ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` Մ. Հովակիմյանը, որի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ երկու ամիս առաջ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, հօգուտ Լիսկայի դակել է հերթական մերկապարանոց և անարդար վճիռը:
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, ուր մասնավորապես նշված է.
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, (այսուհետ` Դատարան) դատավոր` Մ. Հովակիմյանի նախագահությամբ, քննելով հայցս ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի` «հոգեկան հիվանդ» արտահայտությամբ հրապարակայնորեն ինձ վիրավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն ինձնից ներողություն խնդրելու, պատասխանողից հօգուտ ինձ նվազագույն աշխատավարձի 1000-ապատակի չափով փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջի և Սուրիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Սամվել Հարությունյանի` հայցվորի պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջի մասին, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին կայացրած վճռով ամբողջությամբ մերժել է հայցս:
Պնդում եմ, որ Դատարանի վճիռը ակնհայտ անօրինական է, անհիմն է և չպատճառաբանված` հետևյալ հիմնավորմամբ:
Կարդացեք նաև
Դատարանը 2014թ. մարտի 31-ին կայացրել է որոշում` հայցադիմումը վարույթ ընդունելու և դատաքննության նախապատրաստելու մասին:
Պատասխանող Սուրիկ Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը 2014թ. մայիսի 16-ին Դատարանին ներկայացրել են հակընդդեմ հայցադիմում: Դատարանը 2014թ. մայիսի 19-ի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը վերադարձրել է: Հակընդդեմ հայցադիմումում առկա խախտումները վերացնելուց հետո այն կրկին ներկայացվել է Դատարանին, որն էլ Դատարանի 2014թ. մայիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Ծավալուն հակընդդեմ հայցադիմումում մասնավորապես նշված է. «Սույն քաղ. գործով գնահատող դատողությունը հիմնված է բավարար փաստական հիմքի վրա: Արդեն 20 տարուց ավելի է որ Ս. Հարությունյանը ցանկանում է ինձ վնաս պատճառել, վրեժ լուծել իր չկայացած քաղաքապետի և չստացված պաշտոնների համար, անընդհատ զրպարտում է տարբեր հանցագործությունների կատարման մեջ, քաջ գիտակցելով և օրինական ճանապարհով տեղեկացված լինելով, որ նշված արարքների հետ ես ոչ մի կապ չեմ ունեցել: Նրա այդպիսի վարքագիծը ես համարում եմ տարօրինակ, հոգեկան հիվանդության դրսևորման արտահայտություն: Տարօրինակ է նաև, որ երբ հանդիպում ենք, նա ինձ ընդունում է ջերմորեն, հայտնում, որ մենք բարեկամներ ենք, ազգականներ, երկու եղբայրների թոռներ: Զարմանալի է, որ զրույցի ժամանակ նա նույն նախադասությունը, կամ միտքը, կրկնում է մի քանի անգամ, կարծես թե մոռանալով, որ արդեն ասել է դրա մասին: Զրույցի ընթացքում կարող է անընդհատ քորել գլուխը կամ թքել գետնին մի քանի անգամ, տարօրինակ դիրք ընդունել, անհասկանալի մտքեր արտահայտել, քաոսային խոսք: Նրան մշտապես թվում է, որ իր մտքերը, գաղափարները գողանում են, իր մտածածը շրջապատում կրկնում են, այսինքն` սեփական մտքի արձագանքում Իմ հարազատներին, մտերիմ ընկերներին տեսնելով միշտ հարցնում է իմ մասին, գովաբանում ինձ, նույնիսկ ցանկություն հայտնում հանդիպելու և քեֆ անելու միասին: Նա բազմիցս Գորիսեցի իմ ընկերներին Ս. Բալյան, Հ. Մկրտչյան, որոնք նաև իր ծանոթներն են, հայտնել է, որ ոչ մի անգամ հրապարակայնորեն իմ մասին վատ բան չի ասելու, սակայն օրեր հետո խոստումը ժխտում է…: Այս և մի շարք փաստերից ելնելով ինձ մոտ համոզմունք է ձևավորվել, որ նա ինչ-որ հոգեկան շեղումներ ունի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դատարանին նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն , որից հետո պարզ կլինի թե ինչքանով է հիմնավոր իմ և տասնյակ գորիսեցիների կարծիքը նրա նկատմամբ»:
