«Քաղաքական բանտարկյալների թվով Հայաստանն այս պահին հետխորհրդային տարածքում և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում առաջատարն է՝ մեկ շնչին ընկնող բնակչության թվով։ Սա ազգային ամոթ է»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը քննարկմանը միացել էր տեսակապի միջոցով։
Ըստ նրա՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պայքարը պետք է լինի հավաքական ընդդիմության պայքարը։
«Բայց հավաքական պայքարը, կարծում եմ, շատ հեռու է բավարար լինելուց։ Քաղբանտարկյալների քանակը և նրանց խայտաբղետ քաղաքական դիրքավորումները խանգարում են նաև ընդհանուր պայքարին, քանի որ ակնհայտ է «սվոյ», «չուժոյ», «մեր սրտի» և «մեր չսրտի» քաղբանտարկյալների բաժանումը։ Այստեղ ամեն մեկը քաղաքական ճամբարից շատ անգամ փորձում է, եթե առհասարակ փորձում է, բարձրաձայնել բացառապես իր քաղբանտարկյալների մասին՝ մոռանալով, որ բոլոր քաղբանտարկյալները, ընդդիմադիր դաշտն ու հասարակությունը նույն նավակում են, և այստեղ հատվածական պայքարի կամ փրկության ճանապարհներ չկան։ Սա խնդիր է, որն արդեն 2-2,5 տարի գոյություն ունի և խորանում է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Աշոտյանի խոսքով՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պայքարը կենտրոնացված չէ։
«Մինչ այսօր չկա և չի զգացվում ընդհանուր պայքարի ռազմավարություն»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































