Լրահոս
Օրվա լրահոսը

Շահագործման է հանձնվել Լենինգրադյան փողոց – Ծովակալ Իսակովի պողոտա նոր ավտոմայրուղին. (Ֆոտոշարք)

Հունիս 14,2014 15:22

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ծանոթացել է մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա  ձգվող քաղաքային նոր ավտոմայրուղուն: Մայրաքաղաքի կենտրոնական հատված տանող տրանսպորտային երթևեկության հոսքերը բեռնաթափելու նպատակով, Երևան քաղաքի 2005-2020 թթ. գլխավոր հատակագծի համաձայննախատեսված, կենտրոնը շրջանցող՝ Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա անընդհատ երթևեկության քաղաքային օղակաձև ավտոմայրուղի կառուցելու ծրագրով, Երևանի քաղաքապետարանի պատվերով «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նախագծվել և ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել էր 2012թ. հուլիսին, որն ավարտվել է 2014թ. մայիսի 31-ին:

004

Ավտոմայրուղին շահագործման հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է, որ ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը՝ 2.2 կմ: Նշվել է, որ երթևեկելի մասի լայնությունը կազմում է 15 մ (2 x 3.75 x 2), բաժանարար գոտու լայնությունը`4 մ, իսկ մայթերի լայնությունը՝ 2.25 մ և 2.5 մ: Կառուցվել են տարբեր մակարդակների տրանսպորտային երկու հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հատումներում։ Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցն ապահովում է առանց հատումների մեքենաների երթևեկությունն ու ստեղծում տրանսպորտային կապ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց՝ 5.1 մ բարձրությամբ, երթևեկելի 19 մ և ընդհանուր 23 մ լայնությամբ, 18x25x18 մ թռիչքներով՝ 62 մ երկարությամբ։ Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Թունելի երկարությունը 46 մ է, լայնությունը՝ 16 մ, բարձրությունը՝ 5.1 մ։ Հանգույցի այս հատվածում կառուցվել են ուղիներ՝ ապահովելով անհրաժեշտ երթևեկության ուղղությունները։ Երթևեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը 73000 քմ է, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14000 քմ, ընդամենը՝ 87000 քմ: Ավտոմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա:

013

Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել տրանսֆորմատորային 3 ենթակայան, ստորգետնյա եղանակով անցկացվել է 1950 գծամետր սնուցող և 5.5 կմ լուսավորության մալուխ, տեղադրվել է 157 հենասյուն և 486 հատ դիոդային լամպ, իսկ թունելի ներսում՝ 30 լուսարձակ։ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երևանում: Բացի այդ, Երևանի քաղաքապետը Նախագահ Սերժ Սարգսյանին նաև զեկուցել է, որ, շինարարական աշխատանքներին զուգահեռ, կանաչապատվել է 5 հա տարածք, տնկվել է 2000 դեկորատիվ ծառ և թուփ։ Կանաչապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով կառուցվել է պոմպակայան և անցկացվել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց։ Ավտոմայրուղու երթևեկելի մասից ջրահեռացումն ապահովելու նպատակով կառուցվել է 4 կմ երկարությամբ հեղեղատար կոյուղու ցանց։ Մայրուղուն զուգահեռ կառուցվել է նաև 3.5 մ լայնությամբ շերտ՝ ինժեներական հաղորդակցուղիներ անցկացնելու համար, որտեղ տեղադրվել է 1 կմ երկարությամբ ջրատար և 2 կմ  երկարությամբ կենցաղային կոյուղի։ Բացի այդ, իրականացվել են ավտոմայրուղու ազդեցության գոտում եղած ինժեներական բազմաթիվ ենթակառուցվածքների (կապի, գազի, ջրագծերի, կոյուղագծերի, բարձր լարման էլեկտրագծերի, ոռոգման ուղիների և այլն) տեղափոխման և վերատեղադրման աշխատանքներ։ Հանրապետության նախագահին նաև զեկուցվել է, որ ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, արդեն կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու կառուցապատումն ու շինարարությունն իրականացրել է «Սահակյանշին» ՓԲԸ-ն: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը 7896,0  մլն դրամ է:

003

Իսակովի պողոտայի հատվածում Հանրապետության նախագահին և Երևանի քաղաքապետին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ արագընթաց նոր ավտոմայրուղու նախագիծը: Համաձայն նախագծի՝ նոր ավտոմայրուղին կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով, որը կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին, այդպիսով, ապահովելով Արշակունյաց պողոտայից Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, որի շնորհիվ էապես կբեռնաթափվի մայրաքաղաքի կենտրոն եկող տրանսպորտային հոսքը։

002

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքները առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական:

016

 

«Այսօր մենք շահագործման հանձնեցինք մայրաքաղաքի համար իրոք անչափ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհը, որը տրանսպորտային երկու հանգույցների հետ միասին ունի ավելի քան 5 կմ երկարություն և 15 մետր լայնություն: Ի դեպ, այս ճանապարհի կառուցման գաղափարը եղել է դեռ խորհրդային տարիներին, 70-ական թվականներին, սակայն հիմնականում ֆինանսների բացակայության պատճառներով չի իրագործվել: Եվ եթե հաշվի առնենք, որ խորհրդային հզոր տնտեսության պարագայում դա հեշտ չի եղել, ապա այսօր առավել, քան նշանակալի կարելի է որակել այս ճանապարհի կառուցումը: Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր շինարարներին, որ օր ու գիշեր քրտնաջան աշխատանքով իրականացրին այս ծրագիրը, ինչի արդյունքում էլ այսօր շահագործման ենք հանձնում կարևոր այս ճանապարհը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

014

Առանձնակի կարևորելով նոր ավտոմայրուղու ընձեռած հնարավորությունները՝ քաղաքապետը նաև հավելել է, որ շահագործման հանձնվող Լենինգրադյան փողոցից  Իսակովի պողոտա տանող նոր ճանապարհը կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխան. «Մեր գլխավոր նպատակն էր մայրաքաղաքում ունենալ որակյալ և անվտանգ ճանապարհ: Նոր ավտոմայրուղին, ըստ էության, կարևոր կապող հանգույց է դառնում երեք վարչական շրջանների միջև: Ի դեպ, ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային՝ տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երևանում: Ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ կառուցված արտաքին լուսավորության համակարգի ավելի քան 6 կմ երկարությամբ մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով: Կառուցել ենք նաև պոմպակայան ու անցկացրել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Եվ, ինչպես տեսնում եք, ճանապարհաշինությանը զուգահեռ, նաև 5 հա տարածք կանաչապատել ենք, տնկվել է ավելի քան 2000 դեկորատիվ ծառ և թուփ։ Արդյունքում այսօր մենք վստահորեն կարող ենք ասել, որ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող, անվտանգ ճանապարհ, և մեր համաքաղաքացիները հանգիստ կարող են օգտվել նոր ավտոմայրուղուց: Այս ճանապարհի կառուցումը իրականում մեծ ձեռքբերում է Երևանի համար և, ընդհանրապես, վստահ եմ նաև կհամաձայնեք, որ կենտրոնը շրջանցող ճանապարհների առկայությունը իսկապես կենսական անհրաժեշտություն է տրանսպորտային ծանրաբեռնվածության ներկա պայմաններում: Ըստ այդմ, մենք կշարունակենք քննարկել նմանատիպ ճանապարհներ ունենալու նոր ծրագրեր ևս», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

018

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30