Այսպիսով` սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվոր Սուրիկ Խաչատրյանը 2014թ. մայիսի 16-ին ընդունել է, որ «հոգեկան հիվանդ » արտահայտությունն ուղղել է ինձ` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Վաղարշակի Հարությունյանին, ավելին` այդ արտահայտության համար ունեցել է համոզմունք, ինչն էլ ներկայացրել է հրապարակայնորեն:
Սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը, անկասկած, համոզվելով, որ հակընդդեմ հայցադիմումը դատաքննության ընթացքում իրենց համար բացառապես ունենալու է բումերանգի նշանակություն, 2014թ. հոկտեմբերի 16-ին միջնորդություն է ներկայացրել Դատարան` հակընդդեմ հայցից հրաժարվելու մասին:
Դատարանը հատուկ դիտավորությամբ առհասարակ չի անդրադարձել հակընդդեմ հայցադիմումին ներկայացրածս պատասխանին, նրանում բերված հիմնավորումներին, ապացուցողական նշանակության փաստական հանգամանքներին, մասնավորապես, իրավական գնահատական չի տվել հակընդդեմ հայցադիմումում, ինչպես Սուրիկ Խաչատրյանի կողմից Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումի պարագայում, ակնհայտ կեղծիք կատարելու և անձնագրային կեղծ տվյալներ ներկայացնելու փաստին, ինչն, ի դեպ, առկա է նաև Դատարանի վճռի առաջին էջում:
Սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվոր կողմը հակընդդեմ հայցը ներկայացնելուց հինգ ամիս անց, 2014թ. հոկտեմբերի 16-ին կայացած դատաքննության ընթացքում, որդեգրել է հակընդդեմ հայցադիմումում իր խոստովանածին և շարադրած շինծու հիմնավորումներին տրամագծորեն հակադիր դիրքորոշում, բերել ոչ պակաս շինծու հիմնավորումներ. ավելի քան 7 ամիս անց վերջապես «հիշել», որ 2014թ. մարտի 6-ին Սուրիկ Խաչատրյանի կողմից հնչեցրած «հոգեկան հիվանդ» արտահայտությունը ուղղված է եղել ոչ թե Երևանում բնակվող Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Վաղարշակի Հարությունյանին , այլ Գորիսի բնակիչ Սամվել Գերասիմի Հարությունյանին:
Այս ամենից հետո Դատարանը կայացրած վճռում կատարել է մերկապարանոց իրավական վերլուծություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդ որում` թե հայցադիմումումի դեմ ներկայացված առարկության և թե դատաքննությամբ սկզբնական հայցով պատասխանողի ներկայացուցիչը ցուցմունք է տվել այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանի կողմից լրատվական կայքում հնչեցված «հոգեկան հիվանդ» արտահայտությունը ուղղված է եղել ոչ թե Երևանում բնակվող Սամվել Հարությունյանին, այլ ուղղված է եղել Գորիսում բնակվող Սամվել Հարությունյանին, որը նույնպես մեղադրանքներ է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի հասցեին»:
Միաժամանակ դատաքննությամբ վկաներ Վլադիկ Ստեփանյանը, Մանվել Մալինցյանը և Մարատ Բաղդասարյանը դատաքննությամբ տրված ցուցմունքներով ևս հաստատել են, որ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում բնակվող Սամվել Հարությունյանին անվանել է «հոգեկան հիվանդ»:
Նշված հանգամանքների հիման վրա էլ դատարանը սկզբնական հայցով պատասխանողի ներկայացուցչի և վկաների ցուցմունքների, Սամվել Գերասիմի Հարությունյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի` առաջին լրատվական կայքի միջոցով «հոգեկան հիվանդ» արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին (որը դատարանի 2014թ. օգոստոսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ), ինչպես նաև լրատվական կայքում «Սամվել Հարությունյան» անձի ինքնության հստակեցման բացակայության պայմաններում գտնում է, որ shamshyan.com լրատվական կայքի տեսանյութում 2014թ. մարտի 6-ի 27.43-27.54 ժամանակահատվածում տեղադրած լրագրողի և Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցված «հոգեկան հիվանդ » արտահայտությունը ուղղված չի եղել Սամվել Վաղարշակի Հարությունյանին, որի պայմաններում էլ բացակայում է Սամվել Վաղարշակի Հարությունյանին հասցրած վիրավորանքը, հետևաբար` բացառվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված իրավակարգավորումը սկզբնական հայցով հայցվորի նկատմամբ:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, դատարանը գտնում է, որ սկզբնական հայցով հայցվոր Սամվել Վաղարշակի Հարությունյանի հայցապահանջը ենթակա է մերժման` «հոգեկան հիվանդ » արտահայտությունը վերջինիս ուղղված չլինելու հիմքով »:
