Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։
Լուսինե Բադալյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ԵԽ-ի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է եղել։ Նա տեղեկացրել է, որ աշխատանքներն իրականացվել են 2023-2026 թվականների համատեղ գործողությունների ծրագրով, որի շրջանակում հստակ արդյունքներ են արձանագրվել։
Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ նախապատրաստվել և վավերացվել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան։ Լուսինե Բադալյանը բարձր է գնահատել Ազգային ժողովի մասնակցությունն ու նախաձեռնողականությունն այդ ծավալուն աշխատանքում։ Նա նշել է, որ որոշ օրենսդրական նորմեր համապատասխանեցվել են կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին, և օրենսդրորեն բարձրացվել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը։ Նախաձեռնվել է հանրային երկխոսություն առողջապահական հարցերի շուրջ, ինչպես նաև ընդունվել է «Առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը։ ԵԽ փորձագիտական աջակցությամբ և եվրոպական չափանիշներին համապատասխան մշակվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից բխող մի շարք օրենսդրական ակտեր։ Լուսինե Բադալյանը տեղեկացրել է, որ օրենքով ամրագրվել է բժշկական ոլորտի մասնագետների անհատական լիցենզավորման պահանջը, որը գործելու է 2027 թվականի հուլիսի 1-ից։ Ներդրվել է «Առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոններ» էլեկտրոնային դասընթացը։
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ համատեղ ջանքերով մեծածավալ աշխատանք է իրականացվել, և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու։
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով մանրամասն ներկայացման համար՝ Քրիստեան Շիմեկը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել առաջիկա գործողությունների ծրագրի և արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման վերաբերյալ։
ԱԺ



















































