմանն է պետք ուղղել: Այսօր այնքան ընտանիքներ կան, որոնք սոված են, և զինվորներ, որոնք բուժվելու համար գումար չունեն: Մենք այդ մարդկանց կենսապահովելու փոխարեն անարդյունք գործերով ենք զբաղված: Զոհվելը շատ ավելի հեշտ է, քան հաշմված ապրելը, և հազիվ թե վաղը մեկ այլ տղա հանդգնի նման խիզախությամբ մարտի նետվել: Եթե սահմանում կանգնած երիտասարդը մտածում է, որ հաշտվելու դեպքում իր օգնության ձայնը պետք է հնչի որպես ձայն բարբառո հանապատի, դժվար թե նույն խիզախությամբ կռվի: Նա պետք է վստահ լինի, որ հոգևոր հայրենիք է պաշտպանում, և իր խնդիրը դառնալու է ողջ հասարակության խնդիրը, որովհետև ինքը նույն այդ հասարակությանն է պաշտպանում»:

Ըստ Գ. Գինոսյանի՝ սրանք պետք է լինեն մեր ամենօրյա քննարկվելիք խնդիրները: Եվ մեր երկիրն այսօր իրեն շռայլություններ թույլ տալու իրավունք չունի. «Հրեաներն անգամ իրենց ննջեցյալին այցելելիս ոչ թե ծաղիկ են տանում, այլ չեկ, որ այդ ծաղկեփնջի գումարը նվիրաբերել են Իսրայելի բանակին: Նրանք այդպես և´ իրենց ննջեցյալին են հարգում, և´ իրենց բանակին: Իսկ դուք նկատե՞լ եք, թե, օրինակ, Սեպտեմբերի 1-ին միայն Երևանի դպրոցներում քանի ծաղկեփունջ է աղբաման գնում, ինչքան գումար է անիմաստ ծախսվում: Մեր երկրի անվտանգությունն այդ շռայլության իրավունքն ունի՞»:

2015-ի ձեռքբերումը Գ. Գինոսյանը համարում է ժողովրդի ընդվզումը. «Երբ մարդիկ դուրս եկան փողոց իրենց արժանապատվությունը պաշտպանելու և ասացին, որ բիբինները չեն կարող իրենց վնասել, որ էլ չեն ուզում ինչ-որ մեկի ստրուկը լինել»,- նշեց Գ. Գինոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031