Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիում Պուտինն ու Ալիեւը փորձեցին ապամիջազգայնացնել ԼՂ խնդրի կարգավորումը

Օգոստոս 14,2014 15:00

Արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանն առաջարկում է, որ ԼՂ եւ ՀՀ իշխանությունները սկսեն կիրառել 1995թ. փետրվարի 4-ին պաշտպանության նախարարների ստորագրած` զինադադարի ամրապնդման եռակողմ պայմանագիրը

– Պարոն Շահնազարյան, տեւական ժամանակ խոսվում էր Ֆրանսիայի նախագահի հրավերով Սարգսյան-Ալիեւ հանդիպման անցկացման հնարավորության մասին, սակայն ՌԴ նախագահին շատ արագ հաջողվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Սոչիում նստեցնել սեղանի շուրջ: Ի՞նչ տեղի ունեցավ Սոչիում, ՌԴ նախագահը ի՞նչ խնդիր լուծեց այդ եռակողմ հանդիպումը կազմակերպելով:

– Փորձենք համառոտ վերլուծել Սոչիի եռակողմ հանդիպումը: Առանձնացնեմ 3 կարեւոր դրվագներ` երեք նախագահների հրապարակային հայտարարությունները Սոչիում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի գնահատականները Սոչիի փակ բանակցություններից անմիջապես հետո եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ»-ին:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ գոյություն ունեն ԼՂ խնդրի կարգավորման «միջազգային ձեւաչափեր»` առանց հիշատակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ապա շեշտեց, որ ՌԴ-ն երկու երկրների հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, եւ որ դա խորը նախապատմություն է, ինչը «թույլ է տալիս մտքեր փոխանակել, թե ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվել անցյալից հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ»: Պուտինը խեղաթյուրում է, ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ խնդրի կարգավորման միակ ձեւաչափն է, եւ հետաքրքիր է, որ նա, ըստ էության, Սոչիի այդ հանդիպումը չի համարում միջազգային:

Ալիեւը բացահայտ դժգոհեց ԵԱՀԿ ՄԽ-ից, որ նա առաջընթաց չի գրանցում, եւ հատուկ ընդգծեց ՌԴ-ի յուրահատուկ դերը խնդրի կարգավորման հարցում որպես բարեկամ, գործընկեր երկրի եւ իհարկե՝ շեշտեց ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերը՝ որպես ԼՂ կարգավորման «իրավական բազա»: Սերժ Սարգսյանը հակադարձեց թե Պուտինին, թե Ալիեւին` ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ-ի դերը եւ ներկայացված սկզբունքները՝ ըստ էության, ամրագրելով, որ Հայաստանի համար դրանք ընդունելի են:

Հաջորդը՝ Ս. Սարգսյանը դիպուկ հակադարձեց Ալիեւին` նկատելով, որ այն, ինչ ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձեւերը պահանջում են Հայաստանից, դա իրականացված է, մինչդեռ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձեւերի պահանջները, ինչով ավելի քան թափանցիկ ակնարկեց, որ բանաձեւերի պահանջների հասցեատերերը Ադրբեջանն ու ԼՂ-ն են, եւ որ ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչված կողմ է:

Սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ալիեւի ներքին եւ արտաքին քարոզչության ողջ համակարգի վրա, քանի որ այդ քարոզչության հիմքը իբր ՀՀ-ի կողմից այդ բանաձեւերի չկատարումն է, եւ այդ համատեքստում Ադրբեջանը ներկայացվում է զոհի դերում:

Մանավանդ՝ ադրբեջանական կողմի դիվերսիոն վերջին գործողությունների անհաջողություններից եւ մեծ կորուստներից հետո Ալիեւը նոր ներքին խնդիրներ կարող է ունենալ, եթե ադրբեջանական փորձագիտական հանրությունը ուսումնասիրի ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձեւերը, եւ վատ չէր լինի, որ նաեւ դիվանագետի դիպլոմ ունեցող ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ Իլհամ Ալիեւը եւս ծանոթանար այդ բանաձեւերին: Հատկանշական է նաեւ, որ Ս. Սարգսյանի դիտարկումների մասին ադրբեջանական ԶԼՄ-ները լռում են, նույնիսկ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում ներկայացված է միայն Պուտինի եւ Ալիեւի խոսքը:

Մտահոգիչ էին, կասեի նույնիսկ՝ ամբիցիոզ հանդիպման ավարտից անմիջապես հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները: Խոսելով ԼՂ կարգավորման սկզբունքներից՝ նա հիշատակեց միայն տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները` բաց թողնելով մյուս սկզբունքը, որն արտացոլված է եռանախագահող երկրների նախագահների բազմաթիվ հայտարարություններում` խաղաղ կարգավորման եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Նման բացթողումը Լավրովի կողմից չի կարող պատահականություն լինել, քանի որ Լավրովը ոչ միայն փորձառու դիվանագետ է, այլեւ տիրապետում է ԼՂ կարգավորման գործընթացի բոլոր մանրամասներին:

Հաջորդը՝ Լավրովն արձանագրեց, որ երկու նախագահները պատրաստակամություն են հայտնել երկխոսությունը շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով, եւ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր, ամեն կերպ կաջակցի դրան: Սրանով նա ընդգծեց նոր եռակողմ ձեւաչափը եւ այն արձանագրեց իբրեւ գոյություն ունեցող փաստ:

Լավրովը խոսեց ինչ-որ «կոնտակտային խմբի» մասին: Դա ի՞նչ նոր հարթակ է, ի՞նչ նոր բանակցային ինստիտուտ է ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս: Դրանից անմիջապես հետո նա հայտնեց, որ հանձնարարություն է տրվել ԱԳ նախարարներին, ապա հավելեց, որ կան չհամաձայնեցված կետեր` հասկացնել տալով, որ դրանք պետք է համաձայնեցվեն ոչ թե ԵԱՀԿ ՄԽ-ի, այլ ՌԴ-ի իբր նոր ստեղծած այդ եռակողմ ձեւաչափով:

Գանք Սերժ Սարգսյանի հարցազրույցին: Հատկանշական է, որ Ս. Սարգսյանը չհաստատեց Լավրովի կողմից արված որեւէ հայտարարություն, ավելին` նա ընդգծեց Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար երեք սկզբունքները, ընդ որում՝ առաջինը հիշատակելով ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Ս. Սարգսյանը փաստորեն կտրականապես մերժեց միայն ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորությունը, եւ հայտարարելով՝ «առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին», հստակ արձանագրեց, որ դա նույնիսկ քննարկման առարկա լինել չի կարող:

Հատկանշական էր նաեւ ՀԱՊԿ-ի թեմայի արծարծումը, երբ նա նշեց, թե անհրաժեշտություն չկա դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի ՀԱՊԿ-ը որեւէ կերպ արձագանքեր շփման գծում վերջին միջադեպերին: Ըստ էության, դա Ս. Սարգսյանի կողմից ուղերձ էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին չի դիմում, քանի որ ՀԱՊԿ-ը չի կարող լինել մեր անվտանգության երաշխավորը, ՀԱՊԿ-ում մենք դաշնակիցներ չունենք:

Շփման գծում լարվածության, Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող աննախադեպ սրված իրավիճակում ՌԴ-ն, կազմակերպելով Սոչիի հանդիպումը, որեւէ ուշադրություն չդարձրեց արյունահեղության, զինադադարի ռեժիմի աննախադեպ խախտումների փաստերի վրա: Մոսկվայի նպատակը պարզ էր` ՌԴ-ն փորձում է ստանձնել ԼՂ կարգավորման դերը եւ Արեւմուտքին մեսիջ է հղում, թե Մոսկվան է շարունակում պահպանել ղարաբաղյան լծակը: Մի հատկանշական փաստ եւս. որպես կանոն, ՌԴ-ն մշտապես ընդգծում էր, որ ԼՂ-ում զինադադարի հաստատմանը հաջողվել է հասնել բացառապես ՌԴ-ի ջանքերով, մինչդեռ հիմա դրա մասին որեւէ խոսք չհնչեց:

ՌԴ-ն եռակողմ այդ հանդիպումը կազմակերպելով՝ փորձում է Արեւմուտքի հետ իր հակամարտությունը տեղափոխել ԼՂ կարգավորման ձեւաչափ եւ Հարավային Կովկաս: ՌԴ-ն նախ ցույց տվեց, որ կարող է ապակայունացնել շփման գծում իրավիճակը, ապա շատ արագ կարող է նախագահներին իր մոտ կանչել: Բայց արդյոք ՌԴ-ն կկարողանա՞ ցույց տալ, որ կարող է ոչ միայն ապասառեցնել ու շիկացնել հակամարտությունը, այլեւ վերականգնել զինադադարի ռեժիմը:

