Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատես»-ը՝ Թիվ 26 ԸԸՀ-ում դիտորդի նկատմամբ ճնշումների և ֆիզիկական ներգործության մասին

Հոկտեմբեր 09,2026 16:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Ականատեսի օրագիր N1 | Թիվ 26 ԸԸՀ-ում դիտորդի նկատմամբ ճնշումների և ֆիզիկական ներգործության մասին

Հոկտեմբերի 8-ին Հրազդանում գտնվող թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ) միջադեպ է տեղի ունեցել «Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդի և հանձնաժողովի քարտուղարի միջև։

Դիտորդի հաղորդմամբ՝ հանձնաժողովի քարտուղարը քաշքշել և սպառնացել է իրեն, պահանջել է փոխանցել անձնական հեռախոսը, ինչպես նաև փորձել է թույլ չտալ հեռանալ հանձնաժողովի տարածքից։ Միջադեպը կապված է եղել դիտորդի իրավունքների սահմանափակման վերաբերյալ ավելի վաղ տեղի ունեցած դեպքի և դրան հաջորդած դատական գործընթացի հետ։

Մասնավորապես, ավելի վաղ թիվ 26 ԸԸՀ-ի քարտուղարը թույլ չէր տվել դիտորդին լուսանկարել հանձնաժողովի գրանցամատյանի համապատասխան հատվածը։ Դիտորդի իրավունքների այս սահմանափակումը վիճարկելու նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմել էր դատարան։

ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցով պահանջվել է պարտավորեցնել թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին և քարտուղարին ապահովել թիվ 26 ԸԸՀ գրանցամատյանի «ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐ» էջի ամբողջական լուսանկարահանման հնարավորությունը՝ ներառյալ դրանում նշված անձը հաստատող փաստաթղթերի համարները։

Հայցի հիմքում դրվել է այն հիմնավորումը, որ նշված սահմանափակմամբ խոչընդոտվել է հայցվորի՝ որպես հավատարմագրված դիտորդի՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով երաշխավորված՝ ընտրական փաստաթղթերին ծանոթանալու և դրանք լուսանկարահանելու իրավունքի իրականացումը։

Ընդգծվել է, որ գրանցամատյանի համապատասխան էջում անձնական տվյալների առկայությունն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ դրա ամբողջական լուսանկարահանումն արգելելու համար։ Համանման իրավական դիրքորոշումը հաստատվել է նաև ՀՀ վարչական դատարանի՝ 13.06.2026 թ. թիվ ՎԴ5/0510/05/26 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով։

Հոկտեմբերի 8-ին դիտորդը կրկին այցելել է թիվ 26 ԸԸՀ՝ պարզաբանումներ ստանալու չսահմանված վայրերում տեղադրված քարոզչանյութերի հեռացման վերաբերյալ։

Սակայն այցի ընթացքում հանձնաժողովի քարտուղարը սկսել է մեղադրել դիտորդին իր դեմ բողոք ներկայացնելու համար՝ մասնավորապես ասելով՝ «իմ վրա գրում ես»։

Դիտորդի փոխանցմամբ՝ դրան հաջորդել է բանավոր վիճաբանություն, որի ընթացքում հանձնաժողովի քարտուղարը պահանջել է իրեն հանձնել դիտորդի անձնական հեռախոսը, քաշքշել է նրան, փորձել փակել դուռը՝ խոչընդոտելով տարածքից հեռանալուն, ինչպես նաև սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում տեղի ունեցածը։

Ընտրական հանձնաժողովի անդամների կողմից դիտորդների գործունեության խոչընդոտումը, առավել ևս՝ նրանց նկատմամբ սպառնալիքները, ֆիզիկական ներգործությունը կամ իրենց իրավունքների պաշտպանության համար ճնշում գործադրելը, անընդունելի են։

Դիտորդներն իրավունք ունեն ազատորեն իրականացնելու օրենքով սահմանված իրենց լիազորությունները, արձանագրելու հնարավոր խախտումները և անհրաժեշտության դեպքում դիմելու իրավական պաշտպանության միջոցների՝ առանց իրենց նկատմամբ բացասական հետևանքների մտավախության։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անհապաղ արձագանքել միջադեպին, ուսումնասիրել դրա բոլոր հանգամանքները և գնահատական տալ հանձնաժողովի քարտուղարի գործողություններին։

Առաքելությունը նաև կարևորում է դիտորդի անվտանգության ապահովումը, նրա նկատմամբ հետագա հնարավոր ճնշումների կանխումը և հանձնաժողովում դիտորդական գործունեության անխոչընդոտ իրականացումը։

Ընդգծում ենք, որ ընտրական գործընթացների նկատմամբ անկախ դիտարկումը հնարավոր չէ, եթե դիտորդները ստիպված են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս մտավախություն ունենալ սեփական անվտանգության կամ իրենց նկատմամբ հնարավոր ճնշումների վերաբերյալ։

Ընտրական հանձնաժողովները պարտավոր են ոչ միայն չխոչընդոտել դիտորդների աշխատանքը, այլև իրենց գործունեությամբ նպաստել ընտրական գործընթացների թափանցիկությանը և հանրային վստահությանը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հետևողական է լինելու իր դիտորդների իրավունքների պաշտպանության հարցում։

 «Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031