Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Հայաստան համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ

Սեպտեմբեր 09,2014 17:52

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը, որով մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար և նշել, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը, Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը, Դատախազությունն այս ոլորտում ԱՄՆ առանցքային գործընկերներն են: «Մեր աշխատանքի նպատակը Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելն է. օտարերկրյա ներդրողների համար չկա ավելի կարևոր բան, քան դատարանների, արդարադատության համակարգի թափանցիկությունն է: Այս համաձայնագրով նախատեսված աջակցությունը կուղղվի ոստիկանության, քրեակատարողական համակարգերի բարեփոխումներին, դատաիրավական ոլորտում նախատեսվող այլ աշխատանքներին»,- նշել է դեսպանը:
Հովհաննես Մանուկյանը նույնպես կարևորել է երկու պետությունների կառավարությունների միջև համագործակցության շարունակականությունը և ընդգծել, որ ԱՄՆ աջակցությունն ուղղված է Հայաստանի համար ամենակարևոր ու զգայուն ոլորտներին՝ դատական համակարգին և քրեակատարողական ծառայությանը:
«Շնորհակալ եմ մեր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ այս համագործակցությունը շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետև իրավական-դատական համակարգը, ինչպես նաև իրավունքի գերակայությունը մեր Կառավարության առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Արդարադատության նախարարը:
Ֆինանսավորումը կօգնի ՀՀ կառավարությանն անդրազգային հանցանքների դեմ պայքարելու, իրավապահ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների գործընթացին ուղղված հետագա աշխատանքներում: Այս աջակցության շրջանակում իրականացվող երկկողմ ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների, Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի և մշտական իրավախորհրդատուի ծրագրերը: Այն նաև կնպաստի իրավապահ կարողությունների կատարելագործմանը, հակաթրաֆիքինգային և հակակոռուպցիոն աշխատանքներին, ինչպես նաև նոր քրեակատարողական և պրոբացիոն համակարգի զարգացմանը:

2001թ-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել շուրջ քսաներկու միլիոն ԱՄՆ դոլար: Այս օժանդակությունը և համագործակցությունը խորհրդանշում են ԱՄՆ դեսպանության ու ՀՀ կառավարության կողմից Հայաստանի իրավապահ ոլորտի արդիականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանն ուղղված համատեղ ջանքերը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930