Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ-հայրենասերների որոշ քայլեր նողկանք են առաջացնում» Ֆեյսբուքյան եւ իրական հայրենասիրության սահմանը

Օգոստոս 13,2014 13:45

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան հայրենասիրության մասին հետեւյալ կարծիքի է. «Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք հայրենասեր են միայն վիրտուալ տարածքում, իրական հայրենասիրությունը իրական կյանքում է: Եվ այն մարդիկ, որոնք հեռվից «խիզախորեն» սուր են ճոճում արտաքին թշնամիների դեմ, մեծ գործ չեն անում:

Շատերին ճանաչում ենք, գիտենք, որ ո՛չ բանակում են ծառայել, ո՛չ էլ մոտ են բանակին եւ գրեթե չենք կասկածում, որ առաջին իսկ կրակոցից կհայտնվեն արտասահմանում կամ մեկ այլ տաքուկ ու ապահով տեղում: Լավ կլիներ, որ նրանք այս ընթացքում փորձեին մասնակցել մեր երկիրը կարգի բերելու գործերին, թե չէ՝ հեշտ է փափուկ աթոռին նստած՝ հայերենով կոչեր ու սպառնալիքներ ուղղել արտաքին թշնամիներին: Վայ-հայրենասերների որոշ քայլեր ուղղակի նողկանք են առաջացնում»:

«Առավոտի» հարցին՝ հիմա պատերազմի մեջ ենք, մշակույթի մարդու, մտավորականի տեղը որտե՞ղ է՝ սահմանի՞ն, մշակույթի մե՞ջ, թե՞ մեկ ուրիշ կերպ նա պետք է իրացնի իր առաքելությունը, պարոն Գյուրջինյանը պատասխանեց. «Դժվար է ասել, թե մտավորականն իրեն ինչպես պետք է պահի լարված եւ վճռական իրավիճակներում:

Բոլորը չէ, որ կարող են զենք վերցնել, եթե չեն կարող զենք վերցնել, ապա գոնե պիտի շարունակեն ազնվորեն զբաղվել իրենց բուն աշխատանքով՝ մտավոր աշխատանքով եւ չդիմեն ստոր քայլերի, շողոքորթության, պնակալեզության, չվարկաբեկեն մտավորականի անունը: Ճշմարիտ մտավորականը պետք է օրինակ ծառայի, թե չէ՝ մեր որոշ վայ-մտավորականներ այնպե՜ս են վարկաբեկել այդ բառը, որ շատերը հրաժարվում են «մտավորական» գեղեցիկ, բարձր բառն օգտագործելուց»:

Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանի համոզմամբ, հայրենասիրությունը Ֆեյսբուքում ավելի շատ պոպուլիստական բնույթ է կրում. «Այդ հարթակում մարդիկ՝ անկախ տարիքից, ազգությունից, սեռից ու ամեն ինչից, փորձում են իբր հոսանքին հակառակ գնալ եւ հայրենասեր երեւալ: Ես վերջերս հեռացրի իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկին միայն նրա համար, որը լուսանկարվել էր արտասահմանյան գոգնոցով, որը պատկերում էր մերկ տղամարդու:

samvel khalatyan

Ֆեյսբուքի օգտատեր այդ կինը ասել էր՝ որպես տղամարդ կգնամ հայրենիքը պաշտպանելու: Նման գռեհիկ ձեւով հայրենասիրություն արտահայտել չի կարելի: Ընդհանրապես շատերի համար ֆեյսբուքյան հայրենասիրությունն ընդամենը կայանալու խնդիր է, երեւալու, բարբառով ասած՝ «նկարվելու» առիթ է հանրության աչքին երեւալու համար: Նման կերպ վարվողները կենցաղային մակարդակ ունեցող մարդիկ են, որոնք հարմար պահը բաց չեն թողնում բարձրագոչ արտահայտություններ անելու, իսկ հարկ եղած դեպքում՝ երեւի նրանց 90%-ը ոչ մի քայլ էլ չի անի, եթե իրենց կարիքը լինի»:

Լարված իրավիճակներում էլ մտավորականի իրական տեղի մասին էլ մեր զրուցակիցը հետեւյալը նշեց. «Անկեղծ ասած, ես այնքան էլ գոհ չեմ մշակույթի գործիչներից: Խոսքս ոչ բոլորին է, իհարկե, վերաբերում: Բայց մեծ մասը հարմար պահերի ելույթներ են ունենում հրապարակներում կամ համապատասխան վայրերում, նետվում են առաջ՝ երեւալու համար, մինչդեռ մշակույթի եւ արվեստի գործիչները պետք է առաջին հերթին հոգեբանորեն սատարեն: Հարկ եղած դեպքում էլ՝ ստեղծագործող մարդը պետք է անձնական խիզախության օրինակ ցույց տա:

Այդպիսի դեպքեր էլ ունենք: Այսօր մեր շարքերում կան մարդիկ, որոնք ե՛ւ կռվել են, ե՛ւ հրաշալի բանաստեղծներ են, արձակագիրներ, երաժիշտներ, պարարվեստի նվիրյալներ, ինչպես «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, Ղուկաս Սիրունյանը եւ մյուսները: Իհարկե, պե՛տք է հայրենիքը պաշտպանել, բայց առաջին փուլի համար մշակույթի մարդը պետք է լինի այն մարտադաշտում, որտեղ հարկ է հոգեբանորեն սատար կանգնի»:

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ասում է, որ ինքը ընկերների հետ միշտ էլ ամռանը սահման է գնում, լինում խրամատներում, զինվորների համար համերգներ տալիս: «Դա ինձ համար ապրելակերպ է, միշտ էլ փորձել եմ ոգեշնչել նրանց մեր ազգային երգերով: Վաղն էլ եմ մեկնում…Պատահում է՝ մարդիկ հարցնում են, թե հայրենասիրական երգերն արդիակա՞ն են այսօր: Միշտ պատասխանում եմ, որ այն երգերը, որոնք մեր պատկանելության հետ կապ ունեն, միշտ էլ արդիական են եւ միշտ անհրաժեշտ են ժողովրդին, որպեսզի միշտ մեր տեսակի մեջ մնանք: Իմիջիայլոց, մշակույթի մարդու պարագայում ե՛ւ մշակույթով ոգեշնչելը պետք է լինի, ե՛ւ անհրաժեշտ պահի զենք վերցնելը»,-համոզված է Մրոն:

mro

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031