Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը

Փետրվար 18,2015 13:18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը  հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն “Շախմատը դպրոցում” կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում և այս հարցում ակնկալում են  հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը:

Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է որ Հայաստանի կրթության  և գիտության նախարարությունը պատրաստ է շախմատի դասավանդման  հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի և բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից,  մինչև մասնագետների վերապատրաստում: “Շախմատը մեզ համար ազգային հպարտություն է, ուստի պատահական չէ, որ շախմատի ներդրումը  հանրակրթական դպրոցներում հանրային մեծ աջակցություն է վայելում”,- իր խոսքում ընդգծել է  Ա. Աշոտյանը՝  նշելով, որ ի սկզբանե  հիմնական նպատակը եղել է երեխաների մոտ տրամաբանական մտածողության, ստեղծագործական և վերլուծական մտքի զարգացումը, լիդերության հատկանիշների ձևավորումը:  “Կատարված  գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այս նպատակներն արդարացվել են և շախմատի ուսուցումը նպաստում է նաև այլ առարկաների յուրացման աստիճանի բարձրացմանը”,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով ՝մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի “Շախմատ”  առարկայի հայկական  դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728