Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության «պապին կասի» բաժնի հրահանգների համաձայն, մազերը հանցագործության գործիք են

Սեպտեմբեր 09,2014 18:54

Ոստիկանությունն օրեր առաջ իր պաշտոնական էջում առաջարկեց անվտանգության կանոններ գերազանցապես կանանց համար:

Ըստ այդ զգուշացում-կանոնների, առաջարկվում էր. «Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղեւորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն»: Բացի դիմավորողների ենթադրյալ գումարտակից, հայրենի իրավապահ մարմինն հորդորում է ուշ ժամերին ժամադրվել միայն մարդաշատ եւ լուսավորված վայրերում: Խնդիրն այն է, որ երեկ օրինակ, Լեշպատռողաց Սիրուշը ժամադրվել էր մարդաշատ եւ լուսավոր վայրում, բայց էս թնկթնկան երթուղայինն այնքան դանդաղ էր նրան հասցրել ներքին արտի ցորեն` Չարբախ, որ ոստիկանության հորդորը չէր կատարվել, լուսավոր վայրն էլ դարձել էր մութ ու անմարդ:

Դեռ, դա ոչինչ: Բարեբախտաբար, Սիրուշի հագուստը եղել էր «մթեցված», իրենց հարեւան Վաղոյի մեքենայի ապակիների պես: Թե չէ, ոստիկանության «պապին կասի» բաժնի այս մի հրահանգն էլ չէր կատարվի. «Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները եւ չի գայթակղի հնարավոր մոլագարներին: Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաեւ` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ: Աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով»:

Այս հրահանգներից, ամենաուշագրավը սա էր. «Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը, երբեմն, ավելի է գրգռում դիմացինին: Առավել ցանկալի է հոգեբանական «հարձակումը», քանի որ կնոջ համար դժվար է տղամարդու նկատմամբ համարժեք ֆիզիկական ուժ կիրառել: Ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել, ասենք` առաջարկել «ագրեսորին» մի տեղ նստել, մի բան խմել, քննարկել. այս մարտավարությունը կարող է հնարավորություն ընձեռել հարձակվողին մարդաշատ վայր տեղափոխել: Առավել զգուշավորություն է պետք ցուցաբերել զինված հանցագործի հետ շփվելիս: Խուճապը, լացն ու բղավոցը կարող են հանցագործին դրդել դիմելու վտանգավոր միջոցների»:

Այսօրվանից  կանայք թերմոս են իրենց հետ ման տալիս, բա որ «ագրեսորի» սիրտը սառը կամ տաք բան ուզի, հետո էլ` բղավի, աղմուկ հանի: Հո, կանայք գիժ չեն, հիմա էլ գործ կսարքեն, թե դրդիչը կինն էր, նրա պատճառով է ագրեսորը հանցագործություն կատարել:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    ավելի լավ չի՞ սկաֆանդրով զբոսնեն կամ էլ կողպեքով ներքնազգեստ հագնեն 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930