Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով Հայաստանի տնտեսության կրած վնասները ՀՀ կառավարությունը կհաշվարկի տարեվերջին: Այսօր այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ի պատասխան լրագրողների տարբեր հարցերի, Կարեն Ճշմարիտյանը հորդորեց` միմյանց հետ չկապել պատժամիջոցների առկայությունն ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցերը. «Դրանք Եվրասիական տնտեսական միության վնասները չեն, այլ խնդիրներ են: Պատժամիջոցները չեն կիրառվել նրա համար, որ ստեղծվել է միություն, դա այլ խնդիր է»:
Կարեն Ճշմարիտյանն, ի դեպ, տեղեկացրեց, որ ուսումնասիրել է վիճակագրությունն ու ըստ այդմ ՌԴ տնտեսության որոշ ճյուղերում թեպետ թեթև, բայց աճ կա: Նա մատնանշեց նաեւ այն, որ երեկ արդեն ռուսական ռուբլու կայունացում արձանագրվեց:
Անդրադառնալով Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալների նվազման հարցին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ գյուղմթերքի արտահանման խնդիր չի եղել, աշխատանքները արդյունավետ են կազմակերպվել, հայկական գյուղմթերքն էլ բարեհաջող իրացվել է այնտեղ. «Ընդհանուր առմամբ, ազդեցությունն ավելի շատ եղել է այլ ապրանքների գծով՝ հիմնականում արտադրատեխնիկական ապրանքների ուղղությամբ: Եթե երկրում գների բարձրացում կամ անկայունություն է լինում, ապա ներմուծողները ձեռնպահ են մնում ներմուծումներ կատարելուց՝ մինչև գների կայունացում, որովհետև իրենք էլ շուկայում կողմնորոշվելու խնդիր ունեն»: Հայաստանի կառավարությանը, ըստ նախարարի, մնում է միայն հուսալ, որ իրավիճակը կկայունանա, և հայ արտահանողները կկարողանան նորմալ աշխատել:
«Եկեք ժամանակից առաջ չընկնենք, որովհետև նույն պատժամիջոցներ կիրառողների համար էլ այդքան հեշտ չէ: Եթե նկատել եք, որոշակի դժգոհություններ կան նաև իրենց տրադիցիոն շուկաներում աշխատողներից: Համենայնդեպս, հուսով ենք, որ կգան ինչ-որ ընդհանուր հայտարարի»,- ասաց նախարար Ճշմարիտյանն` արձագանքելով դիտարկմանը, որ պատժամիջոցները շարունակվում են, իսկ դա վատ է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա:
Կարդացեք նաև
Ըստ որոշակի կանխատեսումների, ըստ բանախոսի, ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտները պետք է աճեին 8-9 տոկոսով, եթե չլիներ ռուբլու արժեզրկումը: «Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր հայրենակիցներն այնտեղ որ ոլորտներում են զբաղված: Շինարարությունը մի քիչ անկում ունի, իսկ մանրածախ առևտուրն աճ ունի: Այնպես չէ, որ այդ պատժամիջոցների արդյունքում այնպիսի ազդեցություն է լինում, որ ազդում է հենց մեր հայրենակիցների վրա: Իհարկե, կա ազդեցություն, շինարարության ոլորտում եթե ընդգրկված լինեն, այնտեղ կա ազդեցություն: Նաև կախված է նրանից, թե հաջորդ տարվա պետական բյուջեում ՌԴ-ն ինչպիսի միջոցառումներ է նախատեսում, միայն դրանք տեսնելուց հետո կարող ենք եզրահանգումներ անել»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































