Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ամեն մի դաժան, դժվար հարաբերություն սկսվում է լեզվի աղճակատումից». «Իրատես de facto»

Մարտ 27,2015 12:43
militonyan

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը

– Մեր հանրությունը հերթական անգամ փոթորկալի ժամանակներ է ապրում, անհասկանալի պարագաներում զոհվում են մեր զինվորական ուսումնական հաստատության սաները, ռուս զինծառայողը Գյումրիում մի ողջ ընտանիք է սպանում, Բերձորում հայը հայի հետ վարվում է թշնամաբար, քրեական բնույթի սպանությունների շղթա է ծայր առել ու չի վերջանում։ Ի՞նչ ունի ասելու, անելու այս պարագայում հայ գրողը։

– Մեր գրողներն իրենց խոսքն ասելու, ստեղծված իրավիճակին վերաբերող իրենց մտահոգություններն արտահայտելու բազմաթիվ հնարավորություններ ունեն։ Կան թերթեր, կայքեր, հեռուստատեսություն, ռադիո։ Յուրաքանչյուր գրողի խնդիրն է անդրադառնալ մեր կյանքում կատարվող որևէ իրադարձության։ Հասարակությունը պիտի իմանա, թե իր ազգի գրողն ինչպես է տեսնում մեր իրականությունը, ինչպես է վերլուծում, մեկնաբանում այն, ինչ ճանապարհներ է առաջարկում ստեղծված դժվարին կացությունից դուրս գալու համար։ Գրականությունը, գիրքը դեղատոմսեր բաժանելու վայր չէ, դեղատուն չէ։ Իրականությունը կգա, կմտնի գրականություն, բայց թե ինչ կերպ, ինչ հատվածով, ինչ բովանդակությամբ, արդեն գրողի անհատական մոտեցման խնդիրն է։ Իսկ հրապարակախոսությունն այն ոլորտն է, որում հանդես են գալիս բոլոր լուրջ գրողները, անհանգստանում են, իրենց ձայնը բարձրացնում։ Ժամանակները լարված են ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում։ Որովհետև ընդհանրապես բարեկրթության պակաս կա, ագրեսիան է ուժեղացել, հեռուստադաշտը և սոցիալական ցանցերը հակված են հարձակումների, մարդու հանդեպ հարգանքի, մարդուն հարազատ տեսնելու տարրերը վերացել են։ Աշխարհի բոլոր հեռուստաալիքները ահավոր աղետներ ու հանցագործություններ են ցուցադրում՝ սպանություն, բռնություն, պատերազմ, ավտովթար, բնական աղետ… Այս կարգի տեղեկությունները ինչ-որ չափով մարդկանց (նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր որոշակի հակվածություն ունեն նման երևույթների նկատմամբ) ենթագիտակցությունը պատրաստում են լարվածության, դաժանությունների։ Սրանից լարվում են հասարակական հարաբերությունները, տուժում է ընդհանուր դաշտը։ Գուցե նախկինում աբսուրդ թվար, բայց օրեր առաջ մասնագետներն ուսումնասիրել ու հավաստիացնում էին, որ Սիրիայի դեպքերը պայմանավորված են նաև այդ տարածքում գրանցված երաշտով։ Գյուղատնտեսությունը տուժել է երաշտից, մարդիկ եկել– լցվել են քաղաք, ծագել են սոցիալական խնդիրներ, և դրանց արդյունքում սկսվել են սիրիական ողբերգությունները։

– Ասել է՝ աշխարհաքաղաքական ամենամեծ ցնցումների հիմքում կարելի է փնտրել ու գտնել ամենաերկրորդական թվացող հիմքե՞րը, որոնց թվում կարող են լինել նաև բնակլիմայական պայմաննե՞րը։