Դատարանը այդ մերկապարանոց վերլուծությամբ կանաչ ճանապարհ է բացել սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցվոր Սուրիկ Խաչատրյանի հորինած «ճշմարտության» առաջ և կայացրել է անարդար, անհիմն, անհեթեթ ու ապօրինի վճիռ:
Դատարանի վճիռը որևէ աղերս չունի իրավունքի, օրինականության և արդարադատության հետ:
Դատարանը արժանահավատ է համարել բացահայտ սուտն ու կեղծիքը, անտեսել է ներկայացված հակընդդեմ հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանի կողմից «հոգեկան հիվանդ » արտահայտության թիրախը ինձ` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին համարելու խոստովանության ճչացող փաստը և ակնհայտ դիտավորությամբ իրավական գնահատական չի տվել սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցվոր Սուրիկ Խաչատրյանի, նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանի սուտ փաստարկումներին ու կեղծ վկայություններին:
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ. դատավճռում հիշատակված Գորիսում բնակվող, ԵԿՄ անդամ Սամվել Գերասիմի Հարությունյանը ԵԿՄ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի դեմ երբևէ հրապարակայնորեն որևէ մեղադրանք չի հնչեցրել: Սուրիկ Խաչատրյանի անսովոր քրեական ընթացքի մասին «մեղադրանքներ հնչեցրած», բազմաթիվ հայտարարությունների, հրապարակումների հեղինակը եղել և հանդիսանում եմ ես` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Վաղարշակի Հարությունյանս: Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցանքների մասին հրապարակումներս ունեցել են հանրային աննախադեպ հնչեղություն: Լրագրողը միմիայն ինձ է նկատի ունեցել իր դիտարկմամբ. «Պարոն Խաչատրյան, Ձեր ընդդիմախոսներից, մասնավորապես, Սամվել Հարությունյանը Ձեր հասցեին այդքան մեղադրանքներ է հնչեցնում»:
Ոչ միայն ես, այլև հանրային լայն հնչեղություն ունեցած նշված հարցազրույցը դիտած կամ ընթերցած հազարավոր անձինք ընկալել են, որ Սուրիկ Խաչատրյանի հնչեցրած «հոգեկան հիվանդ » արտահայտությունը բացառապես ուղղված է եղել ինձ` Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին:
Այսպիսով` Դատարանն անտեսել է ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները, իր կողմնակալ, աչառու վերաբերմունքով և կայացրած ապօրինի, անհիմն ու անարդար վճռով ոչ միայն արհամարհել է դատական արդյունավետ պաշտպանության դիմելու իմ իրավունքը, այլև ինձ հրապարակայնորեն վիրավորողին, իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորողին կամայականորեն ազատել է օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Անշուշտ, Դատարանի կայացրած վճիռը Սուրիկ Խաչատրյանի և այլոց համար դառնալու է ոգևորիչ նախադեպ, հենարան ու խթան, հետայսու նույնպես ինձ և այլոց հրապարակայնորեն վիրավորելու, կատարած ապօրինության դիմաց պատասխանատվության փոխարեն խրախուսվելու ճանապարհին: Դատավոր Մ. Հովակիմյանի նախագահությամբ Դատարանի կայացրած վճիռը, ինչպես ներկայացրածս մեկ այլ հայցի պարագայում նշանակում է հերթական անգամ ջուր լցնել ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի, այլև վիրավորանքի, զրպարտության միջոցով անմեղ մարդկանց վնասող բոլոր անձանց ջրաղացին:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ ամբողջությամբ բեկանել թիվ ՍԴ3/0089/02/14 քաղաքացիական գործով հայցս մերժելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 29-ի վճիռը, հաշվի առնել, որ այդ Դատարանը իմ հայցերի առնչությամբ ի զորու չէ իրականացնել արդարադատություն, փոփոխել Դատարանի վճիռը, ամբողջությամբ բավարարել հայցս, նկատի ունենալով, որ Դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն տալիս են կայացնելու նման դատական ակտ:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