Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» «գցել է» պետությանն ու նախկին աշխատակիցներին

Հունիս 14,2014 14:40

Արդեն գոյություն չունեցող «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները ընկերության կողմից մեղմ ասած՝ խաբվել են: Անցյալ տարի օդաչուները, բորտուղեկցորդներն ու տեխնիկական մասի աշխատակիցները հաճախ բողոքի ակցիաներ էին անում «Արմավիայի» գրասենյակի մոտ՝ պահանջելով ամիսներով չվճարված իրենց աշխատավարձերն ու օրապահիկները, ու ամեն անգամ ավիաընկերության տնօրինությունը խոստանում էր աստիճանաբար բոլորի պարտքերը մարել՝ որեւէ գույք վաճառելուց հետո:

«Արմավիան» հայտարարել էր, որ գործերը լավ չեն, սնանկացման ճանապարհին է, սակայն այդպես էլ սնանկացման գործընթաց տեղի չունեցավ:

Միլիարդավոր դրամների պարտքեր կուտակած ընկերությունից դատարանի միջոցով գումար էին պահանջում նախկին աշխատակիցներն ու պետությունը:

Դատարանը մոտ 2 ամիս առաջ վճիռ է կայացրել ոչ հօգուտ «Արմավիայի», սակայն վերլուծելով «Արմավիայի» ճակատագիրը՝ իրավիճակը հօգուտ «Արմավիայի է»: Օրինակ՝ նախկին ավիաընկերությունը հարկայինին պարտք է 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար դրամ, որից մոտ 5 միլիարդը պետական տուրքն է, իսկ մնացածը՝ շահութահարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ, եկամտահարկ, սոցվճարներ: «Արմավիան» նախկին 67 աշխատակիցներին պարտք է մոտ 100 միլիոն դրամ, իսկ իր եղած-չեղած սեփական գույքը՝ կահույք ու մեքենաներ, նույնիսկ 10 միլիոն դրամ էլ չի կազմել. այդպես են դատարանում վստահեցրել հայցվորներին:

«Առավոտի» հետ զրույցում ընկերության նախկին բորտուղեկցորդ Արսեն Սարիբեկյանն ասաց, որ 23 աշխատակիցներ հայցով դիմել են դատարան՝ չվճարված օրապահիկները վճարելու պահանջով. 23-ի օրապահիկը միասին կազմում է 11 միլիոն դրամ:
Չնայած դատարանը վճռել է, որ աշխատակիցների 11 միլիոն դրամը ենթակա է գանձման, սակայն, ինչպես վստահեցրեց Արսեն Սարիբեկյանը, դատարանը միաժամանակ նաեւ որոշել էր «Արմավիայի» անշարժ ու շարժական գույքի վաճառքից գոյացած գումարը հատկացնել պետական պարտքի մարմանը, այսինքն՝ հարկայինին: Բայց նկատենք, որ 7 միլիարդ դրամի դիմաց 8 միլիոն դրամը, կարելի է ասել՝ ոչինչ է:

«Հետո հարկադիր ծառայությունից էլ ասացին, որ պետք է մեր գումարը վճարվի, բայց եթե «Արմավիայի» հաշվին գումարներ հայտնվեն, հարկադիրի միջոցով կգանձեն ու կտան մեզ: Հիմա հերթ է՝ «Արմավիայից» փող ստանալու համար, բայց, իհարկե, հույս չկա, որ կստանանք, ինքնաթիռները վարկով էր վերցրել, սեփական գրեթե ոչինչ չուներ, հիմա 2-3 չինական մեքենաներ կան, որոնք 1 միլիոն էլ չարժեն: Փաստորեն, մենք մնացինք խաբված, մարդիկ գիշեր-ցերեկ իրենց քրտինքով վաստակածը չեն կարողանում ստանալ: Մեզ ասացին, որ «Արմավիայի» ամբողջ հարստությունը 8 միլիոն դրամ է եղել, էլ այսքանից հետո ի՞նչ անենք: Ըստ օրենքի՝ առաջին հերթին պետական պարտքը պետք է մարվի, հիմա մենք ի՞նչ կարող ենք անել»,- վրդովված ասաց «Արմավիայի» նախկին բորտուղեկցորդը:
Թե որքան գումարի սեփական գույք կամ ինքնաթիռ ունի նախկին ավիաընկերությունը՝ «Առավոտը» փորձեց պարզել «Արմավիայից», սակայն այս ընկերության հեռախոսահամարի զանգերն անպատասխան մնացին, հայկական «պորտալում» պաշտոնական կայքէջն էլ այլեւս գոյություն չունի, իսկ ահա թուրքական եւ իտալական «պորտալներով» (https://www.armavia.it , https://www.armavia.com.tr) դեռեւս գովազդվում է «Արմավիան»:

Հարկայինին «Արմավիայի» 7 միլիարդ դրամից ավելի պարտքն, իհարկե, ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ ամսում է գոյացել. ուշագրավ է, որ հարկայինը թույլ է տվել «Արմավիային» միլիարդների հասնող հարկային պարտավորություններ չկատարել. սա այն դեպքում, երբ շարքային ընկերություններին հարկերը ժամանակին չվճարելու դեպքում նախ տույժերի են ենթարկում, հետո չվճարելու դեպքում, ըստ օրենքի, արգելանք դնում:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով՝ «Չկատարված հարկային պարտավորության չափը 1 միլիոն եւ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը»: «Արմավիայի» խնդիրները, ինչպես բազմիցս տնօրինությունն է նշել, սկսվել էին 2010 թվականից, մինչդեռ հարկայինը անցյալ տարի է դիմել դատարան:

Ընդ որում, «Արմավիան» նույնիսկ «կեղծել է» թռիչքաժամերի համար վճարվող իրական թիվը, ինչը նաեւ դատարանում է պարզվել: Նախկին աշխատակիցների պատմելով՝ «Արմավիան» հարկայինին 1 թռիչքաժամից գանձվող շահութահարկը ցույց է տվել 1000 դրամ. «Բայց մեր իրական թռիչքաժամը 5000 դրամ էր: Այսինքն՝ թռիչքաժամերի գումարի 24%-ը շահութահարկ էր վճարում, հարկայինին քիչ է ցույց տվել, որ քիչ էլ հարկ վճարի, բայց պարզվեց, որ դա էլ չի վճարել»:

Ըստ էության, «Արմավիան» աշխատելով՝ եկամուտները դրել է սեփական գրպանը, բայց նաեւ խոշոր պարտքեր է կուտակել, սակայն համարժեք գույք չունի՝ դրանք մարելու համար, իսկ պետությունն ու նախկին աշխատակիցները «գցվեցին», ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն էլ, ըստ լուրերի, արտերկրում նոր բիզնես է փորձում սկսել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30