Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատն ավարտվեց. 860 կգ հերոին տեսակի թմրանյութը ենթակա է ոչնչացման

Հունվար 21,2015 10:58

Հունվարի 20-ին Գորիսում ընթանում էր 860 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով դատական նիստը:

2014 թ . դեկտեմբերի 27-ի նիստում Վրաստանի քաղաքացի , ամբաստանյալ Ավթանդիլ Մատեաշվիլու պաշտպաններից Հրաչ Հակոբյանը հանդես էր եկել պաշտպանական ճառով, իսկ 2015 թ. հունվարի 20-ի նիստում հանդես եկավ մյուս պաշտպանը` Թեմուրազ Մայսուրաձեն: Նա նշեց, որ 66 տարեկան վարորդ Ավթանդիլը 20 տարի շարունակ միջազգային ուղերթեր է կատարել` առանց սահմանային միջադեպերի: Դատաքննության առարկա դարձած այս ուղերթում Ավթանդիլը ոչ մի մեղք չունի: Նա հանցագործ չէ, նրան ներկայացված մեղադրանքն անհիմն է, մեղադրանքը սուբյեկտիվ է: Նա չի իմացել, որ մեքենան թաքստոց ունի և այնտեղ թմրանյութ է տեղադրված, քանի որ թաքստոցը այնպես վարպետորեն է պատրաստված, որ այն գործարանայինից չի տարբերվում: Ավթանդիլը գաղափար անգամ չուներ այդ հանցավոր խմբի մասին:

Բացի դրանից, ըստ նրա՝ Ավթանդիլը չգիտեր 2-րդ բանալու գոյության մասին: Մեքենայի բանալին Ավթանդիլին հանձնելու ժամանակ Օսմանն ասել է, որ ուշադիր լինի, բանալին չկորցնի, նման դեպքում խնդիրներ կունենան: Եթե իմանար 2-րդ բանալու գոյության մասին, ըստ պաշտպանի՝ Ավթանդիլը մեքենայից դուրս չէր գա, կքներ հենց մեքենայում. «Այնինչ, դատախազն այստեղ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում, ասելով` Օսմանը, որպես տնօրեն, իրավունք ուներ 2-րդ բանալին ունենալու: Իմ կարծիքով, դատախազի այս դիրքորոշումը սխալ է»:

Վերջին խոսքի իրենց իրավունքից օգտվելու հնարավորություն տրվեց ամբաստանյալներին: Այնուհետև տրվեց կես ժամ ընդմիջում: Դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց վճիռը: Ըստ այդ վճռի, Ավթանդիլ Մատեաշվիլին դատապարտվեց 17 տարվա, իսկ Օսման Ուղուրլին` 19 տարվա ազատազրկման: Ամբաստանյալները կարող են 1 ամսվա ընթացքում դիմել վերաքննիչ դատարան: Իսկ 860 կգ հերոին տեսակի թմրանյութը ենթակա է ոչնչացման:

Նշենք, որ անցած տարվա հունվար ամսին, Մեղրու սահմանակետում բեռնատարը զննման ենթարկելուց, մաքսավորները նկատել էին օտար մարմին: Երևանում փորձաքննությունից պարզվել է, որ օտար մարմինը հերոին տեսակի թմրանյութ է: Այդ գործով ձերբակալվել էին Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլին և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլին: Նրանք ցանկացել էին Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստանով արտասահման տանել 860 կգ հերոին տեսակի թմրանյութ: Մեքենան պատկանում է Օսմանին, իսկ վարորդը Ավթանդիլն էր: Հայ մաքսավորների աչալուրջ աշխատանքի շնորհիվ՝ նրանց չհաջողվեց ձեռք բերած թմրանյութը հասցնել վերջնակետին:

 Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031