Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ փաստաթղթերի անվան տակ ստորագրել են տվել գրավի պայմանագիր

Հոկտեմբեր 01,2014 13:30
storagrutyun

Դեռեւս 2009 թվականին օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով դատավճռով դատարանը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ տուժողները, այդ թվում՝ Զվարթ Մնացյանը, Արշավիր Սամուելյանը, Համբարձում Դավթյանը, խարդախության զոհ են դարձել, եւ որ նրանց բնակարանները «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրվել է խաբեության եւ վստահությունը չարաշահելու միջոցով:

Ձեռքներին հետագայում ունենալով մեղադրական դատավճիռ, 5 տարի շարունակ Զ. Մնացյանը, Ա. Սամուելյանը, Հ. Դավթյանը չեն կարողանում դուրս գալ ստեղծված սարդոստայնից: 2008 թ. փետրվարին Համբարձում Դավթյանը, Զվարթ Մնացյանը, Արշավիր Սամուելյանը վարկային պայմանագիր են կնքել «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերության հետ, համաձայն որոնց՝ «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ից որպես վարկ Զվարթ Մնացյանին, Արշավիր Սամուելյանին, Համբարձում Դավթյանին է տրամադրվել 400.000-1.000.000 ՀՀ դրամ, որի դիմաց որպես գրավի առարկա գրավադրվել է գրավառուների անշարժ գույքերը` բնակարաններ եւ արտադրամաս:

15.02.2008 թվականին «Ա. Բաղրամյան» ընկերության տնօրեն Արսեն Բաղրամյանը խաբեությամբ եւ վստահությունը շահելու միջոցով Զվարթ Մնացյանին, Արշավիր Սամուելյանին, Համբարձում Դավթյանին այլ փաստաթղթերի անվան տակ ստորագրել է տվել անշարժ գույքի գրավի՝ հիփոթեքի մասին պայմանագիրը: Զ. Մնացյանը, Ա. Սամուելյանը, Հ. Դավթյանը գրավ դնելով իրենց անշարժ գույքերը, հանդիսացել են գրավատու, պատասխանատու ընկերության ստանձնած պարտավորությունների համար: 2008թ. օգոստոսին նախապատրաստվել են նյութեր եւ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հանցակազմով:

Բանկը, զգալով խարդախությամբ գրավ դրված բնակարանները կկորցնի, 27.12.2008 թ. կնքել է «իրավունքի զիջման» պայմանագիր, որով «Սար Կապիտալ» ՍՊԸ-ին զիջել է «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ի նկատմամբ վարկային պայմանագրերով ունեցած պահանջներից բխող իրավունքները՝ 665.449 ԱՄՆ դոլար եւ 25.348.171 ՀՀ դրամի ծավալով: Ուշագրավն այն է, որ «Սար Կապիտալ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց կամ ռեգիստրի տվյալների, գրանցված է այն նույն հասցեում, ինչ «ԲՏԱ Ինվեստ Բանկը», իսկ «Սար Կապիտալի» հիմնադիրը հանդիսանում է «ԲՏԱ Ինվեստ Բանկի» նախկին տնօրենը: 18.11.2009 թ. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/0223/01/09 քրեական գործով կայացրել է դատավճիռ, համաձայն որի՝ 2008 թ. հունվարին Արսեն Բաղրամյանը՝ Արթուր Ավալյանի եւ Սուսաննա Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անշարժ գույքի գրավի դիմաց վարկ ստանալու խնդրանքով, «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերություն դիմած Զվարթ Մնացյանին, Արշավիր Սամուելյանին, Համբարձում Դավթյանին, սեփականության իրավունքով պատկանող բնակարանները խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, նրանց բնակարանը «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի գրավ դնելու, նույն գումարի վարկ ստանալու եւ նրանց տրամադրելու պատրվակով, չարաշահելով նրանց վստահությունը, տարել է նոտարական գրասենյակ, որտեղ բանկի գործադիր տնօրեն Ռասուլ Կասանովի եւ Զվարթ Մնացյանի, Արշավիր Սամուելյանի, Համբարձում Դավթյանի միջեւ կնքված անշարժ գույքի գրավի մասին պայմանագրով սեփականության իրավունքով պատկանող բնակարանները եւ արտադրական տարածքը, թվով երեք այլ գույքի հետ միասին, գրավ է դրվել որպես «ԲՏԱ Ինվեստ Բանկի» եւ «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերության միջեւ վարկային համաձայնագրով, վարկառուին մինչեւ 16.08.2010 թվականը մարման ժամկետով, 18 տոկոս տոկոսադրույքով տրամադրվելիք 600.000 ԱՄՆ դոլար վարկի գումարից հատկացվող 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Ա. Բաղրամյան» ընկերությունը, համաձայն «Սար Կապիտալ» ՍՊԸ-ի դիմումի, ճանաչվել է սնանկ: «Ա. Բաղրամյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հրանտ Ղամբարյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, թույլատրել է «Ա. Բաղրամյանի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանին երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող «Սար Կապիտալ» ՍՊԸ-ում գրավադրված 7 անուն գույքը՝ որպես սեփականություն, ընդհանուր՝ 19.123.340 ՀՀ դրամ պահանջի չափի դիմաց հանձնել «Սար Կապիտալ» ՍՊԸ-ին, այդ թվում՝ Զվարթ Մնացյանին, Արշավիր Սամուելյանին, Համբարձում Դավթյանին պատկանող անշարժ գույքերը: Ի դեպ՝ անշարժ գույքերի սեփականատերերը որեւէ կարգավիճակով չեն մասնակցել վարույթին, եւ նրանց սեփականության հետ կապված հարցը քննվել է սեփականատերերի բացակայության պայմաններում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր հերթական դատական ակտը՝ այն է. «Սար Կապիտալ» ՍՊԸ-ն, դիմելով դատարան, խնդրել էր «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ի խարդախությունից տուժած անձանցից բռնագանձել գումար՝ նշված պարտավորությունների համար: Քաղաքացիները, բնականաբար, դիմել են հակընդդեմ հայցով: «Սար Կապիտալը» դատաքննության փուլում հրաժարվել է հայցից, իսկ դատավորը վճռել է, որ քանի որ սկզբնական հայցը կարճվում է, բնականաբար, պետք է կարճվի նաեւ հակընդդեմ հայցը:

Զվարթ Մնացյանի, Արշավիր Սամուելյանի, Համբարձում Դավթյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031