– Այդպես է։ Ամեն ինչ ազդում է մարդկանց հոգեվիճակի վրա։ Եվ անձուկ վիճակը դրդում է ինչ-որ պայթյունի։ Այսպիսի իրականությունը, դրա վերաբերյալ ոչ առողջ լրատվությունը բերում են լարվածության ու պայթյունի։ Լա՜վ, տասը լուր մարդասպաններին տրամադրեցիք, մեկ-երկու լուր էլ ոչ մարդասպաններին տրամադրեք, աշխարհում հո բոլորը մարդասպան չե՞ն։ Մի քիչ էլ բարի բաներից խոսեք, դրական ինֆորմացիա հաղորդեք։ Մի քիչ էլ խրախուսեք մարդկանց հակվածությունը դեպի բարին, դեպի գեղեցկի արժեքները։ Դոստոևսկու միտքը (գեղեցկությունը կփրկի աշխարհը) ես նաև այս կերպ եմ վերաձևակերպում. «Գեղեցկի ընկալումը կփրկի աշխարհը»։ Գեղեցիկն ինքնին կա, բայց եթե դու այն չես ընկալում, ի՞նչը քեզ պիտի փրկի։ Մենք հիմա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում եկել-կանգնել ենք մի վտանգավոր հանգրվանի առջև, գիրք չկարդալը, մշակույթով չզբաղվելը, բարոյական խնդիրներն արհամարհելը պայթյուններ են առաջացնում։ Կրոնական, սեռական, սոցիալական, ռազմական և այլ բնույթի պայթյուններ։ Եթե մարդու ենթագիտակցությունը խակ է այնքան, որ նա պատրաստ է սպանությամբ, բռնությամբ իր հարցերը լուծելու, մեր այսօրվա դաշտը թույլ է տալիս դա անել։ Սա է ամբողջ դժբախտությունը։ Երբ մի քանի մարդու ձեռքին մեծ ֆինանս է կուտակվում, նրանք աստիճանաբար ուռճանում են, իսկ մյուսները, բնականաբար, խեղճանում են, տուժում։ Ու եթե հեռուստատեսային ալիքները, սոցիալական ցանցերը այդ խեղճերի դատը չեն պաշտպանում, եթե հասարակությունը մղվում է ոչ առողջ, ոչ մտավոր զարգացման հուն, ապա ցանկացած բացասական բան սպասելի է։ Ցանկացա՛ծ։ Սա է մեր ցավը։ Եվ ոչ թե սոսկ ծանուցվում է բացասական ինչ-որ երևույթի մասին, այլև դա արվում է հայերենի բռնաբարված, աղճատված ձևի մեջ։ Ամեն մի դաժան, դժվար հարաբերություն սկսվում է լեզվի աղճատումից։ Բանակում, հասարակական տրանսպորտում, փողոցում, մարդկային այլ շփումներում բոլոր վեճերը, բռնությունները, սպանությունները լեզվի աղճատվածությունից են սկսվում։ Տեսեք, թե ինչ բառապաշարով են մարդիկ շփվում, ինչ արտահայտություններ են կիրառում։ Սա էլ դառնում է չարիքի արմատ։ Լեզվի այս աղավաղումները վտանգավոր արշավանք են մարդու գիտակցության վրա։ Ցածրաճաշակ ռիթմեր, ցածրաճաշակ հարաբերություններ, ցածրաճաշակ գրական արտադրանք, ցածրաճաշակ առօրեական երևույթներ։ Սրանք, բնականաբար, պիտի ունենան իրենց հետևանքները։ Կրկնեմ՝ ոչ միայն Հայաստանում։ Դրա համար էլ ասում ենք, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն պիտի պատրաստի մշակույթով, գրականությամբ, պիտի հակված լինի դեպի բարին, դեպի գեղեցիկը։ Եվ այդ դեպքում շատ բան կհարթվի։ Իմ այս խոսքը կուզեք համարեք քարոզ, կուզեք համարեք անձնական կարծիք։ Բայց սա վերլուծություն է։

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Պարոն Միլիտոնյա՛ն, Ձեր գրած բանաստեղծություններից կարդացել եմ ինտերնետում տեղադրվածները: Մտքերի շարադրանք են, ուրիշ ոչինչ: Փողոցով անցնող ցանկացած մարդը կարող է նմա բաներ գրել, հեչ չի երևում, որ ԳՄ նախագահի խոսք է: Գուցե վերջ տաք ուրիշներին թութակի նման կրկնելուց ու նմանակվելուց: Ծիծաղելի եք, երդվում եմ բոլոր սրբերով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031