Ի հեճուկս հայաստանյան քաղաքական դաշտի որոշակի հատվածի սպասելիքների, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը : Փաստաթուղթը ստորագրել են ԵՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները` Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը:
Հիշեցնենք, որ փաստաթղթի ստորագրումը կասկածի տակ առնողները վկայակոչում էին այն իրողությունը, որ արդեն որերորդ անգամ, տարբեր պատճառներով Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին չի կայացել: Առավել պրագմատիկ գործիչները պարզապես հույս էին փայփայում, որ այս անգամ էլ Բելառուսի նախագահը կխոչընդոտի Հայաստանի անդամակցությանը, քանզի Հայաստան-Բելառուս տարաձայնություններն առավել շատ եւ էական էին հետագա համագործակցության առումով: Ինչեւէ, ոչ հոռետեսների, ոչ պրագմատիկների սպասելիքները չարդարացան: Հայաստանն այլեւս Եվրասիական տնտեսական միության անդամ է: Գործընթացի, այսպես ասած, պաշտոնական մեկնարկը կտրվի 2015-ին:
«Ինչքան գիտեմ, կանխատեսումները հիմնականում հենց ստորագրման օգտին էին»,- Aravot.am-ի հետ զրույցում, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության փաստաթղթի ստորագրման առիթով մեր դիտարկմանը չհամաձայնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Ուղղակի այն մարդիկ, որոնք իրատեսորեն են գնահատում իրավիճակը եւ ելնում են երկրի զարգացման առաջնայնությունից, շատ համեստ հույսեր էին փայփայուն, որ այս անգամ էլ ԵԱՏՄ Հայաստանի անդամակցությունը կխոչընդոտվի: Դա տխուր հույս էր, քանի որ կախված էր ոչ թե երկրի իշխանության, քաղաքական վերնախավի դիրքորոշումից, այլ ՀՀ-ի նկատմամբ ԵԱՏՄ հիմնադիրների ոչ բարյացակամ վերաբերմունքից: Այսինքն` մենք ոչ միայն մտնում ենք մի միություն, որտեղ լուրջ վտանգներ կան երկրի զարգացման ու ինքնիշխանության պահպանման առումով, այլեւ դա անում ենք նվաստացած գործընկերոջ կարգավիճակով, որը դեռ պիտի իրեն նվաստացնողների «լավության տակից դուրս գա»: Համոզված եմ, որ անդամակցության հետ կապված եւ մեզ համար կարեւորագույն նշանակություն ունեցող շատ հարցեր դեռ վերջնականապես համաձայնեցված չեն: Եվ այսօրվա ստորագրումից մինչեւ ԵԱՏՄ հիմնադիրների խորհրդարաններում պայմանագրի վավերացումը ընկած ժամանակահատվածում Հայաստանին լուրջ զիջումներ են փորձելու պարտադրեն, որոնց դիմադրելը անչափ դժվար է լինելու»,- կարծում է Բորիս Նավասարդյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