Լավրովը փորձեց ներկայացնել, թե իբր Սոչիում Կրեմլին հաջողվել է, օգտագործելով փաստացի ձեւավորված Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը, նվազեցնել ԵԱՀԿ ՄԽ-ի դերը եւ ապամիջազգայնացնել ԼՂ հակամարտության կարգավորումը, բանակցային գործընթացը դարձնել ՌԴ-ի մենաշնորհ, այսինքն` Պուտինի հռչակած` «ռուսական աշխարհի» ներքին խնդիր:

1992-ին Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում հարցը մտցվեց ԵԱՀԿ, այսինքն՝ ԼՂ խնդիրը միջազգայնացվեց: ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել եւ պետք է մնա կարգավորման գործընթացի միակ ձեւաչափը, ինչը փաստացի ամրագրեց Սերժ Սարգսյանը: Կարծում եմ, որ Լավրովի` Սոչիում արած հայտարարությունները անհանգստություն են առաջացրել նաեւ ՌԴ դիվանագիտական շրջանակներում, ինչի վկայությունն է ՌԴ նախագահի՝ ԼՂ կարգավորման հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի արձագանքը: Լինելով հմուտ դիվանագետ` Կազիմիրովը հիմա փորձում է մեղմել Լավրովի անիրատեսական հայտարարությունները:

– Մայիսին մեզ տված հարցազրույցում Դուք կանխատեսել էիք, որ ՌԴ-ն կփորձի կարգավորման մենաշնորհը վերցնել եւ դուրս մղել մյուս համանախագահող երկրներին: Կարծում եք այս պայմաններում զինադադարի ռեժիմը չի՞ վերականգնվի, շփման գծում նույն լարվածությունը կպահպանվի՞:

– Եթե Սոչիի հանդիպման կազմակերպման առիթը շփման գծի լարվածությունը մեղմելն էր, ապա ՌԴ-ի համար Սոչիի հանդիպումը կոնկրետ այլ նպատակ ուներ, որի մասին արդեն նշեցի: Չեմ կարծում, թե Սոչիին կհաջորդի զինադադարի հաստատում եւ անդորր շփման գծում, Բաքուն Մոսկվայի եւ Անկարայի դրդմամբ կշարունակի պահպանել շփման գծում որոշակի լարվածություն` մերթընդմերթ փորձելով շիկացնել իրավիճակը, բայց վստահ եմ, որ ստանալու է առավել քան համարժեք պատասխան:

– Ի՞նչ կարող է անել հայկական կողմը ստեղծված իրավիճակում, որպեսզի կորուստները ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում քիչ լինեն:

– Ալիեւը փորձում է հետ կանգնել ԼՂ կարգավորման՝ նախկինում ստորագրված եւ ընդունված գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերից: Այս իրավիճակում ճիշտ կլիներ, որ ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններն ամեն մեկն իր կողմից սկսեր կիրառել 1995թ. փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ երեք պաշտպանության նախարարների ստորագրած զինադադարի ամրապնդման վերաբերյալ եռակողմ պայմանագիրը, համաձայն որի` զինադադարի յուրաքանչյուր խախտման դեպքում կողմը պարտավոր է անմիջապես պաշտոնապես տեղեկացնել փաստի մասին ինչպես խախտող կողմին, այնպես էլ համանախագահողներին:

Ըստ պայմանագրի` ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությունը եւ պաշտոնական Բաքուն պարտավոր են պաշտոնապես արձագանքել: Այս պայմանագիրը իրավական հիմք է, որպեսզի ԼՂ-ն, որպես հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված լիարժեք կողմ, պաշտոնապես հարաբերությունների մեջ մտնի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների, այնպես էլ պաշտոնական Բաքվի հետ:

Հաջորդը` Հայաստանը պետք է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցներով արագացնի բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, պատրաստ լինի բանակցել մեծ համաձայնագրի շուրջ, ինչու չէ՝ նաեւ հայկական կողմերը իրենք պետք է նախապատրաստեն այդ փաստաթղթի սեփական տարբերակները` հենվելով Մադրիդյան սկզբունքների կամ, ինչպես Ս. Սարգսյանն ասաց, Կազանյան փաստաթղթի վրա: Հայկական կողմերը կարող են նաեւ հանդես գալ նոր տակտիկական նախաձեռնություններով:

Անհանգստացնող է ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս համանախագահող երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կրավորական կեցվածքը: Նրանց կողմից եւս լուրջ նախաձեռնություններ են անհրաժեշտ: Նրանք կարծես Հայաստանին միայնակ են թողել` ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը փրկելու գործում:

Պետք է ինտենսիվացնել հանդիպումները, բանակցությունները: Այն, ինչ չարվեց Սոչիում` հրադադարի ռեժիմն ամրապնդելը, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է վերցնի իր վրա` զուգահեռաբար շարունակելով փորձել ձեռք բերել կողմերի համաձայնությունը կարգավորման սկզբունքների շուրջ եւ աշխատանք խաղաղության համաձայնագրի նախագծի վրա, որովհետեւ եթե ամեն ինչ թողնվի ՌԴ-ին, ապա բոլոր հարցերը կլուծվեն այնպես, ինչպես ՌԴ-ն ավանդաբար լուծել է` ի վնաս հայկական կողմի:

– Իսկ Լավրովի գնահատականը, թե` ԼՂ հակամարտությունը չի խոչընդոտի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը, դրակա՞ն ուղերձ էր:

– 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո մեր ազգային անվտանգությունը խաթարված է առավել, քան երբեւէ՝ անկախության ողջ ժամանակաշրջանում, եւ միջազգային հանրության համար ներկայիս աշխարհաքաղաքական որակապես նոր ու խիստ վտանգավոր զարգացումներում Հայաստանն ընկալվում է որպես Պուտինյան Ռուսաստանի կցորդ: Բացարձակապես պետք չէ շտապել Եվրասիական միությանն անդամակցել: Այդ նախաձեռնությունները ապագա չունեն՝ մի քանի պատճառներով:

Նախ` անդամ երեք երկրների միջեւ հակասությունները չափազանց մեծ են: Բերեմ մեկ օրինակ` ՌԴ-ն փակեց ուկրաինական բոլոր ապրանքների մուտքը դեպի ՌԴ, միաժամանակ Բելառուսը վերացրեց բոլոր սահմանափակումները ուկրաինական ապրանքների նկատմամբ` դադարեցնելով ուկրաինական ապրանքների լիցենզավորումը: ՌԴ-ում արդեն գոյություն ունեն ներքին բավական լուրջ խնդիրներ, Պուտինը մեծացնում է ՌԴ-ի մեկուսացումը: Արեւմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները այդ երկրում առաջացրել են ոչ միայն տնտեսական ու սոցիալական անհաղթահարելի խնդիրներ, այլեւ բավական լուրջ ներքաղաքական եւ ներիշխանական խորացող հակասություններ: Այնպես որ՝ եթե Հայաստանը չշտապի այդ կառույցներին անդամակցել, ապա գուցե դրա անհրաժեշտությունն արդեն չլինի, հնարավոր է, որ այդ կառույցներն արդեն գոյություն էլ չունենան:

Սոչիի հանդիպումից հետո Արեւմուտքի համար էապես մեծացել է Հայաստանի դերը, մենք պետք է կարողանանք այդ հնարավորություններից օգտվել: Հակառակ դեպքում ՌԴ-ն փորձելու է խոչընդոտել Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններին, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ փոխհամագործակցությանը: Պետք է սկսել թե՛ մեր ազգային անվտանգության, թե՛ դրա բաղկացուցիչ մասի` արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան:

– Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը, Հայաստանի դերը Արեւմուտքի համար ինչպե՞ս կարող է մեծանալ այս պայմաններում:

– Արտաքին քաղաքական ակտիվ գործունեության բավական լայն դաշտ է բացվել մեզ համար, պետք է օգտվել այդ հնարավորությունից: Անհրաժեշտ է ստեղծված իրավիճակին համարժեք ներդաշնակ, ակտիվ եւ բազմակողմանի արտաքին քաղաքականություն վարել եւ ոչ միայն գործադիր իշխանության միջոցով, այլեւ այլ հարթակներով` խորհրդարան, քաղաքացիական հասարակություն, փորձագիտական շրջանակներ եւ այլն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031