Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական Միությանն ընդառաջ. «Արցախցի արտադրողների կյանքը կվերածվի իսկական դժոխքի»

Հոկտեմբեր 10,2014 12:21

Որքան մոտենում է Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համաձայնագրի ստորագրման ժամերը, այնքան առավել մեծանում են մտահոգությունները դրանից բխող վտանգների ու մարտահրավերների շուրջ:

Չնայած, Աստանայում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությունից հետո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները համառորեն հերքում են Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսակետ դնելու պարտավորությունը, այնուհանդերձ անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ անդամակցության պայմանագրի նախագծին, որը Մաքսային օրենսգրքի մի քանի դրույթով հստակեցնում է մաքսակետի պահանջը:

ՄՄ Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ասում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբյեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրները ունեն բացառիկ իրավասություններ»:

Եթե այս ձևակերպմանը ավելացվում է «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը, միևնույն է, ՄՄ միասնական մաքսային սահմանի մեջ որևէ կերպ չի մտնում ԼՂՀ-ն, քանի որ վերջինս ո՛չ արհեստական կղզի է, ո՛չ շինություն, ո՛չ էլ այլ օբյեկտ, որի նկատմամբ Հայաստանը ունի բացառիկ իրավասություններ:

«Նույն օրենսգրքի 95-րդ և 97-րդ հոդվածները շատ հստակ և տրամաբանորեն ենթադրում են, որ բոլոր ճանապարհները, որոնք մտնում ու դուրս են գալիս ՄՄ, պետք է ապահովված լինեն մաքսակետերով: ՀՀ օրենսդրությունը ենթադրում է՝ մաքսակետ կլինի՞, թե՞ ոչ՝ Հայաստանի որոշելիքն է, դա մեր ինքնիշխան իրավունքն է: Եթե մտնում ենք ՄՄ, այդ բոլոր լիազորությունները անցնում են Մոսկվային,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը: – Ամեն ինչ գրված է թղթի վրա, և շատ դժվար է հրաժարվել մի բանից, որի տակ դու ստորագրել ես: Թեև ԱԳՆ-ը պնդում է, որ սա վերջնական տարբերակը չէ, բայց այս պահին սա գործող տարբերակն է»:

Ենթադրվում է, որ ԼՂՀ-ն դուրս է մնալու Մաքսային միության սահմաններից, ինչի արդյունքում այն վայրերում, որտեղ ԵՏՄ տարածք հանդիսացող Հայաստանից դեպի Արցախ ճանապարհներ են գնում, պետք է մաքսային գոտիներ լինեն: Կանխատեսվում է, որ մաքսակետեր կստեղծվեն Քաշաթաղում, Լաչինում և Արցախ տանող մյուս ճանապարհներին: Իսկ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան ապրանքները կներմուծվեն ԵՏՄ-ում գործող բավականին բարձր մաքսային դրույքաչափերով:

Իոանիսյանը նշում է, որ մաքսակետը պարունակում է երկու կարճաժամկետ և մեկ գլոբալ երկարաժամկետ վտանգներ: Նրա խոսքով՝ Արցախում արտադրված ապրանքները Հայաստան կներմուծվեն մաքսազերծվելուց հետո, իսկ ՄՄ մաքսատուրքերը՝ բավական բարձր են:

«Արցախցի արտադրողների կյանքը կվերածվի իսկական դժոխքի, ստիպված կլինեն իրենց ապրանքը իրացնել միայն Արցախում: Երկրորդ՝ Արցախում արտադրված շատ ապրանքներ այլ երկրներ տարանցվում էին Հայաստանի տարածքով: Վրան գրվում էր՝ արտադրված է ՀՀ-ում, ք. Ստեփանակերտ, շտրիխ կոդ՝ 485, այսինքն՝ այլ երկրներում այս ապրանքները ընդունվում էին որպես Հայաստանու արտադրված: Այս դեպքում Արցախից եկող ապրանքների վրա արդեն նշվելու է՝ ներմուծված, այդ դեպքում էլ ինչպե՞ս պետք է վրան գրեն՝ արտադրված է ՀՀ-ում: Անհաղթահարելի են դառնում խոչընդոտները Արցախի արտադրողների համար սպառել իրենց ապրանքը, թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում»,- ասում է նա:

Այդուհանդերձ, պետական պաշտոնյաները շարունակում են հերքել փորձագետների կանխատեսումները: Անցյալ շաբաթ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, բացառելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետը, նշել է. «Անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրին և հավելվածներին, նշում է իր համար ակնհայտ վտանգները՝ մաքսակետի տեղադրում ՀՀ-ի և Արցախի միջև, երկրորդ՝ հսկիչ-անցագրային սահմանակետի տեղադրում, երրորդ՝ ռուս զինվորների ներկայություն:

«Սա հարմար առիթ է Հայաստանի համար վերանայելու իր մոտեցումները և գործընկերներին հասկացնելու անդամակցության պահանջների անընդունելիությունը: Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ չկային, իսկ հիմա գործ ունենք մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանի հետ: Պետք է առաջարկել հետաձգել գործընթացը՝ պայման դնելով, որ եթե մաքսակետ պիտի դրվի ՀՀ-ի և Արցախի միջև, ուրեմն մաքսակետ պիտի դրվի նաև Ղրիմի և Ռուսաստանի միջև: Ես կողմնակից չեմ երկակի ստանդարտների կիրառմանը մեր եղբայր և ռազմավարական բարեկամ երկրների հետ: Բայց կամ մաքսակետ դնենք և՛ Ղրիմի, և՛ Ղարաբաղի սահմանին, կամ չդնենք»,- ասում է նա:

Փորձագետների մի մասն էլ մատնանշում է ռազմական անվտանգության խնդիրը, որն ի հայտ է գալու մաքսակետի տեղադրման դեպքում: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ սահմանային գծով զենքի, սպառազինությունների և զինված ուժերի շարժը ամրագրվելու է ՄՄ մարմիններում:

«Բնականաբար, ռազմական տեսանկյունից հայկական կողմը որևէ գաղտնիք չի կարող պահպանել, քանի որ դրանք հայտնի կդառնան առնվազն Ղազախստանին, Բելառուսին և Ռուսաստանին, մեր պետական գաղտնիքները թափանցիկ կդառնան Ադրբեջանի համար: Թե ինչպես են նման խնդիրների լուծումը պատկերացնում Հայաստանի իշխանությունները՝ չգիտեմ: Սա շատ լուրջ վտանգ է պարունակում»,-ասում է նա:

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ նշում է, որ իշխանությունները մոռանում են, որ Հայաստանն ու Արցախը մեկ միասնական անվտանգության համակարգ են և միասին են պաշպանվում թշնամի երկրից, որը անընդհատ փորձում է ոտնձգություն կատարել այդ միասնական անվտանգություն դեմ:
«Մեր ռուսամոլները, որոնք մտածում են ինչ-որ ձևով այս երկիրը Ռուսաստանին կցելու մասին, չեն հասկանում, որ կցվում են Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին»,- ասում է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ռուսական զորքերի հնարավոր տեղակայմանը Արցախում՝ Հովհաննիսյանը նշում է որ Ռուսաստանին այնքան չի հետաքրքրում Արցախում զորքերի տեղակայումը, որքան Հորադիզում՝ Իրանի սահմանի մոտ:

«Տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են լինում, և Իրանի հետ սահմանին զորք ունենալը և դա վերահսկելը նրանց համար դառնում է ռազմավարական խնդիր, բայց դա նույնպես մեր ինքնիշխանության հաշվին է, և ո՞վ ասաց, որ հայ-իրանական հարաբերությունները պակաս կարևոր են, քան հայ-ռուսական հարաբերությունները: Ինչո՞ւ պետք է մենք մեր բարիդրացիական հարաբերությունները մի երկրի հետ խզենք, փակվենք երրորդ երկրի զորքով հանուն Ռուսաստանի»,- ասում է Հովհաննիսյանը:

Քննադատություններում կարմիր գծով անցնում է այն փաստը, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմամբ Սերժ Սարգսյանը ընդամենը քաղաքական հարց է լուծում, ապահովում է իր վերարտադրությունը:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին չի համապատասխանում ո՛չ ԵՏՄ պետությունների շահերին, ո՛չ էլ Հայաստանի շահերին: Այն ընդամենը քաղաքական պրոյեկտ է՝ Սերժ Սարգսյանին փրկելու համար:

«2013 թ. ընտրությունները նրա համար տապալում էին, և դրանից հետո նա իշխանության ղեկին մնալու միակ ճանապարհը տեսնում է ՄՄ-ի հետ անդամակցելու մեջ: Որևէ այլ բան այստեղ չեմ տեսնում՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ անվտանգության»,- ասում է նա:

Տնտեսագետ,ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ շեշտում է, որ իշխանության կայուն վերարտադրությունը հնարավոր էր միայն ԵՏՄ մոդելի դեպքում, մինչդեռ իրական ժողովրդավարության և ազատ ընտրությունների պարագայում, որը պահանջվում էր Եվրամիության ասոցացման համաձայնագրով, իշխանության վերարտադրությունը դժվար կլիներ:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031