Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհանդես` վճռաբեկ դատարանում

Հոկտեմբեր 10,2014 20:57

Հոկտեմբերի 10-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Սիս» սրահում տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի հինգերորդ հատորի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների երկրորդ հատորի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ  քննչական կոմիտեի  նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության փոխնախարարներ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դատարանների նախագահներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Հատորները տպագրվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում նշեց. «Բազմիցս խոսել ենք 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո Վճռաբեկ դատարանի դերի և նշանակության մասին: Շեշտադրել ենք կանխատեսելի արդարադատության կայացման ճանապարհին նախադեպային իրավունքի դերն ու նշանակությունը: Ներկայացվող գրքերի կարևորությունն այսօր ակնհայտ է Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հետ աշխատող յուրաքանչյուր իրավաբանի համար: Հատկապես, եթե դրանք գնահատենք Քրեական դատավարության օրենսգրքում այս տարվա հուլիսի 3-ին ուժի մեջ մտած փոփոխությունների և լրացումների համատեքստում: Նշված փոփոխություններով վճռաբեկ բողոքի բավական ծավալուն և բարդ պահանջներ սահմանվեցին, որոնք վերաբերում են նաև Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումների վկայակոչմանն ու կիրառմանը: Ուստի, քրեական գործերով Վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուի ինչպես այս հատորը, այնպես էլ բոլոր նախորդ հատորները լուրջ կիրառական նշանակություն ունեն նոր չափանիշներով վճռաբեկ բողոքի կազմման և հատկապես Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումների պատճառաբանված վկայակոչման առումով: Վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների երկրորդ հատորը կազմվել է իրավագիտության ոլորտում տեսական ու գործնական փորձ ունեցող մասնագետների համատեղ ջանքերով: Հեղինակային խմբում ընդգրկված են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ, դատական ծառայողներ, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեական դատավարության ու կրիմինալիստիկայի ամբիոնների դասախոսներ, ինչը հնարավորություն է տվել իրականացնել միաժամանակ դոկտրինալ և աուտենտիկ մեկնաբանություններ: Հատորը երաշխավորվել է տպագրության ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից և կարող է կիրառվել որպես ուսումնական ձեռնարկ ֆակուլտետում դասավանդվող «Քրեական գործերով նախադեպային իրավունք» դասընթացի համար»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իր ելույթում մատնանշեց. «Մենք գտնում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական որոշումների և դրանց մեկնաբանությունների հատորները կօգնեն Վճռաբեկ դատարանի առաքելության իրականացման՝ օրենքի միատեսակ կիրառության գործում: Հուսով ենք, որ այս հատորներն օգտակար կլինեն ոչ միայն դատավորների, դատախազների, փաստաբանների, իրավաբանների համար, այլ նաև լայն հասարակության, ինչպես նաև պրակտիկ իրավաբանների համար»:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. «Դատարան մուտք եղած քրեական գործերի թվի նվազումը և մինչդատական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց դեմ ներկայացված բողոքների քանակի աճն ինքնին վկայում են Վճռաբեկ դատարանի որոշումների ազդեցության և արդյունավետության մասին: Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինների կողմից օրենքի նորմերի հայեցողական մեկնաբանումը սահմանափակելու արդյունքում նվազում է դատարան մուտք եղած քրեական գործերի թիվը, իսկ դատարանների կողմից անձանց իրավունքների իրական երաշխավորման արդյունքում աճում է մինչդատական վարույթի շրջանակներում ստացվող բողոքների քանակը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների որակական չափանիշ պետք է համարել նաև այն փաստը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում հղումներ է կատարում վճռաբեկ դատարանի որոշումների վրա՝ նշելով դրանց համապատասխանությունը միջազգային  չափորոշիչներին: Տվյալ իրողությունների հիման վրա հետևություն արվեց, որ որոշումից որոշում, հատորից հատոր մեր երկրում քրեական արդարադատությունը դառնում է ավելի կանխատեսելի, իսկ մարդու իրավունքները՝ ավելի երաշխավորված և գործադրելի»:

Ելույթներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Հովհաննես Լուլեջյանը՝ իրենց խոսքում ընդգծելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների տեսական և պրակտիկ նշանակությունը:

 

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031