Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍԻՍՆԵՐԻ ՖՈՆԻՆ

Հունիս 13,2014 11:50

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնյոթերորդ

Գլուխ երրորդ

ՄԱՍԻՍՆԵՐԻ ՖՈՆԻՆ

Էդ տարիներին Շիրազը հատկապես Մասիսի կողմն էր իր բանաստեղծական շեշտադրումներն ուղղում, եւ հիմա՝ էս պահին, երբ Շիրազի ու Մասիսի մասին գրեցի, կոմունիստների նախընտրական հոլովակն ավարտվեց, եւ հեռուստաէկրանին արդեն Մասիսն է, իսկ ավելի ստույգ՝ Մասիսն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ Ռուբոյի ու Ձախի երգից հետո Րաֆֆին իր ու իր «Ժառանգության» անունից հայտարարում է, որ գալիս են, այնուհետեւ բոլորով միասին հայտարարում են, որ սարեր են շարժելու, եւ սարեր ասելով՝ իհարկե առաջին հերթին Մասիսը նկատի ունեն, եւ «սարեր ենք շարժելու» ասելով՝ հաստատ մոռացել են, որ Շիրազը դեռեւս անցյալ դարի յոթանասունականներին էր Մասիսը, Սիփանն ու մեր մյուս կորուսյալ սարերը շարժում, եւ չնայած էս ընտրությունների ընթացքում բոլորն են ոսկե սարեր ու անհավանական բաներ խոստանում, եւ չնայած հայ ընտրողներս վաղուց ենք վարժվել էդ տեսակ անիրագործելի խոստումներին, բայց որ մարդիկ գալու են ու սարեր շարժեն, առաջին անգամն ենք լսում, եւ չնայած իրենց նախընտրական հոլովակի մեջ Հախվերդյան Ռուբոն ու Ձախ Հարութն իրենց երգի «գետի այն ափին» տողով լավ էլ ակնարկում են, որ առաջին հերթին Մասիսն են շարժելու, եւ չնայած տեսահոլովակում Րաֆֆի Հովհաննիսյանը Չարենցի կամարի մոտ ու Մասիսների ֆոնին է շողշողում, այդուհանդերձ, շարքային ու տողատակեր կարդալու հմտություն չունեցող ընտրողը դժվար թե պատկերացնի, որ շարժվողները մեր մեծ ու փոքր Մասիսներն են լինելու, եւ քանի որ տողատակեր կարդալու հմտություն ունեցող ընտրողները քչություն են անում, էս գլխից պարզ է, որ «Ժառանգությանը» ձայն տվողներն էլ են քչություն անելու, եւ Րաֆֆիի կուսակցությունը հազիվ էլ հինգտոկոսանոց սահմանը հաղթահարի, մինչդեռ Շիրազն էն թվերին ու հիմի էլ բոլորին է հասկանալի, որովհետեւ Շիրազն ամեն առիթով ասում, գրում ու շեշտում էր, որ ինքն առաջին հերթին Մասիսն է տեղաշարժելու, ու էդ էր պատճառը, որ յոթանասունականներին ու ութսունականներին Շիրազի ժողովրդականությունը հարյուրտոկոսանոց էր, որովհետեւ Շիրազը, ի տարբերություն իմ սերնդակից բանաստեղծների, ոչ միայն այլախոհ էր, այլեւ՝ բացահայտ հայրենասեր, եւ իր ասելիքը պարզ ու հստակ էր ասում՝ առանց ավելորդ փոխաբերությունների, այլաբանությունների ու տողատակերի, ու էդ էր պատճառը, որ դույն ժամանակաշրջանի հայ ընթերցողը Շիրազին մյուսներից առանձնացրած ուներ, եւ չնայած ընթերցող մեծամասնությունն իմ ու իմ սերնդակիցների գոյությունը չէր զգում ու չէր էլ ենթադրում, այդուհանդերձ, մենք իբրեւ բանաստեղծ կայինք ու արդեն գոյություն ունեինք, եւ չնայած մեր գոյության մասին քչերը գիտեին, էդ քչերը մեզ կանոնավոր ընթերցում եւ նույնիսկ Շիրազից էին բարձր դասում, եւ չնայած քիչ առաջ ասացի թե՝ հայ ընթերցողը մեր գոյությունը չէր զգում ու մեր գոյության մասին տեղյակ չէր, հիմա հիշեցի, որ ընթերցողներից որոշներն, այնուամենայնիվ, մեր գոյության մասին լավ էլ գիտեին՝ հիմնականում «Գարուն» ամսագրի ու «Գրական թերթի» շնորհիվ, որովհետեւ անցյալ դարի յոթանասունականների վերջերից սկսած՝ մեր բանաստեղծություններն անարգել տպագրվում էին ահռելի տպաքանակ ունեցող էդ ամսագրում ու էդ թերթում, եւ չնայած Շիրազն էդ ամսագրում ու էդ թերթում համարյա չէր տպագրվում, այդուհանդերձ, հայ ընթերցողներն ու մանավանդ չընթերցողները Շիրազին էին ճանաչում ու ընդունում, այլ ոչ թե մեզ՝ երիտասարդ ու անհայրենիք նորելուկներիս, եւ չնայած էդ թվերին «Գարունի» ու «Գրական թերթի» տպաքանակներն ահռելի էին, այդուհանդերձ, հայ ընթերցողն առանձնապես հակված չէր նորանոր բանաստեղծական անուններով ծանրաբեռնել իր՝ առանց էդ էլ ծանրաբեռնված գլուխը, որն արդեն հիմնավորապես էր զբաղեցված Սեւակով ու Շիրազով, եւ եթե Սեւակին ու Շիրազին ավելացնեմ նաեւ հայ ընթերցողի գլուխը կողքանց ներխուժած Համո Սահյանին, Սիլվա Կապուտիկյանին, Գեւորգ Էմինին ու ավագ սերնդի այլոց, ձեզ համար էլ պարզ կդառնա, որ յոթանասունականների վերջերին ու ութսունականների սկզբներին հայ բանաստեղծասեր ընթերցողի բազմազբաղ գլխում երիտբանաստեղծներիս համար թափուր տեղ գրեթե չկար, բայց, չնայած դրան, երիտբանաստեղծներս անխոնջ ստեղծագործում էինք, որովհետեւ էդ պայմաններում չստեղծագործելը պարզապես հիմարություն կլիներ, եւ «էդ պայմաններ» ասելով՝ նախ բարձր հոնորարները նկատի ունեմ, եւ եթե արդեն ԽՍՀՄ գրողների միության անդամ էիր, լիուլի օգտվում էիր Ծաղկաձորի, Պերեդելկինոյի, Պիցունդայի ու Յուրմալայի ստեղծագործական տներում հանգստանալու եւ ստեղծագործելու իրավունքից, եւ ընդամենն էդ չորսն եմ նշում, որովհետեւ էդ չորսում հասցրի հանգստանալ ու ստեղծագործել, եւ մրցանակներն էլ էին բաժին հասնում հակասովետական տողատակերով բանաստեղծներիս, որովհետեւ մանավանդ իմ սերնդակիցների մեջ սովետական գաղափարներ շեփորող բանաստեղծներ գրեթե չկային, եւ քանի որ ԽՍՀՄ-ում խորը լճացման ժամանակաշրջան էր, սովետական նվիրական գաղափարներն էլ էին լճացել ու նեխել, եւ չնայած էդ համատարած լճացման պրոցեսն առաջին հերթին մարդկանց ուղեղների վրա էր ազդում, մարդիկ դեռեւս պահպանել էին ծիծաղելու ու ծաղրելու հատկությունը, եւ սովետական զանազան գաղափարներ շեփորող հատուկենտ բանաստեղծները ծաղրի էին ենթարկվում գրեթե բոլորի կողմից, եւ նույնիսկ գլավլիտի ցենզորներն էին իրենց հոգու խորքում արհամարհում սովետական լայնարձակ հայրենիքն ու սովետական ամեն ինչը գովերգող էդ հատուկենտ բանաստեղծներին, որովհետեւ դրանց պահանջարկը վաղուց վերացել էր, բայց իրենք իներցիայով դեռ կային ու չէին վերանում, եւ չնայած էդ հատուկենտներն աջուձախից ծաղրի էին ենթարկվում, եւ չնայած դրանց ու դրանց թեմաների պահանջարկը վաղուց չկար, հրատարակչություններն ու խմբագրությունները դրանց էդ գրածները ժամանակ առ ժամանակ տպագրում էին՝ որոշները խղճահարությունից, որոշներն էլ՝ զգուշավորությունից, բայց հիմնականում՝ երկուսը միասին, բայց անպայման նաեւ՝ խղճահարությունից, քանի որ էդ հատուկենտներն իսկապես արժանի էին խղճահարության, որովհետեւ ժամանակն ու պահանջարկներն էապես էին փոխվել, իսկ իրենք փոխվելու ոչ ժամանակ ունեին, ոչ էլ մանավանդ՝ հավես, եւ իներցիայով շարունակում էին իրենց պատվիրովի ու գաղափարական պոեզիան՝ էն դեպքում, երբ պատվիրատուն արդեն չկար, ու եթե կար էլ՝ արդեն որեւէ մեկին որեւէ պատվեր չէր տալիս:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել